Բնակարանների խնդիրը կլուծվի. որ մարզին որքան գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեն մտադիր է առաջիկայում կատարել ծրագրի շահառու ճանաչված 227 ընտանիքի բնակարանային խնդրի նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունը: Եւ այս ամենի արդյունքում պետական բյուջեում ընդհանուր առմամբ կառաջանա 1 մլրդ 291 մլն 572 հազար դրամի չափով նվազեցում:

Այս նպատակով Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 81 մլն 53 դրամ մարզի գյուղերում ծրագրի շահառու ճանաչված թվով 16 ընտանիքի բնակարան ձեռք բերելու համար: Իսկ Լոռու մարզպետարանին կհատկացվի 674 մլն 782 հազար դրամ թվով 121 ընտանիքի բնակարան ձեռք բերելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզպետարանը կստանա 535 մլն 587 հազար դրամ թվով 90 ընտանիքի բնակարան ձեռք բերելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 458 մլն դրամի հաշվին մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը կլուծվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիր նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր` 24-ը` կիսակառույցների ավարտման, 22-ը` բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ը` ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով:

Մնացած 453 ընտանիքների շրջանում նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի վերաբերյալ հարցում կազմակերպելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի կողմից Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզպետներին է ուղարկվել համապատասխան հարցման թերթիկ եւ ձեւաչափ:

Ի դեպ, հարցման ընթացքում քաղաքացիներին կողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հաշվարկվել է նաեւ ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցության հաշվարկային չափը: Պարզվում է, որ հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը (121-ը` Լոռու, 90-ը` Շիրակի եւ 16-ը` Արագածոտնի մարզերի գյուղերում) նախընտրել է բնակարան ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծ է քննարկման դրել: Մեզ հայտնի դարձավ, որ այս որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի հանձնարարականը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս