ԱՆՀՆԱՐ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԹԵՐԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ զրուցել է ժողովրդական երգիչ Գոհար Հովհաննիսյանի հետ:

-Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդներն են իշխում, հետեւաբար ժամանակակից տեխնիկայի` այֆոնների ու այփադների կիառումն ավելի մեծ է: Արդյոք ժողովրդական ազգային երգը պահանջարկ ունի՞, ինչպես նախկինում էր:
-Շատ լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ պետք է ավելի շատ պրոպագանդեն ժողովրդական երգը, որովհետեւ միայն երգչի ներկայացնելով հնարավոր չէ տարածել այն: Պետք է բոլորը, այդ թվում հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները մեծ ջանքեր ունենան, որպեսզի երբեք դա չմոռացվի: Ժողովրդական երգարվեստը դարերից է եկել, եւ դրանք պահպանողները երիտասարդ սերունդ են, այսինքն ոչ միայն կատարողները, այլ լսարանը նույնպես պետք է երիտասարդները պահպանեն: Ես օրինակ բերեմ մեր անցկացրած համերգներից. վստահ կարող եմ ասել, որ (թող գովազդ չհնչի) երբ քո աշխատանքը, քո գործը լինում է համոզիչ, ապա գոհ է լինում նաեւ քո լսարանը: Ընկերներիս անունից էլ կարող եմ ասել, որ մենք գոհ ենք մեր լսարանից: Այսինքն` մեր երգը պահանջարկ ունի, պարզապես մի քիչ աղբը շատ է տարածված: Օրինակ` ոչ ժողովրդական երգ է գրվում, սակայն շահարկվում են մեր ազգային գործիքները` դհոլ, զուռնա, եւ հանդիսատեսը երբեմն շփոթմունքի մեջ է ընկնում` մտածելով, որ դա ժողովրդական երգ է: Ոչ, ժողովրդական երգը դարերից է եկել, դա մեր պատմությունն է, եւ յուրաքանչյուր երգիչ նման երգեր կատարելիս պետք է մեծ պատասխանատվություն կրի: Իհարկե, պետք է նորովի մատուցել, նոր շունչ հաղորդել` պահպանելով մեր հինը:
-Հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություն եք զգացել Ձեր, ապա Ձեր ոլորտի` երգարվեստի վրա: Ի՞նչ դրական կամ բացասական փոփոխություն է եղել Ձեր կյանքում:
-Էական ոչ մի փոփոխություն չի եղել: Կոնկրետ ես փոփոխություն չեմ տեսել, որ լավ կամ վատ առումով ազդած լինի երգարվեստի վրա: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ մի օր կլինի իսկապես հավասարություն: Այսինքն` յուրաքանչյուր մարդ կկարողանա իր իրավունքը պաշտպանել:
-Ձեր կարծիքով չկա՞ հավասարություն:
-Ամեն դեպքում, մեր երգարվեստում հեղափոխությունից հետո կտրուկ փոփոխություն չկա. մենք էլի երգում ենք, ինչպես նախկինում ենք երգել, մասնակցում ենք կորպորատիվ միջոցառումների: Միայն ցանկալի կլինի` ավելի շատ պետական համերգներ կազմակեպվեն թե՛ մարզերում, թե՛ Երեւանում:
-Գոհա՛ր, նախկինում երգարվեստի ներկայացուցիչները նեղսրտում էին, որ իրենց հեռուստաեթերներ չեն հրավիրում, իրենց անտեսում են: Հիմա նույնպե՞ս կա նման խնդիր:
-Ես ինքս սիրում եմ` երբ եթերի են հրավիրում, ապա դա թեմատիկորեն կապ ունենա երգչի հետ: Ես շոուների սիրահար չեմ, որ մասնակցեմ ուղղակի եթերների: Կարծում եմ` եթերին մասնակցելու համար երգիչը նույնպես պետք է իր ասելիքն ու խոսքն ունենա:
-Հայաստանում ինչքան շատանում են լրատվամիջոցերը, որոնք լրատվության հետ կապ չունեն, այդպես էլ շատանում են երգիչ-երգչուհիները, որոնք երգավեստի հետ կապ չունեն: Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է դաշտը մաքրել:
-Տա Աստված, որ մի օր իսկապես այս խնդրին լուծում տրվի: Իհարկե, լավ է, երբ մարդ երգում է, նա կարող է իրենց տան որեւէ խնջույքին երգել: Ես դեմ եմ, երբ, հատկապես վերջերս, ժողովրդական երգը ծառայեցնում են` փորձելով ճանաչում ունենալ: Լավ կլինի, որ իսկապես Հայաստանն այնքան վերելք ունենա, որ ամեն ոք իր գործով զբաղվի, այլ ոչ թե երգելով գումար վատակեն ու հանկարծ որոշեն, որ երգիչ են: Յուրաքանչյուր արվեստագետ, երբ ինքն իր առջեւ պատասխանատվություն ունենա, կարծում եմ` այդ հարցը կլուծվի: Ես 5-6 տարեկանից առանց գիտակցելու սկսել եմ երգել, այլ ոճում ինձ չեմ պատկերացրել:
Իմ կարծիքով` յուրաքանչյուր երգիչ ինքը պետք է ծառայի երգին, ոչ թե երգը ծառայեցնի իրեն: Երգիչը պետք է հենց իր քննադատը լինի: Ես չեմ ընդունում, որ երբեմն երգիչներն ասում են` այս կամ այն քննադատությունը ինձ հետաքրքիր չէ: Ոչ, այդպես չէ, եթե քո գործը հանրությանն ես ներկայացնում, ապա նույն հանրության կարծիքը կարող է քեզ ցավեցնել, վշտացնել, ոգեւորել: Անհնար է հանրության կարծիքը թերթել:
-Տարին գրեթե ավարտվում է. գո՞հ եք անցնող տարուց: Ի՞նչ կիսատ գործեր եք թողել:
-Քանի որ ունեմ երկու բալիկ, ինձ համար մի քիչ ավելի դժվար է հասցնել ամեն ինչ` ձայնագրություններ, տեսահոլովակներ: Ժամանակի առումով չեմ հասցնում: Սակայն ունենք նախագիծ, թերեւս առաջին անգամ խոսեմ այս մասին. հիմա աշխատաքներ են տարվում իմ երրորդ ձայնասկավառակի վրա, որը կոչվում է «Գաթա Բենդ» եւ Գոհար Հովհաննիսյան: Վերցրել ենք հին երգերը եւ նորովի, նոր գործիքավորմամբ, նոր շնչով ներկայացնում ենք հանդիսատեսին: Նշեմ, որ կլինի նաեւ դուետ շատ սիրելի Անդրանիկ Սարկավագի հետ:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ մեկնելու համար իրեն ավտոբուսի գումար տրամադրեն, իսկ վերջինիս մերժել են՝ պատճառաբանելով. «Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել», պատասխանել է, որ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թովմաս Պողոսյանն ասել էր. «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է»:

 

 

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում: 35-ամյա ֆուտբոլիստը կշարունակի խաղալ «Լինչեպինգ»-ի կազմում եւ միաժամանակ մարզչական աշխատանք կկատարի շվեդական ակումբի մինչեւ 17 տարեկանների թիմում, որը նա գլխավորել է: Օրեր առաջ հայ կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել Շվեդիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրի խաղում: Հիշեցնենք, որ Լեւոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012-ը` 37 խաղում խփելով 2 գոլ: Նա 2013 թվականից է խաղում Շվեդիայում:

 

 

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՊԱՔԻՆՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթել լոնդոնյան ակումբում իր խաղընկեր Դենի Ուելբեքին: 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կոճի լուրջ վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Սպորտինգ»-ի հետ խաղում եւ դաշտից դուրս բերվել պատգարակի ու թթվածնային դիմակի օգնությամբ. «Շուտ առողջացի՛ր, ընկերս: Շարունակի՛ր պայքարել»,- գրել է Մխիթարյանը:

 

 

ԻՐԱԿԱՆ ՉԱՓԸ
«Մանչեսթեր Սիթի»-ն թաքցրել է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի աշխատավարձի իրական չափը, որը 2009-ից 2013թթ. գլխավորել է անգլիական ակումբը. նա տարեկան 3,2 մլն ֆունտ է վաստակել: Պայմանագրի պայմաններով` աշխատավարձը կազմել է 1.14 մլն ֆունտ: Մնացած 1,75 մլն ֆունտը Մանչինին ստացել է ԱՄԷ-ի «Ալ-Ջազիրա» ակումբի կողմից, որը պատկանում է «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր, շեյխ Սայդ Բին-Զեյդին: Նշվում է, որ այդ գումարներն իտալացի մասնագետին վճարվել են իբրեւ թե մասնագիտական խորհուրդների համար:




Լրահոս