Չեմ հիասթափվել ոչ Փաշինյանինց, ոչ էլ կառավարությունից, ավելին՝ օր օրի ավելի եմ հավատում նրան. Արմինե Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես սկզբունքային մարդ եմ, եւ ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ հիմա վստահում եմ Նիկոլ Փաշինյանին, նաեւ կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին: Չեմ հիասթափվել ո՛չ Փաշինյանից, ո՛չ էլ կառավարությունից, ավելին՝ օր օրի ավելի եմ հավատում նրան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից հետո ապրել է հիասթափության շրջան:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում վերջին շրջանում մարզպետների աղմկահարույց պարգեւատրումներին. «Ամենակարեւորն այն է, որ ամեն բան եղել է օրենքի շրջանակում: Փաշինյանն ինքը շեշտեց դա: Կարծում եմ՝ այսօր հատկապես օնլայն տիրույթում չկա ֆեյքերի եւ սադրիչների պակաս, որոնք փորձում են ամեն կերպ սեւացնել հեղափոխությունն ու տեղի-անտեղի ցեխ շպրտել ներկայիս կառավարության վրա: Նրանց տարբերում են անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդիկ»,- պատասխանեց երգչուհին:

Դիտարկմանը, թե անընդմեջ քննադատվում է Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը, Արմինե Գրիգորյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ է ասել, որ միանգամից վարպետներ են գալու: Բնական է, որ երիտասարդները պետք է որոշակի պրակտիկա անցնեն, փորձ ձեռք բերեն, այդ ճանապարհին պետք է սխալվեն: Հուսով եմ՝ նրանք չեն կրկնի նախորդ իշխանության սխալներն ու գռփել չեն սովորի: Ի դեպ, ինչ վերաբերում է կադրերին, ուզում եմ առանձնացնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն արդեն այս մի քանի ամսվա ընթացքում հանդես է եկել մի շարք գովելի նախաձեռնություններով: Օրինակ՝ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը պետության կողմից փոխհատուցելու վերաբերյալ որոշումը, կարծում եմ, արժանի է գովեստի: Ինչու՞ լավին չասենք լավ»:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք Արմինե Գրիգորյանի ստեղծագործական կյանքի մասին: Երգչուհին տեղեկացրեց, որ այդ առումով բան չի փոխվել, ինքը եւ իր ընտանիքը շարունակում են վարձակալել բեմ, որտեղ էլ երգչուհին հանդես է գալիս կորպորատիվների շրջանակում: Ինչ վերաբերում է շոու-բիզնեսում առկա մի շարք խնդիրների լուծմանը, երգչուհին նկատեց. «Հասկանալի է, որ կառավարությունը հիմա ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու: Բայց հուսով եմ, որ մի օր հերթը մեզ էլ կհասնի»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս