ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է իրականում Արաբկիրի զբոսայգին հանձնվել համայնքին. բոլոր մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆորԱրաբկիր զբոսայգու ճակատագիրը հուզել է ինչպես հնաբնակ, այնպես էլ նորաթուխ արաբկիրցիներին: Ինչ ճակատագիր է սպասվում հայտնի ու հարազատ Մոլոկանի այգուն, երբ օր օրի, ժամ առ ժամ այգում նոր խնդիրներ են ծագում:

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Մոլոկանի այգին, որը մոտ տասը տարի վարձակալությամբ էր տրված, այլևս կանցնի վարչական շրջանի վերահսկողության տակ:

Իսկ ինչ է իրականում որոշվել, ինչ հանգամանքներում են իրականացվել գործարքները, և ինչ ունեն արաբկիրցիներն այս պահին: Այս և մի շարք այլ հարցերի հետքերով գնացել է ArmLur.am լրատվականը և պարզել որոշ հանգամանքներ:

Եվ այսպես, Նոր Արաբկիր զբոսայգին գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Երևանցիներից շատերն այգին անվանում են նաև Մալականի այգի։ Այն զբաղեցնում է Փափազյան փողոցին հարակից տարածքը և ձգվում է մինչև Հրազդանի կիրճը։ Ինչպես ասում են՝ մութ ու ցուրտ տարիներից մեզ հասած այգին ժամանակի ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել, շատ բան է տեսել, բայց մինչ օրս ոտքի վրա կանգնած է: Շատերն են հիշում ինչ վիճակում էր այն 10 տարի առաջ, և դժվարանում են պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե այգին, այսպես ասած՝ նայող չունենար:

Դեռևս 2009 թվականին հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարը, վարձակալության էր վերցրել «Արաբկիր» զբոսայգին՝ իր բնորոշմամբ՝ հետագա ոչնչացումը կասեցնելու նպատակով: Իսկ 2017 թվականից Երիցյաններն այգին ենթավարձակալության են հանձնել «Ալտեր էգո» ընկերությանը, որն այս պահին այգում «Զիփլայն» է շահագործում:
Այգու վարձակալության համար տարեկան վարձավճար է սահմանվել 3 միլիոն 20 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 250 հազար դրամ: Եվ այսպես, ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին «Մոլոկանի» այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ է ճանաչվել և հանձնվել համայնքին:

ArmLur լրատվականի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը հայտնեց, որ հանդիպել է Ալբերտ Երիցյանին և փոխադարձ համաձայնությամբ և որոշմամբ այգին հանձնելու որոշում են կայացրել: Ի դեպ, նախնական հանդիպում-քննարկումն անց է կացվել առանց թաղապետի: Ինչպես ինքն է ասում, իր կարիքը չի եղել:

Մինչդեռ, ArmLur լրատվականի հետաքննությունը միանգամայն այլ հանգամանքներ ևս պարզել է : Ըստ այդմ՝ Ալբերտ Երիցյանը նախկինում բազմիցս և գրավոր, և բանավոր կերպով դիմել է ժամանակի քաղաքային իշխանություններին ՝ այգին հանձնելու առաջարկով, սակայն մերժում է ստացել՝ շարունակեք զբաղվել այգու պահպանմամբ պատասխանով: Տրամաբանորեն, նման պատասխանի պատճառն կնհայտ է՝ պետությունը գումար է ստանում՝ առանց ջանք գործադրելու:

Իսկ ինչու էր Ալբերտ Երիցյանը ցանկանում ազատվել այգին պահպանելու պայմանագրային պարտավորություններից: Պարզվում է՝ պատճառը եղել է ծանրաբեռնվածությունը և գործունեության բնույթը:

ArmLur.am-ին հաջողվել է կապ հաստատել այս պահին երկրում չգտնվող Ալբերտ Երիցյանի հետ: Մեր զրույցից պարզ դարձավ, որ ինքը տարիներ առաջ՝ ստանձնելով այգու պահպանման հանդեպ պատասխանատվություն՝ խոստացել էր արաբկիրցիներին անել հնարավոր ամեն բան, որպեսզի այգին չմասնավորեցվի, տարբեր օլիգարխների և ուժերի կողմից բիզնես տարածքի չվերածվի: Ինչպես ինքն է ասում, խոստացել է և արել է սեփական միջոցներով պահելով տարածքը: Հիմա արդեն հույս ունի, որ վարչական շրջանի նոր ղեկավարը պատասխանատվությամբ կվերաբերվի գործին:

Ինչ վերաբերում է 250 հազար դրամ վարձակալությանը, Ալբերտ Երիցյանը դժվարացավ պատասխանել շատ է, թե քիչ: Ասում է՝ թող մյուս կողմը դա մեկնաբանի: Հանրապետությունում շատ են դեպքերը, երբ 0 դրամով են վարձակալում, քանի որ միլիոնների հասնող ներդրումներ են անում, իսկ ինքը այգին պահպանելու նպատակով միայն ծախսել է՝ առանց որևէ եկամուտ ստանալու:

Ի դեպ, Արաբկիրում շատ է խոսվում այն մասին, որ ենթավարձակալ հանդիսացող «Ալտեր էգո» ընկերությունը դժվարությամբ է կարողանում լուծել այգում ջրի խնդիրը: Ընկերության ղեկավարն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դիմել է վարչական շրջանի ղեկավարությանը՝ օգնության խնդրանքով, սակայն մերժում է ստացել, ինչը սակայն Արամ Դանիելյանը հերքեց:

Իսկ ինչ են մտածում իրենց բազմամյա այգու և զբոսավայրի շուրջ զարգացող իրադարձությունների մասին հենց արաբկիրցիները: ArmLur.am-ը վաղ առավոտյան այցելել է այգի, փոքրիկ հարցախույզ է անցկացրել և ֆիքսել հետևյալ պատկերը: Արաբկիրցիները համար կարևորն այն է, որ այգին իրենցն է, որևէ մեկը չի սեփականաշնորհել: Թե ով կշարունակի զբաղվել դրա պահպանմամբ՝ նրանց համար այնքան էլ էական չէ, կարևորը այգին լինի մաքուր և խնամված:

Այսպիսով՝ Արաբկիր այգին այլևս վարձակալությամբ տրված չէ: ArmLur.am լրատվականը հետևողական կլինի և պարբերաբար շրջայցեր կկատարի՝ հասկանալու ինչ վիճակ է արաբկիրցիների ամենասիրված վայրում, և գոհ են արդյոք նրանք թե ոչ:




Լրահոս