Ժիրայր Սէֆիլյանի գործով դատավորը նոր գործ կքննի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:

Ըստ ռեկտորի հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը, եւ պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով: Ուսանողների կանխիկ մուծած վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են համապատասխան կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Այս գործը դեռեւս 2016թ. ուղարկվել էր դատարան, եւ արդեն 2 տարի է` քննություն էր ընթանում: Բայց հիմա գործի դատաքննությունը կանգ է առել դատավորի փոփոխության պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննում էր դատավոր Արշակ Վարդանյանը, իսկ նա օրերս նշանակվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, եւ գործը տեղափոխվել է այլ դատարան: Հիմա այս գործը պետք է քննի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որի անունը հայտնի է Ժիրայր Սէֆիլյանի դատաքննությունից. նա Սեֆիլյանի գործով դատավորն էր:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս