Ինչ է արել ավագ դատախազը, և ինչու դադարեցվեց հետապնդումը նրա նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարի հետախուզման մեջ գտնվող Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը համաներմամբ ազատ է արձակվել եւ նրա մասով քրեական գործն էլ կարճվել է:

Ինչպես հայտնի է 2017 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ-ում «Ինտերպոլի»-ի միջոցով Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուկրաինայի Կիեւ քաղաքում հայտնաբերել եւ ձերբակալել էին 37-ամյա Խաչատուր Բ.-ն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչատուր Բ.-ն 2012թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Խաչատուր Բ-ն, որին իրավապահները կաշառքի գործով հայտնաբերել էին:
«Ժողովուրդե օրաթերթը տեղեկացել էր, որ 5 տարի հետախուզման մեջ գտնվող անձը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանն է:

Իսկ 2012 թվականին իրավապահները ի՞նչ էին բացահայտել Խաչատուր Բաղդասարյանի գործունեության մասով, որ նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել ու 5 տարի փնտրում էին ու փնտրում:

Պարզվում է՝ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի՝ նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը եւ այն գրավադրելով իր ծանոթի անվամբ՝ որպես վարկ ստացել է 4 մլն 400 հազար դրամ ու խաբեությամբ հափշտակել:

Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս. Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ՝ ստացել է 43 հազար դոլարի վարկ եւ հափշտակել:

Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ այն իրավապահները բացահայտել էին:
Սակայն այս պատմության ամենաաղմկալի բացահայտումն այն է, որ Կոտայքի բնակիչ հանցակից է եղել ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ով կեղծ գործարքներին ընթացք չտալու պայմանով Ափոյանից պահանջել էր 9 հազար դոլար կաշառք:

Այս աղմկահարույց բացահայտումը իրականացրել էր ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, սակայն վերջինիս բացահայտումից հետո ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին ձերբակալել հնարավոր չէր եղել, քանի որ նա կարողացել էր փախուստի դիմել Հայաստանից:

Եվ ահա հայտնաբերվեց եւ նրա գործը գնաց դատարան: Արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը կայացրեց որոշումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում Բաղդասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց և քրեական գործի վարույթը կարճեց:




Լրահոս