ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՆԵՂՍՐՏԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկ տարով մեկնում է ԱՄՆ՝ ուսանելու։ Փաստացի նրա անդամակցությունը ՀՀԿ-ին եւս կարելի է կասեցված համարել, քանի որ գոնե մեկ տարի նա հեռու է մնալու կուսակցական գործից, չի մասնակցելու նիստերին, իսկ նա, ի վերջո, հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահը, ԳՄ անդամներից մեկը։

Իրականում Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու պատճառներն այլ են ու բավական խորը։ Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանին Սերժ Սարգսյանը երկու անգամ խոստացել է փոխանցել կուսակցության ղեկավարումը, սակայն երկու անգամ էլ վերջին պահին փոշմանել է եւ չի հանձնել աթոռը: Դրանցից մեկը 2017 թվականի հերթական ընտրությունների ժամանակ էր, երբ հենց Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ ցուցակը, Կարեն Կարապետյանն էլ իր ուսերին վերցրեց կուսակցության քարոզարշավը, եւ, ըստ էության, Սերժ Սարգսյանը` որպես կուսակցության ղեկավար, հեռու էր պահում իրեն ամեն ինչից։ Այդ ողջ ընթացքում խոսվում էր ՀՀԿ-ն թարմացնելու, նոր դեմքերով ներկայանալու մասին: Դե Վ. Սարգսյանն ու Կ. Կարապետյանն էլ ՀՀԿ նոր դեմքերն էին: Մյուս դեպքն էլ արդեն գրանցվեց հեղափոխությունից հետո, երբ 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ կրկին Վիգեն Սարգսյանը գլխավորեց ցուցակը, իսկ մինչ այդ էլ գրեթե բոլորն էին ակտիվորեն խոսում համագումար անելու եւ կուսակցության ղեկավարին փոխելու մասին:
Սակայն այդ անգամ էլ Ս. Սարգսյանը մտքափոխվել է եւ հայտարարել, թե իրավիճակ է փոխվել, եւ ինքը պետք է մնա։ Եվ հենց դա է պատճառը, որ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական այլ գործիչներ նեղված են, քանի որ վերջինս չի հեռանում եւ չի թողնում, որ կուսակցությունն առանց իրեն զարգանա։
Եվ այդ առումով պատահական չէ, որ Վիգեն Սարգսյանը հայտարարում է ԱՄՆ մեկնելու մասին եւ դա մեկնաբանում ուսման նպատակով։ Սակայն, իրականում, նա իր շրջապատում շատ նեղված է խոսել եւ ասել, որ այժմ Հայաստանում հեռանկար չկա։ Եվ չնայած հենց Սերժ Սարգսյանի` խոստումը չկատարելու պատճառով է նեղված Վիգեն Սարգսյանը, սակայն մշտապես էլ հայտնի է եղել, որ վերջինիս հանդեպ մյուս ՀՀԿ-ականները եւ հատկապես Սերժ Սարգսյանի կողմնակիցները այնքան էլ բարյացակամ տրամադրված չեն եղել, հատկապես` քարոզարշավների ժամանակ։
Գաղտնիք չէ, որ ապրիլյան հեղափոխությունից հետո ակտիվ շրջանառվում էին խոսակցություններ ՀՀԿ-ում ղեկավարի փոփոխության մասին, ընդհուպ մինչեւ համագումարի անցկացում։ Եվ այն ժամանակ տարածված կարծիք կար, որ Սերժ Սարգսյանն այդ համագումարում կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից, եւ այդ պաշտոնը կմնա Վիգեն Սարգսյանին: Սակայն Վիգեն Սարգսյանի հնարավոր նախագահությունը ՀՀԿ մի ստվար զանգվածի մոտ այնքան էլ չի ընկալվել եւ ընդունվել, եւ պատահական չէ, որ այդ օրերին կարկառուն ՀՀԿ-ականները հարցազրույցներ էին տալիս եւ ասում, թե ղեկավարի հարցում չի կարող լինել Սերժ Սարգսյանի հեռանալու խոսք։ ՀՀԿ-ականների հետ Վիգեն Սարգսյանի հետ հարաբերությունները հատկապես սրվեց դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ քարոզարշավի ժամանակ Վիգեն Սարգսյանին մեղադրում էին միանձնյա որոշումներ կայացնելու մեջ. նա էր որոշում, թե ով պետք է հարցազրույց տա, ով շփվի լրագրողների հետ, ով ելույթ ունենա, ով՝ ոչ։ Եվ կուսակցության ներսում սկսեց կամաց-կամաց դժգոհություն հասունանալ Վիգեն Սարգսյանի հանդեպ։
Սակայն վերջինիս մոտ նեղացվածությունն առկա է ոչ թե իր կուսակիցների պահվածքից, այլ Սերժ Սարգսյանի։ Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանին եւ հետաքրքրվեց՝ Վիգեն Սարգսյանը նեղացվածություն ունի Սերժ Սարգսյանից, քանի որ չի ժառանգել կուսակցությունը, ինչպես նաեւ հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ի պատասխան` Աշոտյանը նշեց. «Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաբար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:
Ճշտող հարցին՝ այսինքն կուսակցության ղեկավարի փոփոխության հարց կուսակցությունում երբեւէ չի՞ եղել, Աշոտյանը չպատասխանեց՝ ասելով, թե հարցազրույց չի տալիս։ Ամեն դեպքում, այդ մասին խոսակցությունները բազմիցս են եղել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԵԺ ՆԻՍՏ
«Իմ քայլը» խմբակցության նիստը, որ տեւել է մոտ 2.5 ժամ, երեկ բավական թեժ է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, եւ հիմնական թեման եղել է ԲՀԿ-ն, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը: Խմբակցության նիստում խոսք է գնացել վերջինիս գործարարությամբ զբաղվելու եւ միաժամանակ պատգամավոր լինելու մասին, ինչը նրանք անթույլատրելի են համարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անդրադարձ է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված վերջին միջադեպին, եւ կարծիքներ են հնչել, որ տեղի ունեցածին պետք է անպայման որեւէ գնահատական տրվի, թեկուզ հենց իրենց կողմից: Իհարկե, այլ հարցեր եւ նախագծեր եւս օրակարգում են եղել, սակայն հիմնական թեման եղել է Ծառուկյանը:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԳԵՏԸ
Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգոհել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափակում են, որպես ընդդիմություն` իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծի: Ինքը` Գեւորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը եւ նշեց, որ բացի դրանից խոսել է նաեւ այլ հարցերի մասին: Մեր հարցին, թե ինչու է օտարների մոտ խոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ. «Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակություններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործունեության տիրույթում է, եւ ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաեւ բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտությունը, Հայաստանում խոսքի ազատության իրավունքը… Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք` որպես եվրոպական քաղաքական եւ իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա եւ որոշակի նպատակների ծառայի: Բա ի՞նչ պետք է ես իրենց հետ քննարկեի` ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՞րը: Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի: Նաեւ նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաստանում. համակարգային խուժանությունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաեւ այլ բաները` թե՛ դրականը, թե՛ բացասականը, վերագրվում են ՀՀ գործող իշխանություններին»:

 

 

 

ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ
Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողվի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մի քանի հարցեր է ուղղել, այդ թվում` սոցիալական ցանցերում անհանդուրժողականության մթնոլորտի, առողջապահության կազմակերպման հետ կապված, եւ վերջում հետաքրքրվել` Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ: Ի պատասխան հարցին` Ա. Թաթոյանը նշել է, թե սոցիալական ցանցերում հիմա էլ կա անհանդուրժողականության մթնոլորտ, ատելության դրսեւորում: Վերիջինս, անդրադառնալով քաղաքական բանտարկյալների մասին հարցին, ասել է. «Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավական լծակներ, որպեսզի քաղաքական գնահատական տա»:

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունից հետո, իրավական մի շարք գործընթացներին զուգահեռ, մեկ այլ գերատեսչությունում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ստուգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի ունեցած կապն այդ ընկերության հետ: Ըստ նույն լուրերի՝ որեւէ փաստ չի հայտնաբերվել: Մենք այս առիթով հարցում ենք ուղարկել ՀՀ ՊԵԿ, որի պատասխանը դեռ չենք ստացել:

 

 

 

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է
Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին:

 

 

 

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐ
ՌԴ-ն ու Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Վերջինիս փոխանցմամբ` երկու երկրները մեծ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: «Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ` պայմանավորվածություն կա մինչեւ 2030թ. համաձայնեցնել գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,-ասել է ռուս պաշտոնյան: Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019թ. հուլիսի 1-ը կողմերն անցկացնելու են ներքաղաքական անհրաժեշտ կոնսուլտացիաներ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող բնական գազի գները կազմելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է. «Ժամի 1-ին են կրակել դիրքերի ուղղությամբ. անհետեւանք: Հրաձգային զինատեսակից են եղել կրակոցները: Վիրավորներ չկան: Վնասների մասին որեւէ բան չեմ կարող ասել»: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ` գյուղը վնասներ չի կրել. «Մեկից 2-ը ընկած հատվածում են հնչել կրակոցները: Կրակահերթը տեւել է կես ժամից 40 րոպե ընդհատումներով: Գյուղի ուղղությամբ կրակոցներ չի եղել, կրակոցները եղել են գյուղի վարչական տարածքի ուղղությամբ` Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի կողմից 2018թ. սեպտեմբերի 12-ին էին հնչել կրակոցներ»:




Լրահոս