Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ իրականացնելու համար ՌԴ-ից քիլլերներ էր բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ իրականացնել ցանկացող Ստեփան Ս-ի հետ` հասկանալու համար, թե ինչու նա որոշեց հիմա դիմել ԱԱԾ եւ հաղորդում տալ հանցագործության մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` սպանության նախապատարաստության հատկանիշներով: Ինչպես հրապարակվել էր մամուլում, նշված քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ստեղծված խմբի անդամների հետ ձեռք է բերել պայթուցիկ նյութեր եւ սարքեր, սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Մեզ հասած տեղեկություններով` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը: Ավելին, լուրերի համաձայն` այս քրեական գործով շոշափվում է Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի անունը: Ինքը՝ Արմեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել Ստեփան Ս-ի հետ, որը խնդրեց հարգելի պատճառներով իր ազգանունը չգրել եւ հաստատեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, սակայն ասաց, որ շատ մանրամասներ քրեական գործից հայտնել չի կարող նախաքննությանը չվնասելու համար. «Ես այս մահափորձի մասին հայտնել եմ ոչ թե որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնելու համար: Ասեմ` երբ ես հասկացա, որ Արմեն Սարգսյանը դարձավ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եղբայրները ու ՊՆ-ի խորհրդատու, դիմեցի իրավապահներին: Եթե այն ժամանակ դիմեի, ինչ ուզենային, իմ գլխին կսարքեին: Միայն մեկ բան կարող եմ ասել. եթե հանկարծ կպարզվի, որ կես տառ անգամ կա զրպարտանք, ապա ես պատրաստ եմ հանձնվել 25 տարի. ես կորցնելու բան չունեմ»:

Ավելին, Ստեփան Ս-ի խոսքերով` երկրորդ նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար Ռուսաստանի Դաշնությունից են վարձու մարդասպաններ բերել տվել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսի հասցեն նա ԱԱԾ քննիչներին է հայտնել: Վերջինս հայտնեց, որ այժմ, իր հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ, եւ այլ գործողություներ իր մասով չեն իրականացվել:

Քնար Մանուկյան




Լրահոս