Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», -նշել էր նա:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հանրության մեծամասնությունն այդ տերմինի եւ նման գործիքակազմի մասին առաջին անգամ իմացավ հենց վարչապետի ելույթից հետո: Իսկ ինչ է իրենից ներկայացնում վեթթինգը: Նախ վեթթինգ նշանակում է պարզել տվյալ անձի՝ քաղաքացիական ծառայության իր պաշտոնին համապատասխան աստիճանը, սակայն շեշտը դրվում է ոչ թե նրա բժշկական կամ մասնագիտական համապատասխանության, այլ բարոյական նկարագրի վրա: Անգլերենով դա ասվում է integrity, հայերեն թարգմանված՝ ազնվություն, անաչառություն, իսկ ավելի լայն իմաստով՝ բարոյական նկարագիր, բարոյական սկզբունքների ամրություն եւ խոսքի ու գործի համապատասխանություն: Տեղեկություններ հավաքելու հետ մեկտեղ ստուգվում են անձանց ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու համար դրանց օրինականությունը:
Նշենք, որ վեթթինգը անցումային արդարադատության գործիքակազմերից է, իսկ միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Գործիքակազմն առավելապես իրավական է: Այն նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների: Ընդ որում, պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ ու գործիք է օգտագործելու երկրում ստեղծված լուրջ խնդիրները լուծելու համար:
Եվ, ահա, երեկ խորհրդարանում տեղի ունեցան անցումային արդարադատության հարցերով լսումներ: Նախորդ տարվա օգոստոսին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս համակարգի ներդրման մասին հայտարարությունից հետո, սա իշխանությունների կողմից կազմակերպված առաջին նման լսումներն էին, որը, դատելով ելույթներից եւ արձագանքից, սպասված էր, ինչու չէ` նաեւ ուշացած:
Եվ երեկվա լսումներն իրավմամբ ոչ թե տվեցին այդքան երկար սպասված հարցերի պատասխանները, այլեւ ավելի խորացրեցին դրանք: Մասնավորապես, անպատասխան մնաց, թե երբ կսկսի գործել վեթթինգը, ինչ օրենքներ կփոխվեն մինչ այդ, արդյոք նաեւ սահմանադրական փոփոխություններ կլինեն, իսկ եթե լինեն, ովքեր կլինեն մասնագիտական խմբերում եւ այլն:
Իր ելույթում փորձեց որոշ փակագծեր բացել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Նա, անդրադառնալով անցումային արդարադատության ինստիտուտի գործիքակազմին, նշեց, որ դրանք քրեական մեղադրանքներն են, եւ վեթթինգը՝ գնահատման գործընթացը, որի իրականացման համար, նրա խոսքով, երեք չափանիշ է գործելու:
«Վեթթինգն իրականացվում է՝ ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցնող անձի integrity-ն, եթե կարելի է, դա կարող են թարգմանել որպես բարեվարքություն, բայց բարեվարքություն երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ գույքային դրությունը. երեք հիմնական չափանիշներ, երեք հիմնասյուներ, որոնց վրա կանգնած է գնահատման ինստիտուտը վեթթինգի իմաստով»,- ասաց արդարադատության փոխնախարարը։
Ընդ որում, հետաքրքիր է, որ վերջնականապես նաեւ որոշված չէ, թե անցումային արդարադատությունն ինչ ժամկետներ է ընդգծում. այս հարցում եւ, առհասարակ, մեխանիզմների եւ այլ հարցերի շուրջ իշխանությունը վերջնական դիրքորոշում չունի:
Երեկ եւս` լսումների ժամանակ, տարբեր ժամկետներ շրջանառվեցին՝ 1991-2018թթ., հիմնական զանգվածի կողմից էլ՝ 1998-2018 թվականներ: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում իշխանություններին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ միությունների կողմից տարբեր առաջարկներ են ուղարկվել՝ կապված վերը նշված հանգամանքների հետ: Եվ հիմնականում գերակշիռ է եղել այն միտքը, որ անցումային արդարադատությունը պետք է տարածվի 1991-2018-ը ընկած ժամանակահատվածի վրա, եւ պետք է ընդգրկվեն հասարակությունից եւ պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն գործերը, ընդ որում` նաեւ հանրային գերակա շահի անվան տակ անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը:
Նշենք, որ լսումների ժամանակ բավական հետաքրքիր էր նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը: Նրանք միանշանակ կողմ էին, որ դատական համակարգը պետք է բարեփոխվի, սակայն միայն օրենքի սահմաններում:
Հավելենք, որ գործնականում վեթթինգի ենթարկելու գործընթացը բավական երկարատեւ է լինելու, եւ ժամկետները, ելնելով գործընթացներից, որոշում են հենց իշխանությունները: Սակայն այդ ճանապարհին բազմաթիվ փոփոխություններ պետք է լինեն, ընդհուպ` սահմանադրական:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՉԽՈՍԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին: Ընդդիմության ներկայացուցիչներն էլ որոշել էին այդ թեմայով ելույթներ ունենալ երեկ անցումային արդարադատության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես եւ առաջարկել էր մեծամասնություն կազմող խմբակցությունը: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա լսումների ժամանակ այդպես էլ երկու ուժերից ոչ մեկը չխոսեց այդ թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստից հետո եւ մինչ լսումների օրը երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քննարկում են անցկացրել եւ որոշել անցումային արդարադատությանը նվիրված լսումները չխառնել իրենց բարձրացրած թեմայի հետ եւ այդ հարցին անդրադառնալ հետագայում: Մենք տեղեկացանք, որ այս պահին կրկին արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է, եւ ընդդիմադիրները քննարկում են՝ ինչպես անել, որ այս իշխանական մեծամասնությունը կողմ լինի:
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն: Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ մյուս անդամներին` ցույց կտան զարգացող իրադարձությունները:
ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵՆ
«Թեղուտ» ընկերությունը, հնարավոր է, շուտով վերագործարկի Թեղուտի հանքավայրը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Ըստ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանի՝ ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել հուլիսին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունում արդեն նշանակվել են գործադիր եւ գլխավոր տնօրեններ, իսկ գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Բացի այդ, այս ընթացքում իրականացվում է նախկին աշխատակիցներին աշխատանքի ընդունման գործընթացը։
Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանին: Փոխարենը անորոշ են Ալավերդու պղնձաձուլական գործարանի եւ աշխատողների ճակատագրերը։ Մեզ հայտնի դարձավ, որ նրանք երեկ հավաքվել են եւ քննարկել հետագա անելիքները։
ԿՈՂՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները, հիմնված որակապես բարձր եւ ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա, կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար. «Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին, որոնք բխում են, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից եւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային` ներառյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի եւ օրենքի գերակայության հիմնարար հենասյուն»,- նշված է հայտարարությունում: «Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կայացում Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,- ասված է հայտարարությունում:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ` առավոտյան, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաեւ ԲԴԽ անդամները: Նման շտապողականության պատճառը եղել է նախօրին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդումը, որի հյուր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննադատել էր Հարությունյանին: Պատգամավորը մասնավորապես անդրադարձել էր նրա կողմից չպատճառաբանված, պետբյուջեի միջոցներով ձեռք բերված թանկարժեք մեքենաներին այն պարագայում, երբ դատավորների համար հասարակ թուղթ ու քարթրիջ զլանում են ձեռք բերել` պատճառաբանելով միջոցների սղությունը: Պատգամավորը մատնանշել է, որ Գագիկ Հարությունյանն այնպիսի օրենսդրական ձեւակերպումներ է արել, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է դարձել` պահպանելով ՍԴ նախագահի բարձր աշխատավարձը: Նույնը վերաբերում է նաեւ թոշակին, որի բարձր լինելու երաշխիքները հոգացել է հենց ինքը` Գագիկ Հարությունյանը: Հենց այս հարցերի շուրջ Գ. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներից կարծիք է հարցրել: Ոմանք սա համարել են իշխող կուսակցության կողմից արված ահազանգ, մյուսները հիշեցրել են, որ Թագուհի Թովմասյանը ոչ վաղ անցյալում խմբագիր է եղել, եւ նրա լրատվամիջոցը բազմիցս է անդրադարձել ու քննադատել ԲԴԽ-ին եւ նրա նախագահին, անգամ հետաքննական շարք է ունեցել այդ թեմայով:
ԸՆՏՐՎԵԼ Է
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: