ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել եւ մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել են» իրենց մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով:
«Autocom Japan» ընկերության Հայաստանյան ներկայացուցիչներից Նարեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այժմ պատվերներ չի ընդունում: «Քանի որ հնարավոր է, որ ներկայիս պատվերները տեղ չհասնեն մինչեւ հունվար: Թե չէ ճապոնական ու ամերիկյան աճուրդները օգտատերերի համար փակ չեն: Բաց են միայն այն ցանկացողների համար, որոնք պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում. այսինքն` եթե հունվարին հասնի մեքենան, ապա միայն իրենք պետք է լրացուցիչ գումարը վճարեն: Ես միայն այդ դեպքում կարող եմ պատվիրել: Եւ այս պահի դրությամբ կան մարդիկ, որոնք համաձայն են այդ պայմաններին եւ պատվիրում են»,- մասնագետը ներկայացրեց իրավիճակը:
Պարզվում է` վրացական շուկայում եւս թանկացումներ են: Պատճառը դարձյալ հունվարի 1-ից սպասվող փոփոխություններն են. «Դե մարդկանց մի մասը չեն կարող պատվիրել, որովհետեւ ձեռնտու չէ, թանկ է, բնականաբար ստիպված գնում են կա՛մ հայաստանյան շուկայից, կա՛մ էլ Վրաստանից»: Մասնագետի խոսքով` ամենատարածված մոդելը Հայաստանի համար Ճապոնիայից պատվիրված Nissan Tida-ն է, որը մեկ տարի առաջ տեղական շուկայում վաճառվում էր 3000-3500 դոլարի սահմաններում, այժմ այն 4000-4500 դոլար է: Իսկ, ահա, 2020 թվականին նույն մեքենան կթանկանա ավելի քան 2000-3000 դոլարով: Բացի այս, կան մարդիկ, որոնք ունեն ներկրած մի քանի մեքենա, բայց չեն շտապում դրանք հիմա վաճառել: Անհամբեր սպասում են հունվարի 1-ին, որպեսզի բարձր գնով վաճառեն:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ մարդիկ կան, որոնք մեքենա ներկրում են` վարկային միջոցներ ներգրավելով. «Կան մարդիկ, որոնք վարկեր ունեն, շատ են մեքենա պատվիրել եւ չեն կարողանալու մի քանի ամիս պահել ու ստիպված են հիմա հանել վաճառքի: Իսկ, ահա, նրանք, որոնք ֆինանսապես ապահովված են, բնականաբար կպահեն, որ 2020 թվականին վաճառեն ավելի թանկ գնով»:
Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր հերթին պնդեց, որ մի քանի օրերի ընթացքում մոտ 30 տոկոսով ավտոմեքենաների գները բարձրացել են:
«Ճապոնական աճուրդների դիլլերները պայմաններ են դրել մերոնց առաջ. նախ` չեն երաշխավորում, որ կարող են մեքենան հասցնել ուղարկել մինչեւ հունվարի 1-ը, երկրորդ` նրանք բարձրացրել են տեղափոխման գինը մոտ 500 դոլարով եւ մեքենայի ձեռքբերման գինը` դարձյալ մոտ 500 դոլարով: Բացի այս, ապառիկ տարբերակով չեն աշխատում, պահանջում են ամբողջ գումարը ուղարկել: Վրաստանի շուկայում խաղացողները` ադրբեջանցիներն ու վրացիները նույնպես, տեսնելով մեր վիճակը, առիթից օգտվելով, բարձրացրել են մեքենայի գները»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը օրինակներ բերեց` նշելով, որ 7-8 տեղանոց ավտոմեքենան թանկացել է 2 անգամ: Նախկինում դրանք Ճապոնիայից ձեռք են բերել 1500-2000 դոլարով, հիմա այն 5000 դոլար է, նույն մեքենան ԱՄԷ-ում էլ է թանկացել: Հիմա դրանք մեր տեղական շուկայում 10 հազար դոլար արժեն:
«Այս պահին ավտոշուկայում մեքենա գրեթե չկա: Դրանք արագ սպառվում են: Ոչ միայն մերոնք, այլեւ ղազախները, ռուսները գնում են, վրացական գյուղերից են մեքենա գնում, որ բերեն այստեղ ու թանկ գնով վաճառեն»,- լրացրեց Հովհաննիսյանը:
Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ ավտոներկրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ են գրել: Ըստ Տիգրան Հովհաննիսյանի` դրական արձագանք են ստացել. «1-7 տարեկան մեքենաների դեպքում մաքսային տարիֆները կէժանանա: Բայց մենք առաջիկայում նորից դիմելու ենք, որպեսզի 1-15 տարեկան մեքենաների վրա տարածվի դա»:
Ի դեպ, ավտոներկրողներն առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու, որտեղ մանրամասն կքննարկեն Պուտին-ավտոներկրողներ նամակագրական կապի եւ ռուսական կողմի առաջարկների մասին:

 

 

 

 

ՏՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԸ` ՏԱՐԵՑԻ ԽՆԱՄԱՏԱՐ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» նոր նախագիծ է քննարկման դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայություններ կմատուցվի իրենց տանը խնամատար ընտանիքի կողմից:

Բայց խնամատար կարող է դառնալ ՀՀ տարածքում մշտապես բնակվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան չունեցող ընտանիքը, եթե ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 100-ը: Այսինքն` խնամատար ամուսինները կարող են լինել 50 տարեկան կամ կամ մեկը` 48 մյուսը` 52 եւ այսպես շարունակ: ստացվում է, որ նախարարությունը նախապատվությունը տվել է բարձր տարիքի անձանց: Ենթադրվում է, որ երիտասարդները չեն կարող օգտվել այս ծրագրից: Բացի այս, խնամատար ընտանիքը պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան եւ պետք է բնակվի միայնակ տարեցի տանը եւ խնամի նրան: Եթե հավատանք այս ծրագրին, ապա ծառայությունը շահավետ է երկուսի համար. տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը` առանց բնակարանի համար վարձ վճարելու բնակվելու հնարավորություն տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Բայց հույս ունենանք, որ այս ծրագիրը չի մնա որպես զուտ փաստաթուղթ, այլ կյանքի կկոչվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի եւ ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը: Որպես ծրագրի երաշխավոր` հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը` հանձինս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Ի դեպ, այս նախագծի ընդունումից հետո` առաջին տարվա ընթացքում, ծառայություններից կօգտվի առնվազն 50 տարեց, իսկ հետագայում նախտեսվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի: Արդյոք տարեցները կվստահեն իրենց բնակարաններում, տներում երկարաժամկետ «հյուրընկալել» այլ ընտանիքի: Սա հարց է, որին պատասխան չկա:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս ձեւաչափը կկիրառվի հիմնականում մեծ քաղաքներում: Ծառայությունը գտնվելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խիստ հսկողության ներքո:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.- ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հա մակերեսով հողակտորներ: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի եւ աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռեւս Դիլիջան համայնքին չեն վերադարձվել:
Բացի այս, մինչեւ 2005 թվականը օրենսդրության խախտումներով ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Դիլիջան քաղաքում ձեռք է բերել նախկին հանրակացարանային շենք: Հայաստանի անկախանալուց հետո այդ շենքը ծառայել է որպես Սպիտակի երկրաշարժից անօթեւան մնացածների, Ադրբեջանից փախստական հայ ընտանիքների բնակության վայր: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Դիլիջանի համայնքապետարանին հայտնել են, որ շենքը Մանվել Գրիգորյանին օտարվել է անօրինական կարգով եւ պետք է վերադարձվի Դիլիջան համայնքին: Նախարարության իրավաբանները Դիլիջանի համայնքապետարանում ուսումնասիրել են շենքի օտարման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Դիլիջանի համայնքապետարանից հայտնեցին, որ նշված շենքը դեռեւս չի վերադարձվել Դիլիջան համայնքին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս