«Գանձասար-Կապանը» ուժեղ էր «Շիրակից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի կենտրոնական հանդիպումը։
ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում «Գանձասար- Կապանը» ընդունել էր Գյումրու «Շիրակին»։
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր այս հանդիպմանը եւ նշել, որ թղթի վրա ֆավորիտը գյումրեցիներն են։ «Շիրակը», հանդիպումը սկսելով հենց այդ կարգավիճակում, արդեն 10-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Սոլոմոն Իմե Ուդոն։ Գոլն ընդունելուց հետո կապանյան թիմը խաղում էր որոշակի ընկճվաճությամբ, ինչից էլ օգտվել չկարողացավ գյումրվա թիմը։ Կապանյան թիմը խաղի 23-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը Աննան Մենսահի ջանքերով։

Մենսահի գոլից ընդամենը վայրկյաններ անց «Շիրակը» կարող էր կրկին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Սոլոմոն Իմե Ուդոն չկարողացավ գնդակն ուղարկել ամբողջովին ազատ մնացած դարպասը։ Սա Վարդան Բիչախչյանի սաների վերջին ռեալ գոլային պահն էր առաջին խաղակեսում, իսկ խփած գոլը դաշտի տերերին կարծես նոր ուժ տվեց. նրանք, խաղի ղեկը վերցնելով իրենց ձեռքը, կարողացան 40-րդ րոպեին նաեւ առաջ անցնել հաշվի մեջ։ Գեւորգ Օհանյանի եւ Արման Հովհաննիսյանի հրաշալի խաղարկման արդյունքում Գավաթի խաղարկությունում իր գոլերի հաշիվը բացեց կապանյան թիմի առաջատար ԳԵղամ Հարությունյանը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեները անցան շատ հանգիստ վիճակում։ Երկրորդ խաղակեսը սկսեց այնպես, ինչպես ավարտվել էր։

Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացում տեսանք պաշտպանվող «Գանձասար-Կապան»։ Եթե առաջին խաղակեսում Արմեն Պետրոսյանի տղաները, մեղմ ասած, վատ էին պաշտպանվում եւ թողնում մի շարք վտանգավոր գրոհներ, ապա երկրորդ խաղակեսում կապանյան թիմը կառուցել էր մի քանի շերտից բաղկացած պաշտպանություն, որն էլ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի առաջատարներից մեկը անցնել չկարողացավ։ Երկրորդ 45 րոպեների ընթացքում Գյումրու թիմը կարողացավ ստեղծել երկու վտանգավոր պահ, երկուսն էլ՝ հեռվից հարվածների շնորհիվ։ Նախ Արամ Մուրադյանը հեռահար հարվածի շնորհիվ փորձեց գրավել Գեւորգ Կասպարովի դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ընթացավ, իսկ, ահա, փոխարինման դուրս եկած Մորի Կոնեի հարվածն էլ ցնցեց դարպասաձողը։

«Գանձասար-Կապանը» երկրորդ խաղակեսում մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն չստացավ, սակայն պաշտպանվեց շատ լավ եւ կարողացավ պահել իրեն ձեռնտու հաշիվը։
Հաշվի առնելով այն, որ «Շիրակը» այս մրցաշրջանում շատ լավ է հանդես գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում, իսկ կապանցիները նախավերջինն են` կարելի է ասել, որ Գավաթի խաղարկությունը կապանցիների համար ավելի կարեւոր է. դա փաստեց նաեւ «Գանձասար-Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանը: «Գավաթի խաղարկությունը մեզ համար շատ կարեւոր է եւ առաջնային նպատակն է, սակայն չենք պատրաստվում հանձնվել առաջնությունում։ Տղաները ամեն ինչ կանեն վեցնյակ մտնելու համար, եւ շանսերը, անշուշտ, կան»,- ասել է Պետրոսյանը նախախաղյան ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Շիրակը» երկրորդ տարին անընդմեջ Գավաթի խաղարկությունից դուրս է մնում 1/8 եզրափակչում։
«Գանձասար-Կապանը» 1/4 եզրափակչում ուժերը կչափի «Տորպեդո Երեւան» – «Ալաշկերտ» զույգի հաղթողի հետ։
Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել Վանաձորի «Լոռին»: Վերջինիս մրցակիցը պետք է լիներ «Դիլիջանը», սակայն նրանք հրաժարվել են մասնակցել խաղին, եւ ակումբը կրել է տեխնիկական պարտություն:
Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր կկայանան հետեւյալ հանդիպումները.
«Սեւան» – «Երեւան»
«Լոկոմոտիվ» – «Վան»
«Փյունիկ – Ուրարտու»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս