ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Պետրոսյանը՝ իր ուսանողների հետ հարաբերության, հարսանիքից հրաժարվելու և թուրքերեն երգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս օրերին խորհրդարանի քննարկվող գլխավոր թեմաներից է: Բանն այն է, որ Գ. Պետրոսյանի ներկայացրած այն նախագիծը, որով ցանկանում էր արգելել սեռափոխված զույգին երեխա որդեգրելը, բուռն քննարկվում է տարբեր հարթակներում: Այդ նախագծի մերժումից հետո, երբ Գեւորգ Պետրոսյանը սկսեց քննադատական հայտարարություններով հանդես գալ, սկսվեցին նրա վերաբերյալ տարբեր տեղեկություններ տարածվել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ` պարզելու այն տեղեկությունների իսկությունը, ինչի մասին խոսվում է:

-Պարո՛ն Պետրոսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ չնայած այն հանգամանքին, որ Դուք Ազգային ժողովի ամբիոնից քարոզում եք ավանդական ընտանեկան արժեքները, բայց ժամանակին հենց Ձեր ուսանողների հետ եք հարաբերություն ունեցել, անգամ ամուսնության օր եք նշանակել, բայց ամուսնության օրը հրաժարվել եք ամուսնանալ: Խնդրում եմ պարզաբանեք, թե դրանք ինչ տեղեկություններ են, ինչի մասին է խոսքը։

-Դա հերյուրանք է, ուզում եմ՝ նա, ով նման տեղեկություն է տարածել, անուն-ազգանունով ասի, թե ես այդ որ ուսանողի հետ եմ ցանկացել ամուսնանալ։ Գիտեք` այս ամենն ինչի է նմանվում. մասնագիտական առումով եւ քաղաքական հետագծի առումով տեսնում են, որ ես անխոցելի եմ, տեսնում են այն հավատարմությունը, որ ես ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ իմ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ, եւ ուրիշ բան այլեւս չունեն խոսելու։ Ի՞նչ ուսանող, ի՞նչ հարսանիքի օր։ Ես ինչ նշանակում եմ, դրանից հետ չեմ կանգնում, ես ինչ որոշում եմ, դա անբեկանելի է լինում։

Այդ ո՞ր հիմարն է այդպիսի բաներ խոսել. իրենք թող մտածեն, որ իմ սեղանին Սահմանադրությունն է, իսկ իրենց սեղանին երեւի Կամասուտրայի գրքերն են։ Ի՞նչ ամուսնության օր, ի՞նչ ուսանողի հետ, կամ, ենթադրենք, ես ինչ-որ մեկի հետ հանդիպել եմ, դա ի՞նչ թեմա է, ուրիշ բան չունե՞ն խոսելու։ Թող իրենք իրենց մասին մտածեն. թե՞ իրենք մտածում են, թե մենք իրենց մասին չգիտենք, թե գիշերներն ինչ դիրքերով ինչերով են զբաղված։ Կամ դա ի՞նչ Ազգային ժողովի պատգամավորի թեմա է. բան ունեն ասելու, թող նախագծերին անուն դնեն։ Անձնական կյանքը հանեն եւ այն էլ այդպես խեղաթյուրված ձեւով ներկայացնե՞ն, երբ չի համապատասխանում իրականությանը։ Թող ասեն՝ որ ուսանողի հետ եմ այդպիսի բան նշանակել։

-Բայց, ըստ այդ տեղեկությունների, մի ուսանողի հետ հարսանիքի օր եք նշանակել, սակայն հարսանիքի օրը Դուք չեք գնացել։ Դուք քանի՞ անգամ եք ամուսնացել:

-Բայց ես այդ հարսանիքից առաջ պետք է նշանված լինեի, չէ՞։ Բա ոնցա՞, որ չեմ նշանվել։ Թող ասեն՝ ով է այս ուսանողը, որի հետ ես այդպիսի կոնտակտ եմ ունեցել։ Դա բացարձակ հերյուրանք է։ Հիմա ով է ասում, թող գա, հայտարարի, ես կսկսեմ լրիվ օրենքի ճանապարհով գնալ, այսինքն՝ պատվի, արժանապատվության պաշտպանության հայցով մտնեմ դատարան։ Իրենք պետք է հայտարարեն, թե որ ուսանողն է, այն գա դատարան եւ եթե չկարողանան ապացուցեն, արդեն իրավական հետեւանքներն իրենք կկրեն։ Ես այն մարդն եմ, որ եթե ինչ-որ բան արած եմ լինում, խոստովանում եմ՝ անկախ այն հանգամանքից, թե հանրությունն ինչ գնահատական կտա, բայց իսկապես նման բան չի եղել։ Լավ, ամոթ է, ասենք, ո՞ւր են հասել, արդեն քաղաքական տեխնոլոգիաները սպառել են, անցել են նման բաների՞։

Ես նրանց կոչ եմ անում լրջանալ, այսպիսի բաներն իրենց դիվիդենտներ չեն բերում։ Նրանք մտածում են, թե այդպիսի բաներ տարածելով` ինձ վարկաբեկում են, բայց նման բան անողը թող մի հատ դուրս գա, իրար հետ մի փոքր ման գանք, թող տեսնեն՝ ժողովուրդն ում ինչպես է վերաբերվում։ Ես պատգամավորի նշանն էլ չեմ կպցնում, բայց պատգամավորներ կան, որ եթե դոշի նշանը չլինի, ոչ ոք չի հասկանա, թե այդ մարդիկ ովքեր են, ինչով են զբաղված այս երկրի համար։ Մի հոգի բարեւ տվող չեն ունենա, ոչ ոք նրանց չի մոտենա։

-Նաեւ Դուք մշտապես ԱԺ ամբիոնից քարոզում եք ավանդույթներին, ավանդականին հավատարիմ մնալ, սակայն այդ նույն տեղեկությունների համաձայն` խնջույքների ժամանակ, երբ ալկոհոլ եք օգտագործած լինում, նախընտրում եք լսել ոչ թե հայկական, այլ թուրքական երաժշտություն եւ նույնիսկ անձամբ եք երգում։ Անգամ նշվում է, որ երկրպագում եք թուրք երգիչ Իբրահիմին:

-Եթե խնջույքների ժամանակ ոմանք հաշիշ, թմրամիջոց են օգտագործում, ես ալկոհոլ եմ օգտագործում։ Ընդ որում, ով ասել է, չի իմանում, որ ես երկար ժամանակ սպորտով եմ զբաղվելիս եղել, եւ դա ինձանից հեռու է եղել։ Իսկ հիմա, օրինակ, խնջույքի ժամանակ օգտագործում եմ։ Բայց թող իրենք իրենց թմրամիջոցների մասին խոսեն, իրենց հաճույքներից, արտառոց հաճույքներից թող խոսեն։ Այո, խնջույքների ժամանակ երգում եմ։

-Թուրքական երգեր երգո՞ւմ եք։ Խոսքը գնում է թուրք երգիչ Իբրահիմի մասին, ում Դուք իբրեւ երկրպագում եք։

-Ուրեմն ես լսում եմ եւ ժողովրդական երգ, եւ Դուք գիտեք, որ իմ ընտանիքում ես դաստիարակում եմ մի աղջկա, որը ժողովրդական երգի կատարող է, ժողովրդական երգարվեստի երկրպագու է, եւ այդ ձայնը շուտով կլսեք։ Բայց դա ի՞նչ կա. մարդիկ ռուսական էլ են երգում, թուրքերեն էլ են երգում, արվեստը ի՞նչ կապ ունի։ Թող իրենք մտածեն, որ հոգով են թուրք, ոչ թե երգելով։ Էդ իրենք որ տենց խոսում են, շատերի հագած շորերը թուրքական չե՞ն։ Թուրքիայից լոլիկ են բերում, մարդկանց կերակրում, դա չեք ասում, բայց Պետրոսյան Գեւորգը միջոցառման ժամանակ թուրքական ա լսել կամ երգել, դա՞ են ասում։ Ես էլ ասեմ՝ իրենք հոգով են թուրք, ես լսում եմ ե՛ւ դասական երաժշտություն, ե՛ւ ժողովրդական երաժշտություն, ե՛ւ երգում եմ։ Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն, եթե ուզում են լսեն՝ ինչ եմ երգում։ Բայց իմ կենցաղը տարբեր է, ունեմ տարբեր ընկերներ, դասարանի ընկերներ, թաղի ընկերներ, իրավաբան ընկերներ։

Մի տեղ երգելն ի՞նչ կապ ունի իմ քաղաքական գործունեության հետ։ Իմ ընկերների մեջ կարող եմ նաեւ երգել։ Թող ամաչեն, գնան օրենքների մասին մտածելու եւ դրանք կատարելու։ Թող մտածեն նրա մասին, որ հեղափոխություն կոչվածից հետո մարդկանց վիճակը չի լավանում, մի քանի սոված հասել է հաջողության։ Դա թողած` խոսում են, որ Պետրոսյան Գեւորգը երգում է, լավ եմ անում՝ երգում եմ։ Ես այն տղեն չեմ, որ խուսափեմ կամ հրաժարվեմ իր արածից։ Պետք ա եղել, երգել եմ, երգող մարդուց վտանգ չի սպառնում։ Իրենք երեւի նախանձում են, որ չեն կարողանում երգել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս