«ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտության, շոու-բիզնեսում քաղաքական հողի վրա առաջացած ճամբարների եւ այլ թեմաների շուրջ:

-Անդրանի՛կ, առաջիկայում ի՞նչ նոր բեմական եւ էկրանային նախագծերով հանդես կգաք: Երկրպագուները ուրախանալու առիթներ կունենա՞ն:
-Այո, երկու ամսից մանկական նոր ներկայացում կմատուցենք հանդիսատեսին, բացի այդ, պլանավորում ենք Ռաֆայել Երանոսյանի հետ ֆիլմ նկարել, իսկ «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում կշարունակենք ներկայացնել նոր, հետաքրքիր երգեր: Մի խոսքով, 2020-ին եւ, առհասարակ, մինչեւ մեր վերջին շունչը փորձելու ենք հանդիսատեսին եւ հեռուստադիտողին ժպիտ պարգեւել:
-Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտությունը բավական բուռն կերպով քննարկվեց օնլայն տիրույթում: Դուք եւս անդրադարձաք դրան: Ի՞նչ եք կարծում, երբեւէ հնարավո՞ր է նորից Ձեր նախկին կազմով համագործակցեք:
-Միանշանակ, պատկերացնում եմ: Իրոք, կարոտում եմ միասին անցկացրած մեր օրերը: Մինչեւ այսօր էլ, չխախտելով ամենամյա ավանդույթը, ամեն Ամանորին հավաքվում ենք Հայ Մարությանի տանը, նշում ենք Նոր տարին: Նա մեր աչքին, մեզ համար չի փոխվել եւ մնում է մեր ընկերը, բայց թո՛ւյլ տվեք մի խումբ անձանց կոչ անել. խնդրում եմ, այլեւս երբեք մի՛ դիմեք ինձ՝ ասելով. «Հայկը քո ընկերն է, թող մեզ այսինչ հարցում օգնի»: Հայկը իմ ընկերն է, բայց ես սիրում եմ նրա հետ միայն ընկերություն անել, իսկ գործնական թեմաներով բացարձակ չենք զրուցում: Իսկ Հայկի եւ Մկոյի հանդիպման պահն իսկապես հուզիչ էր: Մոտավորապես 4-5 տարի նրանց մտերմությունը շատ սերտ չէր, չգիտեմ՝ ինչն էր պատճառը: Իսկ երբ նրանք գրկախառնվեցին, հուզվեցի: Լեւոն Հարությունյանն ասում է՝ երբ Հայկն ու Մկոն փաթաթվեցին, Իվան՝ Հայկի կինը, սկսեց արտասվել, այդ պահին Լեւոնն ինքն էլ է հուզվել: Այնպես որ, շատերին է ուրախացրել նրանց հանդիպումը:
-Գաղտնիք չէ, որ քաղաքական հողի վրա շոու-բիզնեսում երկու տարբեր ճամբարներ են գոյացել՝ իշխանամետ եւ ընդդիմադիր: Ինչպե՞ս եք զգում Ձեզ այդ մթնոլորտում, արդյոք եղե՞լ է, որ քաղաքական կողմնորոշման պատճառով որեւէ մեկի հետ հարաբերություններ փչացնեք:
-Նախ ասեմ, որ բոլոր իշխանությունների օրոք ես լավ եմ ապրել, երբեւէ որեւէ բանի կարիք չեմ ունեցել, ոչինչ չի խանգարել ինձ ապրել եւ արարել: Պարզապես մի «բայց» կա. նախորդ իշխանությունների օրոք ժողովուրդը վատ էր ապրում, իսկ հիմա հնարավորություն ունի լավ ապրելու: Ոչ մեկին ո՛չ դեմ եմ, ո՛չ կողմ, պարզապես ուզում եմ, որ մեր ազգը ժպիտով, ուրախ ապրի, ինչպես 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Ինչ վերաբերում է շոուբիզնեսյան մթնոլորտին, ասեմ, որ բոլորի հետ մտերիմ եմ, ունեմ ջերմ հարաբերություններ՝ անկախ քաղաքական հայացքներից: Ես չեմ ուզում ասել՝ այսինչը սխալ է, որ այնինչի կողմն է… Բոլորս հայ ենք, պետք է միաբան լինենք, փորձենք գոնե մի օր մեկս մյուսին ժպտալու հնարավորություն տանք:
-Ձեր սքեչերում, սթենդ-ափ ներկայացումներում առաջիկայում ե՞ւս կանդրադառնաք քաղաքական թեմաների, ինչպես դա արել եք, օրինակ, «Գլամուրային չոբանների» կամ «Բումերանգի» դեպքում:
-Քանի որ փոքր ազգ ենք, բավական քաղաքականացված ենք, եւ այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր ներկայացման մեջ անդրադառնում ենք քաղաքական թեմաների: «Բումերանգը», այո, հիմնականում քաղաքական թեմայով է եւ կարծես այսօրվա քաղաքական դաշտի արտացոլանքը լինի: Օրինակ՝ նախորդ իշխանությունները ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ իրականում պատժվում են իրենց արածների համար: Մեր երգերում եւս կանդրադառնանք քաղաքական թեմաների:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանն է: Քչերը գիտեն, որ նա նախ ուսանել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում, ապա կրթությունը կիսատ է թողել եւ տեղափոխվել է Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարանի միջազգային մարքեթինգի բաժինը: «Երբ 2005 թ. վերադարձա Հայաստան, այդ տարի ԵՊՀ-ում առաջին անգամ էր բացվել Մարքեթինգի բաժին, այդ մասնագիտությունը չափազանց պահանջված էր: Եվ չնայած ես աշխատանքային փորձ չունեի, ուր էլ դիմում էի, միանգամից մարքեթինգի գծով տնօրեն էին նշանակում: Ցավոք, քիչ աշխատեցի, ուսումս ավարտելուց կարճ ժամանակ անց ամուսնացա, մեկնեցի Մոսկվա: Ամեն դեպքում, հենց թեկուզ անգլերենի գերազանց իմացությունը ինձ շատ է օգնել, հաճախ գիտալիքներս կիրառել եմ նաեւ՝ ամուսնուս բիզնես խորհուրդներ տալով»,-ասաց Գոհարը: Որպես մարքեթինգի գծով տնօրեն՝ Գոհարն աշխատել է ընդամենը մեկ տարի: Ամեն դեպքում, մասնագիտությունը շատ է օգնել ներկայիս գործունեության մեջ, օրինակ՝ միջազգային մրցույթների ղեկավարների հետ հարաբերվելիս. «Պատահում է, որ կիրառում եմ դիվանագիտությանը, բիզնես էթիկետին առնչվող գիտելիքներս: Հաճախ ուսումնասիրում եմ տարբեր երկրների բիզնես մշակույթը. այդ դեպքում եւս օգնության է հասել մասնագիտությունս»,-եզրափակեց Գոհարը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Փետրվարի 1-ին լրացավ «Ժողովուրդ» օրաթերթի 9-ամյակը: Խմբագրակազմը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան.
«Շնորհավորում ենք «Ժողովուրդ» օրաթերթի ողջ աշխատակազմին թերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան.
««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի՛ խմբագրակազմ, Բարձրագույն դատական խորհրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ: «Ժողովուրդ» օրաթերթը, իր ուրույն ու բացառիկ ձեռագրով մշտապես հանդես գալով ընթերցողին լրատվություն հասցնելու կարեւոր առաքելությամբ, իր նշանակալի դերակատարումն ունի խոսքի ազատության, մշակույթի ձեւավորման եւ ընթերցողին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն մատուցելու գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով բարի, անխոչընդոտ ընթացք հետագա լրատվական եւ ստեղծագործական գործունեության ճանապարհին»:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան.
«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի տարեդարձը: Հետադարձ հայացք նետելով թերթի անցած ճանապահին՝ կարող ենք արձանագրել, որ այն իր ուրույն տեղն ունի հայ մամուլի պատմության մեջ: Թերթը, իր որդեգրած քաղաքականության եւ համարձակ լրագրողների շնորհիվ, ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի իրավական, հասարակական, քաղաքական բոլոր կարեւոր իրադարձությունները: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի տարեդարձը, մաղթում նորանոր հաջողություններ ու հարատեւություն»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան.
««Ժողովուրդ» օրաթերթի սիրելի՛ գործընկերներ, սիրով շնորհավորում ենք ձեզ օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ: «Ժողովուրդ» օրաթերթն իր կարեւոր տեղն է զբաղեցնում լրատվության ոլորտում՝ ձեր մասնագիտական բարձր հմտությունների, հասարակության եւ պետության միջեւ կապն արդյունավետ ապահովելու շնորհիվ: Անփոխարինելի է լրագրողների դերը ժողովրդավարության զարգացման եւ խոսքի ազատության խթանման հարցում: Ձեր աշխատանքի շնորհիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի, մեր երկրում տեղի ունեցող գործընթացների մասին: Մաղթում ենք ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մասնագիտական նոր ձեռքբերումներ, որպեսզի կարողանաք մշտապես բարձր պահել լրագրողի ու լրատվամիջոցի հեղինակությունը»:

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան.
«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթին 9-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ մասնագիտական աճ եւ ստեղծագործական հաջողություններ»:

««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան.
«Շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ: Հավատացե՛ք՝ ես միշտ ուրախանում եմ Ձեր եւ Ձեր երիտասարդ անձնակազմի հաջողություններով: Վստահաբար կարող եմ ասել, որ ձեր թիկունքում կանգնած է Հայաստանի ժողովուրդը: Դուք մեր բոլորինն եք եւ երբեք թույլ չեք տվել՝ որեւէ մեկը ձեզ թելադրի կամ պահանջներ ներկայացնի: Գիտեմ՝ ձեր ճանապարհը այնքան էլ հարթ չի եղել, բայց, Աստված է վկա, մենք ձեզ սիրում ենք, հարգում ենք եւ վստահում ենք՝ միշտ ձեզ հետ, ձեզ համար, ձեր թիկունքին անաչառ կանգնած: Լինելով անկախ օրաթերթ՝ դուք ժամանակին ձեր խոսքն եք ասել եզդի ժողովրդի ցեղասպանության եւ Շանգալի ցավի մասին: Ես հավատացած եմ, որ դուք միշտ էլ եղել եք անաչառ, ռեալ, լավագույնը՝ անկախ դրանից՝ դա բոլորին կգոհացնի, թե ոչ: Ես ասում եմ ճշմարտությունը, պարզություն է եւ ապացուցման կարիք չունի: Հիմնադրման օրվանից դուք բարձր եւ անաղարտ եք պահել լրատվամիջոցի եւ լրագրողի հեղինակությունը: Աստված ապավեն»:




Լրահոս