ԱՄՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՐԱՄՓԻ ԵՐԱԶԱԾԸ ՉԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցան բուռն ներքաղաքական իրադարձություններ` նախ պայմանավորված Կոնգրեսի մասնակի ընտրություններով: Արձանագրված արդյունքն իրականում կանխատեսվում էր սոցիոլոգների ու վերլուծաբանների կողմից եւ անակնկալներ, կարելի է ասել, չեղան: Դրանով հանդերձ՝ հանրապետականները լուրջ կորուստ ունեցան` զրկվելով մեծամասնությունից Ներկայացուցիչների պալատում, ինչը անխուսափելիորեն գլխացավանք է դառնալու նախագահ Դոնալդ Թրամփի համար:

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում խաղարկվում էր ԱՄՆ հանրապետական կուսակցության մեծամասնությունը: Պատմության մեջ ոչ հաճախակի պատահող իրավիճակ էր, քանի որ ավելի քան մեկ տարի թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, թե՛ Սպիտակ տունը «գրավված» էին հանրապետականների կողմից: Ենթադրվում էր, որ եթե հանրապետականները կրկին մեծամասնություն ստանային Կոնգրեսում, նախագահ Դոնալդ Թրամփի 2020թ. վերընտրությունը երաշխավորված էր լինելու: Միաժամանակ, նախագահի համար ռիկսային էր եւ այն տարբերակը, որ թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը անցնեին դեմոկրատների տիրապետության տակ, ինչը պարզապես կկասեցներ Թրամփի ցանկացած քաղաքական նախաձեռնություն: Թրամփը կարող էր հայտնվել Օբամայի վիճակում, երբ վերջինս իր նախագահության մեծ մասն անցկացրեց հանրապետականացված Կոնգրեսի վերահսկողությամբ` անընդհատ բախվելով մեծամասնության հարուցած խոչընդոտներին: Կոնգրեսի երկու պալատներում ունեցած մեծամասնությամբ հանրապետականները գրեթե ամեն ինչում հակադրվում էին Օբամային` թույլ չտալով նրան իրացնել իր սահմանադրական լիազորությունները ողջ ծավալով: Այժմ Թրամփը կարող էր ոչ միայն նույնպիսի դրության մեջ հայտնվել, այլեւ բախվել պաշտոնանկության իրական սպառնալիքին: Սակայն հանրապետականներին հաջողվեց պահպանել առնվազն Սենատը եւ անգամ ընդլայնել ունեցած մեծամասնությունը:
Նոյեմբերի 6-ին կայացած քվեարկության ժամանակ մրցությունն ընթանում էր Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի համար: Ըստ առայժմ հրապարակված արդյունքների` Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստացել են 225 տեղ, իսկ հանրապետականները` 197: Իսկ ահա Սենատում հանրապետականները, առայժմ ամփոփված տվյալներով, ձեռք են բերել 51 տեղ, դեմոկրատները` 46: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմոկրատները վերընտրության խնդիր ունեին սենատական 23 տեղի համար, իսկ հանրապետականները` 8` պնդելի է, որ դեմոկրատների արձանագրած արդյունքն ավելի տպավորիչ է: Առավել ուշագրավ է Ներկայացուցիչների պալատի անցումը դեմոկրատների տիրապետության տակ, քանի որ դրանով ավարտվեց մեկ կուսակցության մենիշխանությունը Վաշինգտոնում: Ի դեպ, նոյեմբերի 6-ին նահանգապետի պաշտոնի համար ընտրություններ էին կայացել նաեւ ԱՄՆ մի շարք նահանգներում: Այստեղ նույնպես դեմոկրատները տպավորիչ ցուցանիշներ են գրանցել` հանրապետականներից խլելով 7 նահանգապետություններ:
Այսուհետ Թրամփը ստիպված կլինի հաշվի նստել քաղաքական հակառակորդների հետ ու ոչ միայն լսել նրանց կարծիքը, այլեւ իր քաղաքականությունը համաձայնեցնել նրանց հետ: Անշուշտ, նախագահի սահմանադրական գործառույթների նկատմամբ առավել մեծ վերահսկողություն ունի Սենատը, որտեղ Թրամփը դժվար թե խնդիր ունենա, սակայն Ներկայացուցիչների պալատն էլ խոշոր դերակատար է պետական ընդհանուր քաղաքականության հարցում: Եվ պատահական չէ, որ նախագահ Թրամփն անմիջականորեն ներքաշված էր նախընտրական քարոզարշավում: Նա դեռեւս մայիսին էր հայտարարել, որ հանրապետականների առաջնահերթությունը պիտի լիներ Սենատում մեծամասնություն ստանալը: Շատերն էին քննադատում նախագահին պաշտոնեական կարգավիճակը ընտրություններում օգտագործելու եւ ամերիկյան հարկատուների միջոցներով նախընտրական քարոզարշավներին «պաշտոնական այցի» օրակարգով ներգրավվելու համար: Սակայն այդ քննադատությունները Թրամփին պարզապես չէին հետաքրքրում, որի հիմնական խնդիրը Կոնգրեսն ամբողջությամբ չկորցնելն էր: Այս տեսանկյունից նրա կորուստները ճակատագրական չեն եւ նույնիսկ իրական հույսեր են առաջադրում 2020թ. նախագահական ընտրապայքարի համար: Թրամփի մերձավոր շրջանակներն ու լրատվամիջոցները հենց այդ տրամաբանությամբ էլ արդեն սկսել են իրենց քարոզչությունը` փորձելով համոզել, որ ամեն ինչ ընթանում է իրենց ծրագրածով:
Բայց եւ այնպես, նախագահը պետք է առավել ուշադիր լինի ամերիկյան ընտրողների տրամադրությունների փոփոխության հանդեպ, քանի որ դեմոկրատները ոչ միայն վերցրել են Ներկայացուցիչների պալատը, այլեւ մի շարք նահանգապետություններ: Այս վերջին հանգամանքն էականորեն փոխում է հանրապետականների դրությունը` լուրջ սպառնալիք դառնալով 2020թ. նախագահական ընտրությանն ընդառաջ: Թրամփը եթե կարողանա իր կուսակիցներին համոզել կրկին վստահել իրեն որպես միասնական թեկնածու, խնդիր է ունենալու առաջին հերթին այն ընտրողների հետ, որոնք անկախ են եւ վճռական պահին հարելու են կուսակցություններից մեկին: Միջանկյալ ընտրությունները, այսպիսով, առաջին լուրջ ազդակն էին, որ Թրամփի օրակարգն ամենուր չէ, որ հանդիպում է մարդկանց դրական վերաբերմունքին: Եվ եթե եւս երկու տարի նույն քաղաքականությունը շարունակվի` նկատի ունենալով առաջին հերթին քաղաքական այլատյացությունն ու անհանդուրժողականությունը, կարելի է ենթադրել, որ Թրամփը ստիպված է լինելու սահմանափակվել նախագահական մեկ ժամկետով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏՈՄՍԵՐ` ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
Պետության կողմից աջակցություն ունեցող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված այսուհետ Մշակույթի նախարարությունը կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը թոշակառուներին տրամադրելու համար, երեկ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: «Թվաքանակը դեռ ֆիքսված չէ, որովհետեւ սկսվում է դահլիճի նստատեղերի 2,5 տոկոսից մինչեւ 10-20 տոկոսը: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ծրագրին ամբողջ Հայաստանում կկարողանա մասնակցել թվով ավելի քան 4000 թոշակառու: Այսինքն` տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2000 թոշակառու կարող է այցելել թատրոն կամ համերգասրահ»,-պարզաբանել է Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով` ծրագրի իրականացման համար հավելյալ ռեսուրսներ չեն պահանջվելու պետական բյուջեից: «Շատ դեպքերում համերգասրահներում ազատ տեղեր են լինում, իսկապես ափսոս է, որ միջոցներ են ծախսվում, բայց արդյունավետությունը 100 տոկոսով չի ապահովվում»,-ասել է նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով իրենց կհաջողվի փոփոխություն բերել թոշակառուների կյանքում: «Մենք մեր հնարավորությունների սահմաններում պատրաստվում ենք իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել մեր երկրում»,-նշել է նա: Թանդիլյանը հայտնել է, որ հետագայում նախատեսում են ծրագրում ներառել նաեւ նպաստառու երեխաների ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդների` նկատելով, որ սա կարող է պետության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծել: «Հայաստանը չպիտի լինի արտոնյալների պետություն»,-հավելեց նա:

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՀԱՏԱԿ Է ԱՆՑԵԼ

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին ազատվել է իր պաշտոնից: Ճակատագրի հեգնանքով նա պաշտոնանկ էր արվել իր ծննդյան օրը: Ի դեպ, հունիսի 1-ը նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Եւ ահա, պաշտոնանկությունից հետո մարզպետը մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողոթյուն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել:

Իմիջիայլոց, հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանի` Կողբ գյուղում գտնվող տնից 2016թ. հունվարի լույս 14-ի գիշերը գողություն էր կատարվել: Դահուկորդի գլխարկով գող երիտասարդի նկարը արվել է մարզպետի տանը տեղակայված տեսախցիկներից մեկի միջոցով: Տավուշի մարզպետի տունը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ` Հ. Աբովյանին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանի կողքին:
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը, որ փաստացի հանդիսանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սեփականությունը, եթեր չի հեռարձակվում: Մարզային այդ հեռուստաընկերությունը տեղական նորություններ, մարզի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հաղորդումներ չի պատրաստում եւ հեռարձակում, փոխարենը վերահեռարձակում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ մարզի Ակնաբյուր համայնքում «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացված լիզենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետբյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները` 3500-10500-ական դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը առանց տրանսպորտային միջոցների տեխզննում իրականացնելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ: Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված չարաշահումները կատարվել են 2015-2018թթ.: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով(«Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(«Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն փաստացի պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այդ ընկերության մեծատառ սկզբնատառերը նշանակում են` Հովիկ Աբովյան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս