ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԵՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում որոշել են պայքարել այն պատգամավորների դեմ, որոնք այլ կարծիք են արտահայտում: Մասնավորապես, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից հետո սա արձակուրդից հետո խմբակցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին, եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսիջները: Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաեւ խմբակցությունում առկա բազմակարծության մասին, եւ որոշում է կայացվել հետագայում առաջնորդվել եւ շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին եւ քննարկել նրանց դարձի բերելու տարբերակները:
Նկատենք, որ այդ բազմակարծությունն ակնհայտ դարձավ հատկապես Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու թեմայից հետո: Բանն այն է, որ պատգամավորներին զգուշացված է եղել չխոսել այդ թեմայով, սակայն եղել են օրենսդիրներ, որոնք դեմ են գնացել խմբակցության ընդհանուր որոշմանը: Այդպիսի պատգամավորների թվում է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, որը դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը եւ «Էլարդի» եզրակացությունն ավելի շուտ բացասական է համարել, քան դրական: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հենց Զոլյանից ճշտել, թե ինչու պատգամավորն այս հարցում միայնակ թողեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ ինչպես կվարվի հետագայում եթե կրկին համակարծիք չլինի մեծամասնության կարծիքի հետ:
-Պարո՛ն Զոլյան, վերջին շրջանում պարզ դարձավ, որ իշխող խմբակցության կազմում միակարծություն առկա չէ, այն էլ` կարեւոր հարցերի պարագայում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:
-Մեր խմբակցությունում միշտ էլ գոյություն են ունեցել տարբեր տեսակետներ տարբեր հարցերի շուրջ, եւ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման թեման էլ բացառություն չէ: Ես չեմ կարծում, թե սա մեծ խնդիր է կամ պառակտման վտանգ կա այստեղ:
-Այսինքն` պատգամավորները կաշկանդված չե՞ն իրենց տեսակետն արտահայտելու:
-Ամեն պատգամավոր ինքն է որոշում` տեսակետ հայտնել, թե չէ: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` մեկը հայտնում է տեսակետ, մյուսը` ոչ: Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը պետք է կաշկանդված լինի:
-Ամեն դեպքում, Դուք այնպիսի կարծիք արտահայտեցիք Ամուլսարի հարցով, որը մեծամասնության հետ համահունչ չէր: Կաշկանդված չե՞ք լինի հետագայում էլ Ձեր տեսակետն արտահայտել:
-Ես նոր բան չունեմ ասելու այդ առումով: Ես իմ տեսակետն արտահայտել եմ եւ հիմա դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ: Բացի դրանից, հիմա այդ հարցը գնացել է Շրջակա միջավայրի նախարարություն, որը պետք է եզրակացություն հայտնի, դրա համար ես իմաստ չեմ տեսնում դրա մասին խոսել:
-Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ դուր չի եկել, որ Ամուլսարի հարցում պատգամավորներից շատերը նրան մենակ են թողել: Դուք համաձա՞յն եք, որ նրան մենակ եք թողել:
-Ես չգիտեմ դրա մասին: Իհարկե, ես նրան մենակ չեմ թողել: Մենք ամեն դեպքում, աջակցում ենք վարչապետին, եւ որեւէ նման խնդիր չկա: Կան տարբեր հարցեր, որտեղ մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ:
-Խմբակցությունում չե՞ն կաշկանդում Ձեզ` ասելով. որ չպետք է դեմ կարծիքներ արտահայտեք:
-Խմբակցության քննարկումների մասին ես չեմ կարող խոսել, որովհետեւ եթե ասեմ` ինչ է տեղի ունենում եւ ինչ` ոչ, նշանակում է, որ ես պետք է խոսեմ ներքին խնդիրների մասին: Բայց ես կրկնում եմ` չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է կաշկանդված լինել որեւէ կարծիք արտահայտելուց:
-Ամեն դեպքում, նշվում է, որ նախօրեին խմբակցության փակ նիստում հենց դա են փորձել հասկացնել պատգամավորներին:
-Հիմա Ձեզ ինչ էլ ասեմ, կստացվի, որ անդրադառնում եմ ներքին հարցերի: Մենք միշտ էլ քննարկում ենք շատ տարբեր հարցեր, ընթացիկ իրավիճակ, այլ հարցեր, ռազմավարական խնդիրներ:
-Դուք նշեցիք, որ այժմ Ամուլսարի հետ կապված հարցը Շրջակա միջավայրի նախարարությունում է: Եթե եզրակացությունը նույնը լինի, կրկին դեմ կարտահայտվե՞ք:
-Եկեք սպասենք այդ եզրակացությանը, նոր խոսենք: Ես կաշկանդված չեմ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԿՈՆՍԵՆՍՈՒՍՆ Է

Վայոց ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռեւս շարունակում է մնալ ԱԺ տարբեր խմբակցություններում փակ քննարկումների թեմա։ Ավելի թեժ են քննարկումներն ընդդիմադիր խմբակցություններում, քանի որ, կարելի ասել, իշխանությունների համար հանքի շահագործման հարցը դրական եզրահանգումներ է ստանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական ընդդիմությունն այս օրերին փորձում է հստակեցնել իր դիրքորոշումը, որպեսզի աշնանը սպասվող զարգացումներին կարողանա հստակ եւ հիմնավորված դիրքորոշում ներկայացնել հանրությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ՝ պարզելու ԲՀԿ-ի դիրքորոշումը հանքի շահագործման վերաբերյալ։
-Պարո՛ն Աբովյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը վերջնական ի՞նչ դիրքորոշում ունի հանրության շրջանում բուռն քննարկումների առարկա դարձած Ամուլսարի հանքի հետագա ճակատագրի վերաբերյալ։
-Մեր որոշումը շատ հստակ է. յուրաքանչյուր հարց ՀՀ-ում կամ կառավարության որոշում պետք է լինի իրագործելի միայն եւ միայն հանրային կոնսենսուսի արդյունքում։ Սա մեր դիրքորոշումն է եւ վերջ։
-Ստացվում է, որ հանրությունը պահանջում է չշահագործել հանքը, իսկ իշխանությունների դիրքորոշումից հասկանալի է դառնում, որ Ամուլսարը պետք է հանք դառնա։ ԲՀԿ-ն ո՞ւմ կողքին է կանգնելու։
-Տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ պետք է անպայման լինի հանրային կոնսենսուս, իսկ մինչեւ դա չլինի, որեւէ գործընթաց չպետք է ընթանա։ Սա մեր դիրքորոշումն է, եւ այլ բանի մասին խոսել այս պահին իրատեսական չեմ համարում։ Այստեղ որեւէ բայց չի կարող լինել. հստակ կա դիրքորոշում, իսկ դա հանրային կոնսենսուսն է։ ԲՀԿ խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին, ու Ձեր հայտարարությունը այդ մասին` իշխանությունների հետ կապված, այլ պարզաբանում չունի։ Եթե իշխանությունն ասում է, որ հանքի շահագործմամբ վտանգ չի տեսնում, ապա հանրության հետ նստի հաշվի, թող նստեն խոսեն, հասկանան, պարզաբանեն։ Ու եթե իշխանությանը հաջողվի հանրային կոնսենսուսի հասնել, եւ իրենց փաստարկներն էլ համոզիչ լինեն, ապա, խնդրեմ, յուրաքանչյուր գործընթաց կարող են սկսել։ Իսկ եթե չլինի ընդհանուր համաձայնություն, կարծում եմ՝ որեւէ գործընթաց չպետք է ընթանա։
-Վարչապետը Ջերմուկ մեկնեց, խոսեց տեղացիների հետ, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում պարզաբանեց ամեն ինչ. սա բավարար չէ՞ր հանրային կոնսենսուսի հասնելու համար։ Դուք հանդիպե՞լ եք, պարզե՞լ եք` այս ամենից հետո նրանց դիրքորոշումը փոփոխվել է, թե ոչ։
-Այո, իհարկե հանդիպել ենք, ու կարելի է եզրակացնել, որ այս հարցի շուրջ կոնսենսուս չկա։ Բայց եկեք այժմ եթեներով չխոսենք. մենք ցանկացած պարագայում ժողովրդի կողքին ենք։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ ԷՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ՏՈՒՐՔԵՐԸ
Հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը, նախորդ տարիների համեմատ, նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 683 մլն 979 հազար դրամի չափով հարկ ու տուրք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 767 մլն 836 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2015-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 859 մլն 366 հազար դրամ: Հավանաբար հարկերի նվազեցման պատճառն այն է, որ դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ պետականացվեց մասնավոր բիզնեսը, ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա: Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:

 

 

2 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաջորդ տարի պատրաստվում է լիցենզիաներ եւ թույլտվություններ տրամադրել արեւային էլեկտրակայաններին եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվել է հատկացնել 795 միլիոն 561 հազար դրամ։ Այդ գումարով նախատեսվում է իրականացվել մեկ ծրագիր, որը ներառում է 2 միջոցառում: Նախատեսված գումարի մեկ տոկոսը կհատկացվի այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում է ՀԾԿՀ-ն, եւ լիցենզիաներ եւ թույլտվություններ կտրամադրվեն արեւային էլեկտրակայաններ եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին: ՀԾԿՀ-ի գործառույթներից է նաեւ սակագների հայտերի քննումն ու սահմանումը, սպառողների դիմումների քննում՝ մոնիտորինգի իրականացումը: Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020թ-ին նախատեսում է իրականացնել 6 ծրագիր, որի համար հատկացվելու է շուրջ 12,6 միլիարդ դրամ: Այդ գումարով կիրականացվի, մասնավորապես, մասնագետների պատրաստման` ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցությունը, որը ենթադրում է համալսարանների հետ համատեղ, մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող մասնագետների պատրաստման ծրագրերի իրագործում, մասնագետների վերապատրաստման դասընթացներ:




Լրահոս