ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում եւ արձանագրում են, որ Զինված ուժերում հանցագործությունների նվազում է 18.5%-ով, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից:

Բայց սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազներին ներքին հրահանգ է տվել՝ զինդատախազությունում գտնվող քրեական գործերից մեկի վերաբերյալ, որը կապվում է նախկին պաշտոնյայի որդու հետ:
Պաշտոնական
Փետրվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում, որին ներկա էր եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ամփոփվել է 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների դատախազները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ՝ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ՝ արձանագրվել է հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում: Ավելին, գլխավոր դատախազը մի շարք հանձնարարականներ էր տվել դատախազներին:
Ներքին հրահանգը
Սա, թերեւս, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրություն էր հանդիպման մասին, իսկ ի՞նչ է տեղի ունեցել փակ քննարկման ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արթուր Դավթյանը հրահանգել է Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու մասով կարճված գործը վերաբացել: Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ է եղել, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին: Թեժ գծի ահազանգը ներկայացվել է նախարար Դավիթ Տոնոյանին, որն էլ բողոքը ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: ԶՈՒ-ն ու իրավապահները, սակայն, հետամուտ չէին եղել. ամիսներ անց զորամասի զինվոր Վահրամ Ավագյանը մահացավ, դրա հետեւանքով կալանավորվեցին Աժ պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, եւ եւս երկու անձ: Եվ, ահա, ՊԲ-ն հաստատել էր մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից եւ փախուստի փորձ է կատարել։ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել էին նյութեր, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Եվ, ահա, գլխավոր դատախազը փետրվարի 11-ին դատախազներին հրահանգել է վերոնշյալ կարճված գործը վերաբացել եւ քննություն իրականացնել: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ձեր կողմից նշված դեպքի քրեական գործով վարույթը կարճելու որոշման օրինականության ստուգման շրջանակներում պահանջվել են գործի նյութերը, որի համատեքստում կստուգվի վարույթը կարճելու որոշման վերացման հիմքերի առկայությունը, ըստ այդմ՝ կկայացվի համապատասխան դատավարական որոշում»: Ասել է թե՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն այսքանով էլ ամեն ինչ չի ավարտվում: Մեկ ուշագրավ հանգամանք եւս. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը: Դատախազներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանձնարարականը գլխավոր դատախազը տվել է հենց ԱԺ նախկին պատգամավորի որդու մասով: Այսինքն՝ Առաքել Մովսիսյանի որդու մասով եղել է կոնկրետ անձ, որը իրավապահներին տեղեկություն է տվել, իսկ ավելի ուշ հրաժարվել է հաստատել իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, եւ, ահա, դատախազը հրահանգել է կոնկրետ դատախազներին այդ անձանց հետ հանդիպել, ընդունել նրանց եւ հասկանալ, թե ինչ հանգամանքներում են նրանք իրենց խոսքից հետ կանգնել:
Հերթական երկու զոհը
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Եվ, ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան են եղել: Ի դեպ, զինվորները եղել են խրամատներում: Մեկը, ըստ նախնական վարկածի, մահացել է ժամը 11:00-ի սահմաններում, իսկ մյուս զինվորը՝ ժամը 13:00-ի սահմաններում: Երեկ՝ ողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները՝ հասկանալու համար, թե տղաները իրենք են արդյոք կրակել իրենց, թե նրանց սպանել են: Նկատենք, որ սա 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում 10-րդ մահվան դեպքն է:
Նշենք, որ զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը։ Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երեւանից էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը։
Դատելով իրավիճակից՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը բավարարվում է միայն հրամանատարներին պատժելով, կալանավորելով, իսկ խորքային խնդիրները, թե ինչ հոգեբանական վիճակում են զինվորները կամ ինչ ներքին տարաձայնություններ ունեն, թողնում է աննկատ, բախտի քմահաճույքին, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունենում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՃԱՆԱՉՎԵՑ ՄԵՂՍՈՒՆԱԿ
Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան ճանաչվել է մեղսունակ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Ինչպես հայտնի է, 2019թ. հոկտեմբերի 16-ի գիշերը Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թթ. ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն: Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին՝ 16-ամյա Հրաչ ու 18-ամյա Սարգիս Գալստյաններին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 16-ամյա Հրաչ Գալստյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն. նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում: Եվ, ահա, 4 ամիս անց իրավապահները ստացել են փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա էլ պարզ է դարձել, որ անչափահաս տղան մեղսունակ է: Ասել է թե՝ նա գիտակցաբար է գնացել այդ քայլին:

 

 

 

 

«ՉՈՌՆԻ ԿԱՐԴԻՆԱԼԸ» ԱԶԱՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարար Դավիթ Տոնոյանի «չոռնի կարդինալ» խորհրդականը ազատվել է պաշտոնից: Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների գործով ԱԻՆ-ում պաշտոնյաներ էին ազատվել աշխատանքից, եւ դեռ ավելին` հայտնի է դարձել, թե որքան գումար է յուրացվել նախարարությունից. խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, մոտ 200 միլիոն դրամի մասին է: Գործով կալանավորվել էին ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանն ու աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: Չի բացառվում, որ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Բենգլյանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս քրեական գործով, ինչպես նաեւ չի բացառվում, որ վերջինս հրաժեշտ տա իր պաշտոնին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բենգլյանը ասել է, որ ինֆորմացիան չարաչար սխալ է. եթե ԱԻՆ-ում իր մասով քրեական գործ լիներ, ինքը գոնե մեկ անգամ կհրավիրվեր: Այդուհանդերձ Բենգլյանը, փաստորեն, ազատվեց պաշտոնից:

 

 

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
Գլխավոր դատախազությունը «Երեւանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզել է, որ չնայած ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել: ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, եւ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերեւույթ հափշտակություններ։ Հարուցվել է քրեական գործ։

 

 

 

ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է տվյալներ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերեւույթ դեպքի մասին։ ՀՀ ԱՍՀՆ ԲՍՓ գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների եւ բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տեւողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել եւ ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին: Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել եւ ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս