Հայտնիներից ու՞մ հետ է համագործակցում Ռիփփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժիրայր Գլենց» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո դերասանուհի, երգչուհի Ռիփփին էկրաններին գրեթե չենք տեսնում: Երկրպագուները հետաքրքրված են՝ արդյոք կտեսնենք նրան նոր դերում, եւ վերջապես՝ ուր է կորել իրենց սիրելի երգչուհին:

Պարզվում է՝ Ռիփփին առաջիկայում երկրպագուներին անակնկալ կմատուցի՝ տեսահոլովակի տեսքով: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց՝ թերեւս մինչեւ Ամանոր այն պատրաստ կլինի: Մի քանի ամիս առաջ երգչուհին թողարկեց տեսահոլովակ, հիմա ստեղծվում են զուգահեռաբար մի քանի երգեր: Դրանցից մեկի շրջանակում Ռիփփին համագործակցում է Գոռ Հակոբյանի հետ, թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը երգչուհին է. «Այդ գործի մեջ ներդրվել են ժողովրդական երգի մոտիվներ հենց Գոռի մտահղացմամբ:

Առհասարակ, շատ հետաքրքիր, էքսպերիմենտներով հարուստ, բազմազան, ոչնչով չսահմանափակված նախագիծ է, երգերը հիմնականում փոփ ժանրի են՝ երբեմն ռոքի, ժողովրդական երգի մոտիվներով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ խոստանալով հետագայում եւս պահել ակտիվությունը՝ հանդես գալով տեսահոլովակներով, առանձին սինգլներով, համերգային կատարումների վիդեոտարբերակներով:

Հարցին, թե դերասանական բուռն կարիերայից հետո արդյոք վերադարձել է երգչուհու կարիերային, Ռիփփին պատասխանեց. «Այս պահին իմ կյանքում երգարվեստն է առաջին պլանում: Ինչ վերաբերում է դերասանական ասպարեզին, ապա առաջարկների դեպքում բավական կամակոր ընտրություն եմ անում: Վերջերս ստացա առաջարկներ, որոնցից մի քանիսը մերժեցի: Ինձ համար կարեւոր է, որ արտադրանքը որակյալ լինի, որպեսզի ստանամ այն, ինչ ուզում եմ, ինչպես «Ժիրայր Գլենց» նախագծի դեպքում եղավ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռուստանախագծերում նկարահանվելը չի խանգարում երգչուհու կարիերային: «Դերասանուհու եւ երգչուհու գործունեությունը զուգահեռաբար ծավալում եմ, մեկը մյուսին չի խանգարում, բայց եթե գա մի պահ, երբ ստիպված կլինեմ ընտրություն կատարել, միանշանակ, կընտրեմ երգչուհու կարիերան եւ դրան ավելի մեծ ուշադրություն կդարձնեմ»,- մեկնաբանեց Ռիփփին:

Անի Անտոնյան




Լրահոս