Եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, հրաժարականի դիմում կգրեր. Թեհմինա Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը: Բանն այն է, որ օր-օրի ավելանում է Հայկ Մարությանի գործունեության շուրջ դժգոհությունը, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որեւէ դրական տեղաշարժ չկա: Դժգոհությունների հասան գագաթնակետին այն ժամանակ, երբ պարզվեց, որ քաղաքապետարանը թաքցրել է այն գործարարների անուները, ովքեր քաղաքին աղբատար ավտոմեքենաներ են նվիրել: Կարծես թե այս խոսակցություններից խուսափելու համար Հայկ Մարությանը ընտրել է հեշտ տարբերակ` արձակուրդի դիմում է գրել ու մեկնել հանգստի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաեւ իր թիմի անդամները: Բանն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո իշխանության թեւի ներկայացուցիչների հետ անգամ չի շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, մեղմ ասած` մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում: Սա է նաեւ պատճառը, որ օր-օրի հասունանում են Հ. Մարությանի` հրաժարական տալու հիմքերը: Գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում գրեթե անհնար է նաեւ հանդիպել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, նրա հետ հարցեր քննարկել: Դրա մասին բազմիցս բարձրաձայնել են Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:

-Տիկի՛ն Վարդանյան, կարծես թե օր-օրի հասունանում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Վերջին երկու-երեք օրերի ընթացքում այնպիսի բացահայտումներ եղան, այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսեւորումների հետ, որ կարծում եմ, եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը եւ հրաժարականի դիմում գրեր: Կարծում եմ` հասարակությունը գնահատական է տալիս նմանօրինակ քաղաքային իշխանությանը, եւ ինչպես 81 տոկոսով հասարակությունը Հայկ Մարությանին ընտրել է քաղաքապետ, այդպես էլ 81 տոկոսով կկանգնի ու կպահանջի Հայկ Մարությանի հրաժարականը: Այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի աչքի առաջ, դրանից հետո ինքը տալիս է իր գնահատականը:

-Բայց, կարծես թե, «Իմ քայլը» խմբակցությունում կամակարծիք չեն Ձեր պահանջների հետ կապված, ավելին` գոհ են Մարությանի աշխատանքից ու կարծում են, որ պահանջը տեղին չէ:

-Այսինքն` ընդդիմությունը ուռճացնո՞ւմ է այն, որ շուրջ 6000քմ ինքնակամ տարածք օտարվել է Սամվել Ալեքսանյանի կնոջ անունով, որի հրամանը, քաղաքապետի որոշումը ստորագրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Ընդդիմությունը ուրճացնո՞ւմ է, որ ամիսներ շարունակ ժողովրդին խաբում էին, թե քաղաքը ձեռք է բերել թվով 50 աղբատար մեքենա, եւ պարզվեց, որ մասամբ քաղաքը ինչ-ինչ պատճառներով նվեր է ստացել. որտե՞ղ կա այստեղ ուռճացում:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս