B խմբի հավաքականների մարզիչներն՝ իրենց սպասելիքների մասին. ԵՎՐՈ-2019

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կկայանան Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության B խմբի հանդիպումները:
Այդ խմբում ընդգրկված հավաքականների մարզիչներն այսօր շփվել են լրագրողների հետ:

Յան Սուխոպարեկ (Չեխիա). «Մեր խմբի ֆավորիտը Ֆրանսիան է, ըստ ինձ: Մենք շատ լավ ենք պատրաստվել այս առաջնությանը: Թիմում լավ մթնոլորտ է տիրում: Ամեն ինչ կանենք Երեւանում դրական արդյունք գրանցելու համար: A խումբը, իհարկե, ավելի ուժեղ է, որովհետեւ այնտեղ են Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի նման հավաքականները: Նրանք միշտ պայքարում են լավագույն տեղերի համար:

Ինչ մնում է Հայաստանին, ապա նրանք կորցնելու ոչինչ չունեն: Խաղում են սեփական դաշտում, եւ դա նրանց նոր ուժ կարող է տալ: Կարեւոր է նաեւ երկրպագուների աջակցությունը: Այս մրցաշարը շատ կարեւոր է երիտասարդների համար, որովհետեւ սա այն ճանապարհն է «մեծ» ֆեւտբոլ մտնելուց առաջ: Այս մրցաշարը մեծ փորձ է նրանց համար»:

Լիոնել Ռուքսել (Ֆրանսիա). «Առաջին խաղը շատ կարեւոր է: Պատրաստ ենք խաղին եւ ցանկանում ենք առաջնությունը հաղթանակով սկսել: Մենք մեր խմբի ֆավորիտն ենք, սակայն այդ ամենը միայն թղթի վրա: Մյուս խմբի ֆավորիտները, կարծում եմ, Իսպանիան եւ Պորտուգալիան են:

Հայաստանում շատ շոգ է եւ լավ է, որ մեր խաղը կկայանա ժամը 21:00-ին: Մենք մարզվում ենք օրը երկու անգամ, ավելի հաճելի է, իհարկե, երկրորդ մարզումը` 18:00-ից հետո: Այս մրցաշարը մեծ փորձ է երիտասարդների համար, եւ այն նոր վստահություն կներշնչի տղաներին: Մեր թիմում շատ են ֆուտբելիստները, ովքեր խաղում են իրենց առաջնությունների բարձրագույն խմբերում, բայց այս մրցաշարը շատ կարեւոր է նրանց համար»:

Գուննար Հոլ (Նորվեգիա). «Նման բարձր մակարդակի առաջնությունում մենք խաղալու փորձ չունենք, միայն անցած տարի ենք Ֆինլանդիայում հասել մինչեւ եզրափակիչ փուլ:

Ցանկանում ենք մեր հաջողությունները շարունակել այստեղ: Խմբում ֆավորիտը Ֆրանսիան է, իսկ մյուս թիմերը խաղամակարդակով շատ մոտ են միմյանց: Մյուս խմբից ֆավորիտ կհամարեմ Իսպանիային: Մեր թիմից բացակայում են 5 ֆուտբոլիստ. 4-ը մասնակցել էին Մ20 Աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Մնացածը կազմ ու պատրաստ են մրցաշարի մեկնարկին»:

Թոմ Մոհան (Իռլանդիա). «Մեր խմբում բոլորն էլ շատ ուժեղ են: Նորվեգիան եւ Չեխիան շատ դժվար խմբերից են դուրս եկել, իսկ ֆրանսիացիները ուժեղ են, որովհետեւ ֆրանսիացիներ են:

Այստեղ` Երեւանում, շատ շոգ է, բայց մենք ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ շնորհակալ ենք կազմակերպիչներին լավ ընդունելության համար: Նորվեգիայի դեմ խաղը շատ կարեւոր է, եւ ամեն բան կանենք նրանց հաղթելու համար: Պետք է կարողանանք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը»:

Հավելենք, որ B խմբի Նորվեգիա-Իռլանդիա հանդիպումը կկայանա վաղը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի Ակադեմիայում Երեւանի ժամանակով 18:45-ին:

Այս խմբի Չեխիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում`21:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս