Յուրաքանչյուր շիրակցու, գյումրեցու համար մարզը ղեկավարելը մեծ պատիվ է․Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ասել, որ ուրախ է հերթական անգամ լինել հանրապետության կարևորագույն հանգույցներից մեկում՝ Շիրակի մարզում։ «Մարզի մարդկային ռեսուրսների և աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքում այն հնարավոր լինի առաջիկայում վերածել երկրի առանցքային տնտեսական կենտրոններից մեկը»,-համոզմունք է հայտնելնախարարը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։ Ներկայացնելով նորանշանակ մարզպետին, նախարարը բարձր է գնահատել վերջինիս նախկինում ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը և վստահեցրել, որ լավ շիրակցու, լավ գյումրեցու իր նվիրումով Տիգրան Պետրոսյանին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը։ Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Տիգրան Պետրոսյանին մարզպետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքին անցնելու կապակցությամբ՝ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր շիրակցու, գյումրեցու համար մարզը ղեկավարելը մեծ պատիվ է:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար և հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։
Իր հերթին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին ցուցաբերած վստահության համար և ընդգծել,որ իր համար առաքելություն է մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։




Լրահոս