Սոցապ նախարարությունը կիրականացնի «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաների խնամքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության երեխաների խնամքին աջակցելու իր մտադրության մասին։ Տեղեկանալով կենտրոնի հովանավորի՝ ֆինանսավորման դադարեցման մասին՝ նախարարությունը քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որի հետ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել այցելել «Թռչունյան տուն»՝ երեխաների և ծնողների կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։

Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով խնամքի կենտրոնին, նշել էր, թե երեխաների խնամքը ստանձնելու մասին հայտարարությունն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողը զրույց էր ունեցել խնամքի կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյան հետ, որը նշել էր, թե նախարարության կազմակերպած այցը, երևի թե, նպատակ ունի համոզվելու՝ հաստատությունում ամեն բան համապատասխանում է նորմերին, թե՝ ոչ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս կապակցությամբ հայտնում է, որ կառավարության ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում իրականացվող բարեփոխումների ծրագրում «Թռչունյան տունը» ներառված չէ, քանի որ այն ոչ պետական՝ մասնավոր կառույց է։ Նախարարությունը այցելություններ է կատարել հաստատություն՝ իրականացնելու կարիքների գնահատում։ Գիշերօթիկի երեխաների խնամքի վերաբերյալ նախարարությունը չի փոխել իր դիրքորոշումը. Եթե կարիքների գնահատման ընթացքում երեխաների վերադարձը ընտանիք լինի հնարավոր, նրանք կվերադառնան և աջակցությունը պետության կողմից կուղղվի հենց այդ ընտանիքներին։ Բոլոր այն դեպքերում, երբ կենսաբանական ընտանիք վերադարձը չի բխի երեխաների լավագույն շահից, շուրջօրյա խնամքը կիրականացվի «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:

Այսպիսով հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երբեք էլ չի հայտարարել մասնավոր հաստատությանը, այս դեպքում՝ «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնին, ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Խոսքը կարիքների գնահատման և երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելուն աջակցելու մասին է եղել, իսկ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Նախարարությունը վերահաստատում է պատրաստակամությունը՝ իր վրա վերցնելու երեխայների խնամքի հետ կապված բոլոր ծառայությունները։




Լրահոս