ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում երկու հարց էր՝ ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բայց օրինագիծն այդպես էլ չքննարկվեց:

Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկրորդ հարցի շուրջ հարցեր են առաջացել, մասնավորապես` Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը հանձնաժողովի նիստից 7 րոպե առաջ զանգահարել ու հրաժարվել է ԱԺ ներկայանալ: «Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասում է, որ ինքը՝ որպես հիմնական զեկուցող, լուրջ վերապահումներ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ կառավարությունը քննարկել է, ու ընդամենը 7 րոպե առաջ նա զանգահարում է եւ ասում, որ նոր է նշանակվել հիմնական զեկուցող եւ խնդիրներ է տեսնում: Ինձ զանգահարում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ասում, որ այս տեսքով նախագիծը չպետք է ընդունվեր. կառավարության հետ կքննարկեն: Քանի որ չի լինելու երկրորդ նախագծի քննարկումը, կանոնակարգը ենթադրում է, որ նախագիծը հետաձգվում է երկու ամսով: Հույս ունենանք, որ կառավարությունը երկու ամսում նաեւ շահագրգիռ կողմերի, հանձնաժողովի, հարակից զեկուցողի հետ կքննարկի ու կբերի այնպիսի նախագիծ, որ հարակից զեկուցողը չասի, որ ունեն լրջագույն վերապահումներ իրենց իսկ նախագծի նկատմամբ»,- նշեց նա: Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ ստեղծված իրավիճակը իր համար տարակուսելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանից: Հարցրինք, թե ինչու փոխնախարարը չներկայացավ նիստին, եւ պատգամավորները նիստից ընդամենը րոպեներ առաջ իմացան, որ նախագիծը չի ներկայացվելու: Արդյոք սա անհարգալից վերաբերմուքն չէ՞ օրենսդիր մարմնի նկատմամբ:
«Որոշ հարցեր լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն է առաջացել: Քննարկում անելուց, վերամշակելուց հետո սեղմ ժամկետներում այն կներկայացվի հանձնաժողով: Վերաբերմունքի վերաբերյալ խոսելն ավելորդ է: Արդարադատության նախարարությունը հարգում է պատգամավոր բոլոր գործընկերներին: Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»,- ասաց Մարտիրոսյանը: Հարցին՝ փոխնախարարը չէր կարող արդյոք ավելի վաղ տեղյակ պահել հանձնաժողովին, Մարտիրոսյանը նկատեց. «Արդարադատության նախարարությունը օգտվել է «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ընձեռնած հնարավորությունից»:
Մինչ այդ նշենք, որ տվյալ օրենքը կարգավորում է փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, ՀՀ-ում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգեր:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով նախագծին, ասաց, որ այնտեղ բավականին կարեւոր փոփոխություններ կան:
«Դուք լավ գիտեք, որ դատական գործերի եւ քրեական գործերի քանակը ավելանում է: Տարեցտարի դրանք ավելանում են: Դրա հետ կապված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ կան, հետեւաբար նույնկերպ ավելանում է նաեւ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը: Մենք, լավ իմանալով, որ պետությունը չունի այդքան ռեսուրս, որ լրացուցիչ հանրային պաշտպաններով ամեն տարի ավելացնի եւ մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը իրացնի, Արդարադատության նախարարության հետ համատեղ մի լուծում էինք նախատեսել, ըստ որի` ստեղծվելու է նոր հարթակ, որտեղ փաստաբանները, որոնք հանրային պաշտպան չեն, բայց ցանկություն են հայտնել մասնակի վճարման պայմանով մարդկանց իրավական օգնություն ցույց տալ: Օրինակ` ստեղծվում է մի ֆոնդ պետական միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված աղբյուրներից, եւ գները լինում են անհամեմատ ավելի պակաս, քան շուկայական տիրությում է գործում: Անվճարունակ քաղաքացին մոտենում է, մենք գործը տալիս ենք փաստաբանին, եւ այդ փաստաբանը դրա համար մասնակի վարձատրվում է: Այսինքն` այդ հարթակը շատ մեծ նշանակություն ունի եւ կբեռնաթափեր հանրային պաշտպաններին: Այդ մասը շատ կարեւոր էր, եւ նախագծի հետաձգումը մի քիչ էլ այդ հարցը հետաձգեց»,-մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԼՂՈԶՈՒՄ ԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անցած տարեվերջին, կհիշեք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը ծանոթանալու: Կարճ ասած, Մարությանը քաղաքապետարանի աշխատակիցներին արգելեց «copy-paste» անել:

Պարզվում է` նման իրավիճակ ստեղծվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում: Մարզպետ Գնել Սանոսյանն օրեր առաջ անկեղծացել է` դժգոհելով, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների գրություններին, դիմումներին, ասել է թե` «լղոզում են» պատասխանները: Խոսքը հին աշխատողների մասին է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
-Պարո՛ն Սանոսյան, աշխատողների նման գործելաոճը` քաղաքացիների գրությունների պատասխանները լղոզելը, կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Գրությունները լղոզել կոչվածը երկու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ ունի. մարդիկ կան, որոնք լավ չեն հասկանում, թե ինչ պետք է գրեն, ինչ պատասխանեն, այսինքն` իրենց մասնագիտական գիտելիքները չեն բավարարում: Երկրորդ պատճառը` գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոյայի, եւ նախկին, որոշակի ընկերական ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ: Այդ առումով են լղոզում: Եւ` ավանդաբար. նույն քաղաքացիների բողոքներին մարզպետարանը պատասխանում է խուսափողական, փորձում է լղոզված պատասխան տալ, որը ես չեմ հանդուրժում: Անընդհատ լինում են գրություններ, որոնք հետ եմ ուղարկում, ասում եմ` պատասխանը ինձ չի բավարարում:
-Նախադեպեր կնշե՞ք: Ի՞նչ եք ձեռնարկում այս երեւույթը կանխելու համար:
-Ենթադրենք քաղաքացին 7 կետանոց բողոք է գրել, բայց մեր պատասխանում 5 կետին է անդրադարձ կատարվել, երկու կետի պատասխանը չկա, բացակայում է. թերի են պատասխանում: Ես երբեմն դրանք հետ եմ ուղարկում, ասում եմ` ոչ, մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ամբողջ իրականությունը, անկախ նրանից, թե ում համար ցավալի կլինի, պետք է արտացոլվի այս պատասխանների մեջ: Ասում եմ` երկու պատճառ` մեկը` խելքները չի հասնում, մասնագիտական, այսպես ասած, ունակությունը երբեմն չի բավարարում լավ, նորմալ պատասխանելու, երկրորդը` որոշակի միտում` հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը: Խոսել ենք որոշ աշխատողների հետ, բանավոր նկատողություն են ստացել, ոմանց մոտ դա հաճախակի բնույթ էր կրում, բայց խոսելուց հետո ուղղվել են:
-Հնարավո՞ր է` այդ ամենը ուղղված է մասնավորապես Ձեր դեմ:
-Իմ անձի դեմ չէ, այլ իրենք նախկինում սովոր են այդպես աշխատել: Իրականում դա իրենց մոտ չի հաջողվում, որովհետեւ ես կարդում եմ դրանք եւ հետ եմ ուղարկում: Մի խնդիր կա. ես ավելորդ ջանք ու ժամանակ եմ ծախսում, բոլոր գրությունները մանրամասն ուսումնասիրում եմ:
-Չե՞ք վստահում:
-Բոլորի դեպքում չէ այդպես:
-Պարո՛ն Սանոսյան, եթե կան նման աշխատողներ, ինչո՞ւ չեք ազատվում նրանցից. չէ՞ որ Դուք կարող եք նաեւ այլ աշխատանքով զբաղված լինել եւ չհասցնել ուսումնասիրել գրությունները:
-Առաջիկայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, մարզպետարանը կգնա օպտիմալացման, եւ հենց նման մարդիկ, ովքեր գրություններին չեն կարողանում պատշաճ պատասխանել, մարդիկ, ում գրագիտությունը չի բավարարում, հերթով կմաքրվեն: Այս ընթացում ծանոթացանք մարդկանց աշխատաոճին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԼԱՐՎԱԾ
Ապրիլի 26-ին սահմանամերձ Վազաշենի համայնքապետարանում կայացան հանրային քննարկումներ` «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման, Կարմիր քարի, Ժանգոտ ձորի տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Հանրային քննարկումներ պետք է անցկացվեին դեռ փետրվարի 27-ին, սակայն ընկերության աշխատակիցները Վազաշեն չէին գնացել։ Ապրիլի 26-ին հանրային քննարկումները անցել են լարված մթնոլորտում, եղել են վիճաբանություններ: Վազաշենի ղեկավար Լորիկ Բադիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այդ քննարկումները կայացած են, կազմվել է քննարկումներին մասնակցած վազաշենցիների ցուցակը: Նա հայտնեց, որ սահմանամերձ գյուղի բնակչության համար հանքի ուսումնասիրությունից հետո դրա շահագործումը կենսական նշանակություն ունի, ուստի անհրաժեշտ նախադրյալները կան, այդ տարածքում գտնվող հանքում խորհրդային տարիներին թունելներ եւ ճանապարհներ են կառուցվել: Նրա խոսքերով` նախկինում վազաշենցիների մի մասի զբաղմունքը կապված էր անտառահատումների հետ, հիմա անտառի ռեսուրսները սպառվել են. հարկ է գյուղացիների աշխատանքի հարցը լուծել: Համայնքի ղեկավարը համոզված է, որ ապրիլի 26-ին կայացած հանրային քննարկումներին բնապահպանների ակտիվ մասնակցությունը, նրանց պահվածքը կազմակերպված ու ուղղորդված բնույթ է կրում: Բադիրյանը, որպես դրա վկայություն, նշեց այն, որ 10 ավտոմեքենաներով բնապահպանները Վազաշեն են գնացել, նրանք չէին ուզում լսել եւ չեն լսել հանքի շահագործման վերաբերյալ այլ կարծիքներ: Բադիրյանն ասաց. «Կյանքս մաշեցին այդ երկու լսումները»: Ապրիլի 27-ին Իջեւան քաղաքի զբոսայգում Քաղաքացու օրվան նվիրված հանդիպում-քննարկման ժամանակ Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարեց, որ հանքերի շահագործման վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները երբեմն այլ պատճառ են ունենում` կապված են հանքը շահագործող ընկերության բաժնետերերի բիզնես շահերի հետ, որոնք այժմ ընկերության մեջ չեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

17 ԴԱՏԱՎՈՐ
Պարզվում է` պատասխանատվության ենթարկվելու առաջ են հայտնվել ոչ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավոր, այլեւ քրեական դատարանի 17 դատավոր: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն արդյոք չի բերի նրան, որ դատավորները առավել կաշկանդված լինեն: Ի պատասխան` նախարարը հայտնեց. «ՀՀ վճռաբեկ դատարանի ողջ դատավորների վրա է հարուցվել կարգապահական վարույթ: Ես ձեռնպահ կմնան հայտարարություն անելուց. փակ է այս դեպքում ինֆորմացիան»:




Լրահոս