Զինվորի մահվան պատասխանատվությունը՝ Արտակ Դավթյանի ուսերին. ՊՆ-ում կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վահրամ Ավագյանը, ըստ նախնական վարկածի, զորքի առջեւ կրակել էր կրծքավանդակին եւ մահացել էր: Զինվորի մահվան գործով ձերբակալվել են 3 ժամկետային զինծառայողներ, որոնց մեջ է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին` Դավիթ Մովսիսյանը:

Զինվորի մահվանից հետո մամուլում հրապարակվեց, թե ՊԲ վերոնշյալ զորամասում հայտնի պաշտոնյաների որդիներն են ծառայում, ինչպես նաեւ աղմկալի մանրամասներ՝ «էլիտար» զորամասի ու այնտեղ տիրող բարքերի մասին: Իհարկե, Արցախի ՊԲ-ն հերքել էր ինֆորմացիան, սակայն նկատենք, որ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունում սկսել են ուսումնասիրվել: Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարությունում են կրքերը թեժանում:

Այսպիսով, դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք. նա, 1994 թվականից լինելով Պաշտպանության նախարարության աշխատակից, շատ լավ տիրապետում է, թե նախարարության ներսում ինչ է կատարվում, եւ հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել այդ երեւույթներն արմատախիլ անելու գործընթացին:

Սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: Ասել է թե՝ Դավիթ Տոնոյանը հանդիպում է դիմադրության: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները, հնաբնակ պաշտոնյաները նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ կռվի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է, այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ զորամասերում զինվորների հետ տեղի ունեցած դեպքերի մասով Պն-ում ներքին խոսակցություն է եղել, թե ինչու նախարար Դավիթ Տոնոյանը չի զսպում բանակում տիրող անհավասարությունը, ինչու պետք է պաշտոնյաների որդիները արտոնյալ պայմաններում ծառայեն: Ի պատասխան՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը նշել են, որ Դավիթ Տոնոյանը գեներալիտետի բեսպրեդելի դեմ ուժեղ պայքար էտանում դեռ վաղուց, պարզապես դիմադրությունը այնքան մեծ է, որ նրա քայլերը տեսանելի չեն: Ասել է թե՝ նախարարը պատերազմ է հայտարարել հին բարքերով ապրող ու գործող գեներալիտետի դեմ, ու թե ինչով կավարտվի դա, ցույց կտա ժամանակը:

Իսկ հիմա` ավելի առարկայական: «Ժողովուրդ» օրաթերթին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` մինչ Վահրամ Ավագյանի մահվան դեպքը` 2019 թվականի հոկտեմբեր ամսին, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին:

Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Քաղաքացին ՀՀ ՊՆ ղեկավարությունից խնդրել է իրավիճակին լուծում տալ: Ու երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա հրահանգել է արձանագրություն կազմել եւ թեժ գիծ ահազանգած քաղաքացու բողոքը անմիջապես ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Դատելով իրավիճակից՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական մահվան դեպքը: Ըստ էության, քաղաքացիներն ահազանգել են իրավիճակի մասին, տեղյակ են պահել ԶՈՒ ղեկավար կազմին, սակայն դժբախտ դեպքը չի կանխվել, որի միակ պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է:

Ու Վահրամ Ավագյանի մահը հենց Արտակ Դավթյանի խղճին է, ով ժամանակին չի կարողացել կամ չի կանխարգելել արտոնյալ զինվորների գործողությունները, ինչը ունեցավ ճակատագրական ավարտ:

«Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան եւ դրա հետեւանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից,սակայն նա ողջօրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ ելքեր գտնելու համար,ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաեւ մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել:

Մենք հետամուտ կլինենք այս խնդրի վերջնական բացահայտմանը:

Քնար Մանուկյան




Լրահոս