Վճարել 14.5 միլիոն դրամ. ինչ որոշում կայացրեց դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում գործող պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանն այն վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, այն դատարանի վարույթ է ընդունվել: Որպես հայցի ապահովման միջոց` հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, նոյեմբերի 1-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը դատարանը վերացրել է:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դեկտեմբերի 12-ին վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել` կողմերի միջեւ 2018թ. հոկտեմբերի 1-ին կնքված հաշտության համաձայնության հիմքով: Այդ համաձայնագրով` Դիլիջանի հանքային ջրերի գործարանը ընդունել է, որ 2017թ. դեկտեմբերի 27-ի մատակարարման պայմանագրով հանքային ջրերի գործարանը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ին ունի 12 միլիոն 828 հազար 942 հազար դրամի չափով պարտավորություն: Հաշտության համաձայնագրով` կողմերն ընդունել են, որ հաշտության համաձայնագրի կնքման պահին հանքային ջրերի գործարանի ընդհանուր պաըտավորությունը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի հանդեպ կազմում է 14 միլիոն 519 հազար 545 դրամ` որպես մատակարարման պայմանագրով առաջացած պարտավորության գումար եւ որպես «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի դատական ծախսերի գումար: Հանքային ջրերի գործարանը պարտավորվել է մինչեւ հոկտեմբերի 10-ը վճարել այդ գումարը: Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրանքը լավ իրացվում է Հայաստանում եւ արտերկրում, գործարանն ինչպե՞ս է հայտնվել ժամկետանց պարտքի տակ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս