Կալանավորը գիրք կարդա ու տանը «կհայտնվի». ինչ է իրենից ներկայացնում նոր ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում քննարկվում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով, գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյանին, որպես խրախուսանքի միջոց, տրամադրել սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:

Հիշեցնենք, որ օրենսգրքի համաձայն` կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` հաշվի առնելով դատապարտյալի անձը եւ նրա դրսեւորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաեւ պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ: Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ:

Ըստ նախագծի` ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին: Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության: Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ, որը կողմ չէ նախագծին: «Առաջարկվում է որոշակի գրականություն ընթերցելու համար, ՔԿՀ-ներում պատիժ կրող անձինք հնարավորություն ստանան կարճատեւ մեկնել տուն. խրախուսանքի միջոց է դա համարվում: Դրա գնահատման համար պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, բայց եկանք այն եզրահանգման որ այն առանձին կետով չի դառնա օրենքի նախագիծ, այլ քանի որ հիմա ՔՀԿ-ի օրենսգրքի մեծ նախագիծ է մշակվում, դա կմտնի դրա մեջ: Ես կարծում եմ` արհեստական կբարդացնի իրավիճակը, եթե, իհարկե, դրա անհրաժեշտություն չկա»,- հայտարարեց Տ. Ուլիխանյանը:

Բանն այն է, որ մտահոգություն կա այն առումով, որ ՔՀԿ-ում պատիժը կրող անձը կարող է հանուն խրախուսանքի նախատեսված գրքերը կարդալ ու դուրս գալ, որը ավելացնում է հանցագործությունների ռիսկերը: Մեր տեղեկությունների համաձայն` պատգամավորներից շատերի մտահոգությունը կապված է նաեւ այդ հանգամանքով: «Կալանավորը եթե իմանա, որ դրա միջոցով դուրս է գալու, կարող է երկու օրը մեկ գիրք կարդալ ու դուրս գալ:»,-ասաց պատգամավորը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս