Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց գտավ, որ կալանավորելու հիմքերը բավարար են: Անհիմն եմ համարում դատարանի որոշումը, բացակայում են հիմնավորումները: Հուսով եմ Վերաքննիչ դատարանում արդարադատություն կլինի:»,- ասաց Սարգսյանը:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նշենք, որ Խաչատրյանի պաշտպանները բողոք էին տարել նրա ձերբակալման դեմ, որը նույնպես այսօր քննվել է: Դատարանն այս բողոքը բավարարել է՝ ոչ իրավաչափ ճանաչելով Խաչատրյանի ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:

Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

 




Լրահոս