Մեկ անգամ մանդատից հրաժարված Արտյոմ Ծառուկյանը կրկին պատգամավոր դառնալու փորձեր է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Ծառուկյանն անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց իր մանդատից: Չնայած ռեյտինգային ընտրակարգով նա ստացել էր ավելի քան 5100 ձայն: Այն ժամանակ նա պատճառաբանել էր, թե մանդատից հրաժարվել է այն պարզ պատճառով, որ այն քաղաքական թիմը, որի հետ 11 տարի ճանապարհ է գնում, ցանկացել է իր ներուժը օգտագործել այլ ոլորտում:

Հիմա Ծառուկյանը կրկին ժողովրդի քվեն է խնդրում, ինչը մի տեսակ անլուրջ է թվում, քանի որ պատգամավորի թեկնածուն մեկ անգամ արդեն հրաժարվել է մանդատից: Ու բնականաբար հարց է առաջանում` արդյո՞ք նա այս անգամ էլ նույնկերպ կվարվի: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս փորձեց պարզել` ինքը մտավախություն չունի՞, որ այս անգամ ընտրողը իրեն ձայն չի տա, որովհետեւ անցած անգամ հրաժարվել է մանդատից:

«Նման մտվախություն ընդհանրապես չունեմ: Անցած անգամ բացատրել եմ, թե ինչու եմ այդպես վարվել: Բարոյկան չէր լինի, որ ես մանդատի պատճառով թողնեի կուսակցությունը»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Հարցին` հնարավո՞ր է` այս անգամ էլ հրաժարվի մանդատից, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց, որ նման բան չի լինի: «Բացառվում է»,- շեշտեց նա:

Լուսինե Մինասյան




Լրահոս