Քանի որ մեր համերգներն անցնում են էքստրեմալ պայմաններում, նախընտրում եմ պասիվ հանգիստը. Վան Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քանի որ մեր համերգներն անցնում են «էքստրեմալ» պայմաններում, ամառը նախընտրում եմ պասիվ հանգիստ անցկացնել, որքան ամեն ինչից եւ բոլորից հեռու, այնքան լավ: Տեղը նշանակություն չունի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Նեմրա» ռոք խմբի կիթառահար եւ վոկալիստ Վան Եղիազարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե որտեղ եւ ում հետ է նախընտրում անցկացնել ամառային հանգիստը:

Նա տեղեկացրեց, որ խմբի անդամներով արդեն հասցրել են լինել մի քանի երկրներում` Վրաստանում, Լեհաստանում, Ուկրաինայում: Կարելի է ասել, նրանք համատեղել են հանգիստն ու աշխատանքը. «Շատ քաղաքներում եղանք, բայց ամենահոգեհարազատն ինձ համար Թբիլիսին էր»,-շեշտեց Վանը:

Նա նշեց, որ ջրային տարածքներում հանգստանալ շատ չի սիրում. «Ջրի հետ սեր չունեմ, փոխարենը ինձ գրավում է բարձրությունը: Առանձնապես տարված չեմ էքստրիմով, բայց եթե հավես ունենամ, գուցե փորձեմ ինչ-ինչ բաներ: Հանգստի ժամանակ, կարելի է ասել, շատ ձանձրալի եմ: Դրսում հանգստանալուց հետո սովորաբար մի քանի օր էլ տանն եմ հանգստանում.կարելի է ասել, հանգստանում եմ հանգստից»,-ծիծաղելով ասաց Վանը:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք առաջիկա ստեղծագործական նորությունների մասին: Երգիչը տեղեկացրեց, որ «Նեմրա»-ն օգոստոսի 10-ին բացօթյա համերգով հանդես կգա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց.կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանն է: Օգոստոսի 22-ին էլ ռոք խումբը երկրորդ անգամ կներկայացնի Հայաստանը «One Caucasus» փառատոնում, որը տեղի կունենա Վրաստանում: Օգոստոսին «Նեմրա»-ն մենահամերգով հանդես կգա նաեւ քաղաքամայր Գյումրիում: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Առաջիկայում խումբը կներկայանա նոր տեսահոլովակով, որը կնկարահանվի «Նարե» երգի հիման վրա: Այնպես որ, «Նեմրա»-ի երկրպագուների համար օգոստոսը թեժ է լինելու:

Աննա Բաբաջանյան




Լրահոս