Ինչու Է փակվել Տավուշի հեռուստաընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2018թ.փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ:

«Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում հեռուստահաղորդումներ էր հեռարձակում:

Իջեւանի հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը»):

Հետագայում այդ քրեական գործը կարճվել է: 2019թ. օգոստոսի 28-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 2 միլիոն 559 հազար 550 դրամ` որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի գումար, «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել նաեւ 51 հազար 991 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Օրենքով սահմանված ժամկետում` մեկ ամսում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սույն վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:

Տավուշի մարզային «Տավուշ ՏՎ»-ն 2017թ. մարտից դադարեցրել է հեռարձակումը: 2017թ. հունվարի 10-ին դատարանի վճռով այդ հեռուստաընկերությունը ճանաչվել է սնանկ: Այդ հեռուստաընկերության պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն: Նոյեմբերյան քաղաքում 1991թվականից անալոգային հեռարձակում իրականացնող «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը 2019թ. մարտի 14-ին հանձնել է այդ հեռուստաընկերության հեռարձակման արտոնագիրը:

2019թ. մայիսի 17-ին` իր պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ամենաուշը 2019թ. օգոստոսին Տավուշում մարզային հեռուստաընկերությունը կգործարկվի, սակայն ներկայումս Տավուշի մարզում որեւէ հեռուստաընկերություն չի գործում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս