Վազգեն Մանուկյանի շուրջ իրավիճակի հետքերով․ ում ջանքերով է սեղմվում օղակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ա. Բաբաջանյանի` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշանակվել է ոչ թե անցած տարվա սեպտեմբերի 6-ին, այլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության այս տարվա ապրիլի 4-ի որոշմամբ: Հետեւաբար նրա պաշտոնանկությունը այս փուլում հնարավոր չէ: Սա օրենքի պահանջն է. հանրային խորհրդի նախագահi գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց չի կարող քննարկվել ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, իսկ Մանուկյանը պաշտոնավարել է միայն 8 ամիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքական շրջանակներում կատարվող քննարկումներից այլ պատճառաբանություն է նշվում: Ըստ տարբեր շրջանակներում քննարկվող տեսակետի` օր-օրի սեղմվում է օղակը Վազգեն Մանուկյանի շուրջ: Ըստ նույն տեղեկությունների` այդ ամենն արվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի անմիջական ջանքերով: Ու նույնիսկ նույն շրջանակները պնդում են, որ այն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի անմիջական ուղղորդմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի միջեւ թշնամական հարաբերությունները գալիս են դեռեւս 1996 թվականից` նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Պարզվում է` Մանուկյան-Տեր-Պետրոսյան հակամարտությունը հիմա ավելի է խորանում:

Կառավարության մերձ շրջանակներից չեն բացառում նաեւ, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը կապված լինի Վազգեն Մանուկյանի գործոնի հետ: Բանն այն է, որ Ս. Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի փեսան է, ու հնարավոր է` ճնշումների միջոցով են կառավարության ներկայացուցիչները հասել Սարհատ Պետրոսյանի հրաժարականին:

Բայց թե որքան են իրատեսական այս տեղեկությունները, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Վազգեն Մանուկյանից: Վերջինս նախ հայտարարեց, թե իրեն հարմար չէ որեւէ հարցի պատասխանել, այնուհետեւ լսելով հարցը` հայտարարեց, որ ինքը չի ցանկանում նման հարցի մասին խոսել: «Ես չեմ ուզում նման հարցեր ընդհանրապես քննարկել, ես հարաժարվում եմ այդպիսի հարց քննարկել»,- հայտարարեց Մանուկյանն ու անջատեց հեռախոսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս