Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ 37-ամյա Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»):
Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, 2019թ հունվարի 17-ի նիստում ունեցած մեղադրական ելույթի ավարտին դատարանին միջնորդեց Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը փետրվարի 6-ի նիստում ունեցած իր ելույթում ասաց, որ Հայաստանում տարիներ շարունակ խոշտանգման գործերը կոծկվել են, դրանում մեղավոր պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել, հայտարարեց, որ այդ գործով իրենց կազմակերպությունը դիմելու է տարբեր երկրների դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, այդ գործը գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նա դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման: 2019թ․փետրվարի 6-ի նիստին դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ.Մարդանյանին ՀՀքրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ քրեական գործով մեղադրող Վարդգես Սարգսյանը սահմանված ժամկետի ուշացումով Վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ․փետրվարի 6-իդատվճիռը,Գ․Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ՝ նշանակելով համաչափ պատիժ։
Ոսկան Սարգսյան
Տավուշ