Սահմանամերձ գյուղերի բնակիչները վառելափայտ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի եւԻջեւանի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի բնակիչները  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բողոքել են, որ աշնան երկրորդ ամիսն է վերջանում, սակայն իրենք ձմռան վառելափայտի խնդիրը դեռ չեն լուծել: Նախորդ տարիներին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին անվճար, ինքնապատրաստմամբ փայտի 8 խորանարդ մետր թափուկ է տրամադրվել, սակայն այս տարի այդ թափուկը հեռու սարերում, թեք անտառներում է տրվել, որը հանելու համար հատուկ տեխնիկա եւ մեծ քանակի վառելանյութ է հարկավոր, մարդիկ ի զորու չեն հավաքել այդ թափուկները:Իսկ մարզի անտառտնտեսությունների կողմից վաճառվող վառելափայտը թանկ է, գյուղացիներն իրենց առանձնատները ջեռուցելու համար մեծ գումար չեն կարող վճարել:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքներից այս տարի հատումների համար աճուրդով տրվել է 6 հատատեղ, 3 հատատեղ էլ անտառտնտեսությունն է շահագործում: Այս տարի այդ անտառտնտեսությունում հատումների պլանը կազմում է 4500 խորանարդ մետր, որից 306 խմ-ն` շինափայտ: Սեւքարի անտառտնտեսության պահեստում մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 21 հազար 600 դրամ է:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառտնտեսության տարածքում ընդհանուր առմամբ 14 հատատեղ կա: Դրանցից 7-ը գործարարները ձեռք են բերել աճուրդով, ուր անտառկառավարման պլանի համաձայն` հատման ենթակա, կնքված ծառերի հատում են կատարում: Մնացած 7 հատատեղը սպասարկում է Նոյեմբերյանի անտառտնտեսությունը: Անտառտնտեսության Կողբ գյուղում գտնվող պահեստում պատրաստի վառելափայտի խորանարդ մետրի գինը 20 հազար 80 դրամ է: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար մեկ խորանարդ մետրի գինը սահմանված գնից կիսով չափ զեղչով է որոշվել` 7200 դրամ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար թափուկ վառելափայտը թեեւ հեռու տարածքներում է հատկացվել, սակայն սահմանամերձ գյուղերի բնակիչները կարողանում են օգտվել դրանից: Գ. Խասիկյանը որպես դրական օրինակ բերեց սահմանամերձ Կոթին, որտեղ բարձր անցողունակություն ունեցող մի բեռնատարով կոթեցիների մի խումբ կարողանում է Նոյեմբերյանի սարի անտառում տապալված ծառերի փայտը հանել, գյուղ ներկրել:

Սահմանամերձ Բարեկամավանի բնակիչներին, որպես բացառություն, ձմռան վառելափայտը ինքնապատրաստմամբ անվճար է հատկացվել: 2018թ. օգոստոսի 11-ին Հաղարծին գյուղում Նիկոլ Փաշինյանը իր հայրենակիցներին հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին կոչ անելով անջատել «դրուժբաները եւ միացնել միտքը: Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիպման ժամանակ բնակիչը Ն. Փաշինյանին հարց տվեց ձմռան վառելափայտ հայթայթելու դժվարությունների մասին, վարչապետն ասաց, որ հարկ է վառելափայտի փոխարեն ծղոտից եւ չորացած խոտից բրիկետներ օգտագործել, որոնք ավելի շատ ջերմություն են ապահովում: Տավուշի մարզում դեռեւս նման բրիկետներ չեն պատրաստվում, չեն վաճառվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս