«Կարեն Դուրգարյանի ավանդը հայ կատարողական արվեստում անուրանալի է թե՛ օպերային, թե՛սիմֆոնիկ ժանրերում: Այսօր մաեստրոն ստիպված է շենացնելու այլ երկրների մշակութային կյանքը, սակայն ուր էլ որ լինի, մեզ հետ է հայ կոմպոզիտորների երաժշտությունը` նրա անկրկնելի ներկայացմամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց երաժիշտ, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը:
Այս տարին դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի համար հոբելյանական է. այսօր` մարտի 14-ին, լրանում է նրա 50-ամյակը: Այդ առթիվ դիրիժորին իրենցսրտիխոսքն են հղել երաժշտական աշխարհի հայտնի ներկայացուցիչներ: Նրանք խոսել են պարոն Դուրգարյանի տաղանդի եւ մարդ տեսակի մասին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով` մեզ համար պատիվ է ունենալ մասնագետ, որը հանդես է գալիս միջազգային հարթակներում, ղեկավարում է դրսի նվագախմբեր, աշխատում է աշխարհի հեղինակավոր թատրոններում:
«Շատ կարեւոր է, թե դիրիժորը որտեղ է ելույթունենում, որ հասարակությունների շրջանում է պահանջարկ վայելում: Կարեն Դուրգարյանի դեպքում այդ շրջանակը բավական լայն է: Թեեւ հաճախակի չիլինում Հայաստանում, բայց նրա հետ բազմիցս առիթ եմ ունեցելշփվելու, եւ կարող եմ ասել, որորպես ավագ կոլեգա դրական տպավորություն է թողել: Երբ լինում է Հայաստանում, հաճույքով ենքշփվում»,-ասաց պարոն Սմբատյանը:
Դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պարոն Դուրգարյանի հետ առնչվել է նրա գործունեության սկզբում` 1990-ականներին, եւ երկու տարի առաջ. «Երբ նշվում էր «Հովեր» երգչախմբի 25-ամյակը, եւ պետք է կատարվեր Լիգետիի գործերից մեկը, կարճ ժամանակում պետք էր այդ բարդագույն պարտիտուրան «խելքի բերել»:
Եվ չնայած Կարեն Դուրգարյանը Երեւանում չէր, ես դիմեցի նրան, ուղարկեցի ստեղծագործությունը, եւ նա մեծ խանդավառությամբ ընդունեց համագործակցության առաջարկը: Ես տեսա նրա պատրաստակամությունը, կարող լինելը, ժամանակակից երաժշտությանն անմիջապես արձագանքելու հատկությունը: Սա ինձ համար շատ գնահատելի է, միայն մեծ հարգանքով եւ սիրով կարող եմ խոսել Կարեն Դուրգարյանի մասին»,-մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ հոբելյարի հետ: Թեեւ նա արտերկրում էր, բայց համաձայնեց իրեն բնորոշ լակոնիզմով պատասխանել մեր հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
-Պարո՛ն Դուրգարյան, ո՞րն եք համարում այս տարիների ստեղծագործական գործունեության Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Կարող եմ ասել, որ դա համագործակցությունն է աշխարհի լավագույն երաժիշտների եւ արտիստների հետ:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Ափսոսում եմ, որ սխալներս ուշ եմ հասկացել…
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ հայ դասական երաժշտությունը լինի ավելի ճանաչելի, քան այսօր է:
-Ձեր ապագան տեսնում եք Հայաստանո՞ւմ, թե՞ հայրենիքից դուրս:
-Ես ապրում եմ Հայաստանում եւ ապրում եմ այսօրվա օրով, իսկ ապագան Աստծունն է…
Աննա Բաբաջանյան