Ինչպե՞ս է ապագա ամուսինը ներկայացման ժամանակ համբուրել Ծովինարին եւ ինչու՞ է կատուն հայտնվել բեմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է:

Նա հիշեց երկու դրվագ, երկուսն էլ` բեմական կյանքին առնչվող, թեպետ դրանցից մեկը սերտ կապ ունի նաեւ անձնական կյանքի հետ: Տարիներ առաջ, երբ Ծովինարը դեռ ամուսնացած չէր դերասան Նարեկ Հայկազյանի հետ, նրանք երկուսով Մայր թատրոնում խաղում էին «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացման մեջ (Շեքսպիր): Արտիստներն այդ ժամանակ դեռեւս ընկերություն չէին անում, բայց արդեն բուռն սիրահարված էին. «Ներկայացման մեջ կար համբույրի տեսարան, որի ժամանակ ես ու Նարեկը սովորաբար համբույր էինք խաղում, բայց իրականում դա տեղի չէր ունենում, եւ, ահա, այդ օրը նա անսպասելի կերպով հենց բեմի վրա իսկապես համբուրեց ինձ: Դա շոկային էր, բայց աբսուրդն այն էր, որ ես ոչինչ չէի կարող անել. հանդիսատեսն ուշադիր հետեւում էր մեզ»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:

Իսկ մյուս դեպքը եղել է տարիներ առաջ «Ռուզան» (Մուրացան) ներկայացման ժամանակ` ամենադրամատիկ պահին. «Չեք հավատա, բայց չգիտեմ` ինչպես եւ որտեղից, բեմում հայտնվեց մի կատու, հետո իջավ դահլիճ, մտավ հանդիսատեսի մեջ: Բոլորը ոտքի կանգնեցին, մի մասը խուճապի մատնվեց, մյուս մասը՝ ծիծաղեց: Ես զայրացա այդ իրավիճակից եւ տեսարանը բավական ագրեսիվ խաղացի: Հետո կատուն ինչպես եկել էր, այնպես էլ հեռացավ, ասես ամեն բան այդպես էլ պետք է լիներ»,-վերհիշեց Ծովինարը:

Նա հավելեց, որ իր հետ հիշարժան դեպքեր հաճախ են պատահում, օրինակ՝ վերջերս էլ ներկայացումներից մեկի ժամանակ միկրոֆոնը խճճվել էր վարսերի մեջ, եւ տասը րոպե կոլեգաները փորձել էին բեմում փրկել իրավիճակը: Բայց քանի որ Ծովինարը պոզիտիվ անձնավորություն է, կարողանում է հեշտորեն դուրս գալ նման իրավիճակներից եւ ծիծաղով նայել դժվարություններին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս