ԼԵՈՆ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական թոփ 5 առաջնություններում արդեն փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը, սակայն մինչեւ հաջորդ պատուհանի բացվելը երկրպագուները տրանսֆերային խոսակցություններից, քննարկումներից հանսգտանալ չեն կարող: Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կարող է լքել «կապտանռնագույնների» ճամբարը: Այս թեման ոչ միայն ֆուտբոլային, այլ նաեւ սպորտային գլխավոր քննարկվողն է վերջին օրերին: ՄԵսսին զայրացած է կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի պահվածքից եւ չի ցանկանում իր կարիերայի վերջնամասն անցկացնել «Բարսելոնայում»: Այսպիսի խոսակցություններն արդեն գլխապտույտ են առաջացնում, բայց մեկ բան հաստաստ է՝ Իսպանիայի գործող չեմպիոնների ներքին խոհանոցում ամեն ինչ խառն է:

«Բլաուգրանայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը օրեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որը բառիս բուն իմաստով հունից հանեց թիմի պատմության լավագույն ռմբարկուին. «Շատ ֆուտբոլիստներ դժգոհ էին եւ չէին ցանկանում խաղալ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ: Նրա ժամանակ ամեն ինչ չէ, որ նորմալ էր, նույնիսկ կային ֆուտբոլիստներ, որոնք չէին տրամադրվում մարզումներին այնպես, ինչպես հարկավոր էր», -ասել էր ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը: Լեոյի պատասխանն ավելի քան կոպիտ էր եւ «վախեցնող». «Ես չեմ սիրում ներքաշվել նման խոսակցությունների մեջ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվություն կրի այն գործի համար, որը ստանձնել է: Մենք՝ ֆուտբոլիստներս, գիտենք մեր սխալները, հասկանում ենք՝ ինչ է կատարվում, եւ ինչ պետք է անել: Սպորտային ոլորտի կառավարման պատասխանատուները նույնպես պետք է հասկանան՝ ինչ են անում եւ ինչ որոշումներ են կայացնում: Եթե նրանք խոսում են որոշ ֆուտբոլիստների մասին, ապա պետք է անուններ նշեն, հակառակ դեպքում այդ խոսակցությունները դառնում են ստահոդ»,-ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:
Ահա այս հայտարարությունից հետո եվրոպական թոփ ակումբները սկսեցին մտածել Մեսսիին իրենց կազմում տեսնելու մասին: Նախ այս ամենի մեջ առաջինը ներքաշվեց Անգլիայի չեմպիոնը՝ «Մանչեստեր Սիթին». եթե Լեոն որոշի հեռանալ կատալոնական ակումբից, ապա «Սիթին» կարող է օգտագործել իր գլխավոր հաղթաթուղթը՝ Պեպ Գվարդիոլային: Մանչեստրյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը» նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել 2019 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, բայց Սուլշերի շանսերն այստեղ միանշանակ ավելի քիչ են:
Եկեք հեռանանք Անգլիայից եւ տեղափոխվենք Ապենինյան թերակղզի՝ Թուրին: Այո, հենց «Յուվենտուսն» է ցանկանում Մեսսիին: Ով գիտե, գուցե Մեսսին ցանկանա խաղալ իր «հավերժական» մրցակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ իրադարձությունը միանշանակ հավերժ կմնա ֆուտբոլի պատմության մեջ: Դրա իրականացմանը պակասում է միայն Լեոյի ստորագրությունը «Յուվենտուսի» սպորտային տնօրենների պատրաստած պայմանագրի տակ: Այստեղ ամենահետաքրքիրն ու անհավատալին այն է, որ կատալոնացիները Լեոյի հեռանալուց հետո կտուժեն նաեւ ֆինանսապես: Արգենտինացու պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ Մեսսին կարող է լքել ակումբը յուրաքանչյուր ամառ, երբ ցանկանա: «Բարսելոնան», մեղմ ասած, լուրջ պրոբլեմների մեջ է: Առաջին հայացքից թիմի նախագահը կարող է լուծել ամեն ինչ՝ հեռացնելով իր պաշտոնից Էրիկ Աբիդալին, սակայն դա միայն մեդալի երեսային կողմն է: Շրջելով այդ «մեդալը»՝ կհասկանանք՝ եթե Բարտումեուն հեռացնի Աբիդալին, ապա լուրջ հարված կհասցնի իր թիմի հեղինակությանն ու, ինչու ոչ, նաեւ ինքնասիրությանը: Այդ քայլին Բարտումեուն կդիմի միայն ծայրահեղ դեպքում: Ակումբի նախագահն արդեն հանդիպել է Աբիդալին, քննարկել ստեղծված իրավիճակը եւ եկել ընդհանուր հայտարարի, բայց Մեսսիի մասով ամեն ինչ այլ է: Լեոն շատ-շատ է զայրացած եւ ցանկանում է հեռանալ թիմից: Աբիդալը, ամեն դեպքում, փորձում է կրակի վրա բենզին չլցնել եւ հանդարտեցնել ամեն ինչ: ««Բարսելոնան» չի կարող կորցնել Մեսսիին, ամեն ինչ նորմալ է»,-ասել է ֆրանսիացին: Բոլորիս էլ հասկանալի է , որ այս խոսքերը հանրության դեմքին փոշի փչելու նման մի բան էին: Այս պատմությունը դեռ շատ ջուր կքաշի, եւ, հնարավոր է, արդեն ամռանը համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից մեկին տեսնենք այլ թիմի մարզաշապիկով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս