«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է: Նա պատմել է իր սովորությունների, բնավորության գծերի, կյանքին նայելու իր կերպի մասին:

-Դավի՛թ, վերջին շրջանում անընդհատ մտածում եք…
-Սիրո պակասի մասին:
-Նպատակ, որից հրաժարվել եք:
-Երեւի թե չկա նման նպատակ:
-Կին-տղամարդ հարաբերություններում չի կարող տեղ գտնել…
-Այս առումով օրիգինալ չեմ գտնվի, չեմ տարբերվի ու կասեմ՝ դավաճանությունը:
-21-րդ դարի ամենամեծ չարիքը:
-Քաղաքականությունը:
-Դիմացինի մեջ ամենաշատը գնահատում եք…
-Անկեղծությունը:
-Ժամանա՞կ, թե՞ փող. ո՞ր ռեսուրսը կընտրեիք կյանքի այս փուլում:
-Փող. ժամանակը սուտ է, փողը՝ իրական:
-Երեխային պետք է ասել` չի կարելի՞, թե՞ բացատրել՝ ինչու չի կարելի:
-Պետք է ամեն դեպքում բացատրել:
-Կնոջ մեջ տղամարդուն կարող է հիասթափեցնել…
-Տարբեր տղամարդիկ տարբեր բաներից են հիասթափվում: Ինձ հիասթափեցնում է կեղծ սեթեւեթանքը: Եթե կինը կանացի չէ, բայց ձեւացնում է, դա աչք է ծակում:
-Սիրելի սպորտաձեւը:
-Ֆուտբոլ:
-Հիմա Ձեր կարիերայում ի՞նչ փուլ է, ինչպե՞ս այն կբնորոշեք:
-Նախ՝ կարիերա բառը ինձ համար չէ… Բայց ստեղծագործական կյանքում հիմա լճացման փուլ է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, լռության: Գրում եմ, շատ բաներ մնում են թղթի վրա:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կցանկանայիք դուետ երգել:
-Չելենտանոյի:
-Եթե ոչ երգիչ, ապա կցանկանայիք դառնալ…
-Վարորդ: Շատ եմ սիրում երկար վարել: Ես շատ եմ վարում, վարելիս հանգստանում եմ: Ամբողջ կյանքս կանցկացնեի մեքենայի ղեկին ու վատ չէի զգա: Երբեմն նույնիսկ պատրվակներ եմ փնտրում երկար ճանապարհ գնալու համար:
-Վերջին գիրքը, որը Ձեզ տպավորել է:
-Ցավոք, վերջին շրջանում կարդալու համար ժամանակ չի մնում, բայց վերջերս Չապլինի կենսագրությունն եմ վերընթերցել: Մի պահ Լերմոնտով էի վերցրել ձեռքս, բայց չշարունակեցի, չգիտես ինչու…
-Իսկ ո՞րն է եղել վերջին ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել:
-«1+1»-ը:
-Ձեր նախընտրելի երաժշտական ուղղությունը:
-Դասական երաժշտություն եմ նախընտրում: Ես դասական եմ սիրում, բայց դա իմիջի համար չեմ ասում: Երբ դասական երաժշտություն եմ լսում, զգում եմ իմ փոքրությունը: Դրա միջոցով մոտենում եմ տիեզերքին:
-Ո՞րն է Ձեր հոբբին:
-Վարելը:
-Երկիր, որտեղ շատ կցանկանայիք լինել:
-Քանի որ աերոֆոբիա ունեմ, քիչ երկրներում եմ եղել: Կցանկանայի Իտալիա այցելել:
-Ամենակարեւոր գործոնը ընտանեկան հարաբերություններում:
-Սերը:
-21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը:
-Ցիվիլիզացիան: Երբ հենց Երեւանում շփվում եմ այն մարդկանց հետ, որոնք ապրում են սեփական տներում, զգում եմ, որ նրանց միջեւ հարաբերությունները ուրիշ են, շատ մտերմիկ են, հինգհարկանի շենքերի բնակիչների հարաբերություններն արդեն համեմատաբար սառն են, բայց էլի շփումը կա, երեխեքը իրար հետ ֆուտբոլ են խաղում, մեծերը բակում շփվում են իրար հետ, որոշակի կոլորիտ կա, իսկ վերջին շրջանի էլիտար շենքերի բնակիչների մեջ շփում, ջերմություն չկա, այդ շենքերի շուրջը կոլորիտ չկա: Այսպես որ շարունակվի, միմյանց չեն էլ բարեւի: Ցիվիլիզացիան որքան կտրում է մարդուն հողից, այնքան նա դադարում է մարդ լինել:
-Ո՞ր նկարչին կընտրեիք Ձեր դիմանկարը պատկերելու համար:
-Իմ ընկեր Մուկուչին՝ Մկրտիչ Տոնոյանին: Նա ամենաշատն է ինձ ճանաչում, իսկ դիմանկար անողը պետք է հավատա քեզ:
-Ձեր սիրելի եղանակը:
-Բոլոր եղանակներն էլ սիրում եմ՝ ձմռան ռոմանտիզմը, ամռան ջերմությունը, գարնան շունչը, աշնան խորությունը: Բայց եթե ամեն դեպքում համեմատելու լինեմ, ամառն ինձ համար այլ նշանակություն ունի: Տաքություն շատ եմ սիրում: Ձմեռվա գիշերը որքան էլ սիրեմ, միեւնույնն է, բակում չեմ կարող նստել, կմրսեմ:
-Կրո՞ն, թե՞ հավատ:
-Միանշանակ, հավատ:
-Ձեր սիրելի պոետը:
-Թումանյան, Չարենց, Սեւակ, բոլորին էլ սիրում եմ: Իմ սիրած պոետը նոր ծնվող երեխան է, որը դեռ չի հասցրել ասել այն, ինչ պետք է ասի:
-Սիրու՞մ եք գնալ առեւտրի, Ձեզ համար հագուստներ գնել:
-Ես հագուստի հանդեպ բացարձակ անտարբեր եմ, եւ երբ գնում եմ ինձ հագուստ առնելու, շատ արագ եմ կողմնորոշվում: Տանել չեմ կարողանում արդուկվող շորեր: Նախընտրում եմ սպորտային հագուստը: Իսկ բեմի վրա հաճախ հանդես եմ գալիս պիջակով, բայց ոչ կոստյումով:
-Առանց խմելու կարո՞ղ եք ապրել:
-Բացառվում է: Ես այն մարդկանցից չեմ, որոնք խմիչքից կախված են, առավոտները ձեռքերս չի դողում, բայց խմելն ինձ համար սիմվոլ է միմյանց վայելելու համար: Շատ է լինում, որ պայմանավորվում ենք հավաքվել ու խմել, ընկերներով հանդիպում ենք, բայց այդպես էլ չենք խմում: Այսինքն՝ այդ խմելը զուտ միմյանց հետ ավելի մտերմանալու միջոց է:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր չեկավ:
-Խմելու մասին հարցը դաժան էր (ծիծաղում է). չէ, կատակ եմ անում, բոլոր հարցերն էլ լավն էին…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԻՆՆԱՆ ՈՒ ԶԻՐՈՅԱՆԸ ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ շոու-բիզնեսին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Վահե Զիրոյանը սիրավեպ ունեն: Եվ չնայած նրանց հերքումներին՝ այս երկուսն իսկապես միասին են:

Նշենք, որ դերասանների սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին պտտվել, երբ զույգը սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալում: Այդ շրջանում դերասանուհին հրապարակել էր համատեղ լուսանկար, որը բուռն արձագանքի էր արժանացել: Զիրոյանն ասել էր, որ ինքը հանկարծակիի է եկել այսպիսի արձագանքի. «Անկեղծ եմ ասում, երբ Իննան հրապարակել էր լուսանկարը, որտեղ, ի միջի այլոց, իմ դեմքը չէր երեւում, չէի էլ սպասում, որ կարող է նման արձագանք լինել։ Դա նկարահանման հրապարակում արված աշխատանքային լուսանկար էր։ Հարցնում էին՝ արդյոք անձնական կապ ունենք, չեմ մեկնաբանել, որովհետեւ մեկնաբանելու բան էլ չկա։ Աշխատանքային լուսանկար է»,- նախորդ տարվա հոկտեմբերին հավաստիացրել էր Զիրոյանը։
Ի դեպ, վերջերս պապարացիները Միացյալ Նահանգներում նրանց լուսանկարել են թեւանցուկ քայլելիս: Սա եւս գալիս է հաստատելու մեր տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան սիրավեպ ուներ դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանի հետ: Նա Հայկից ամուսնության առաջարկություն էր ստացել Թաիլանդում հանգստյան օրերին: Իննան ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ գրկախառնված էր Հայկի հետ եւ ցուցադրում էր նշանադրության մատանին, իսկ ձեռքին գրություն կար. «Ես ասացի՝ այո»: Նշանադրությունից որոշ ժամանակ անց, սակայն, լուրեր պտտվեցին, որ զույգը բաժանվել է: Ո՛չ Իննան, ո՛չ Հայկը չհաստատեցին այդ տեղեկությունը, սակայն երկուսն էլ սոցցանցերից հեռացրեցին համատեղ լուսանկարները:
Ինչ վերաբերում է Վահե Զիրոյանին, ապա նրան ավելի վաղ վերագրվում էր սիրավեպ դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ: Նման քննարկումների առիթ էր հանդիսացել Ռոզիի` ինստագրամյան իր էջում հրապարակած սելֆին, որն արել էր Կամերային թատրոնում Վահե Զիրոյանի հետ եւ մակագրել. «Ես ու իմս»։ Սակայն ո՛չ Վահեն, ո՛չ Ռոզին չէին մեկնաբանել այս լուրը: Իսկ դիտարկմանը, թե չմեկնաբանելը տեղիք է տալիս մտածելու, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա, Վահեն արձագանքել էր. «Ով նման բան է ասել, պարապ է։ Ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանել անձնականս»։
Հավելենք, որ Իննա Խոջամիրյանն այս օրերին վայելում էր իր ձմեռային հանգիստն արտերկրում եւ պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ էր հրապարակում: Դերասանուհին Լաս Վեգասից կիսվել էր գեղեցիկ կադրերով, որոնց մակագրությունը մեծ իրարանցում էր առաջացրել նրա ինստագրամյան հետեւորդների շրջանում:
«Այն ինչ կատարվել է Վեգասում, մնում է Վեգասում»,- գրել էր Իննան եւ գրառումը լրացրել մատանու էմոջիով: Երկրպագուներն ակտիվ սկսել էին հետաքրքրվել՝ արդյոք դերասանուհին նշանադրվել է: Սակայն Իննան դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ շշուկներին:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս