«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՏԸ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐԱՑՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ ( խաղացել է «Ռուզան», «Արշակ Երկրորդ», «Անվերադարձ ապագա», «Տրամվայ ցանկություն», «Ծեր տիկնոջ այցը», «Հին աստվածներ», «Մակբեթ», «Ռիչարդ Երրորդ», «Կովկասե կավճե շրջան» եւ այլ ներկայացումներում), «Սողանք» ֆիլմից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Անդրանիկ Զաքարյանն է: Նա խոսել է իր կյանքի դժվարին փուլի, ձեռքբերումների, բնավորության գծերի, քաղաքականության հանդեպ իր վերաբերմունքի մասին: Անդրանիկն անդրադարձել է նաեւ հայաստանյան ներքին քաղաքական, իրավական կյանքին՝ տեսակետ հայտնելով, որ մեր երկրում ոչինչ չպետք է կառուցվի արհեստական հիմքերի վրա՝ սկսած դատական համակարգից:

-Անդրանի՛կ, Ձեզ սովորաբար ոգեշնչում են մարդիկ, որոնք…
-Պոզիտիվ, պարզ, հասարակ մարդիկ:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց…
-Իմ ընտանիքի:
-Ապրել նախօրոք գծագրված գրաֆիկո՞վ, թե՞ չպլանավորված կյանքով. ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:
-Չպլանավորված կյանքով:
-Սոցցանցերում ընկերների ցանկից միանգամից հեռացնում եք այն անձանց, որոնք…
-Երբեք չեմ հեռացրել, եթե խոսքը ֆեյքի մասին չէ:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքում ամեն բան հարաբերական է, բացի…»
-Հայրենիքի հանդեպ սիրուց:
-Հարուստ թոռնե՞ր, թե՞ բարձր թոշակ. ո՞րը կնախընտրեիք ունենալ 30 տարի անց:
-Հարուստ թոռներ թող լինեն, իմ թոշակով, միեւնույնն է, չեն հարստանա…
-Մարդուն առաջնային դատում եք այն բանով…
-Տգետ է, թե գիտուն:
-Ձեր կյանքի դժվարին փուլը կապված է եղել…
-Իմ հաջողությանը սպասելու հետ: Պետք է համբերես, որ քեզ համար ուղի բացվի:
-Կնոջ ամենագլխավոր հատկությունը, որն անհրաժեշտ է ամուր ընտանիք ունենալու համար:
-Լսելու ունակությունը:
-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:
-Սարյանին:
-Ձեզ հիացմունք է պատճառել քաղաքական ո՞ր գործիչը: Առհասարակ, որքանո՞վ եք հետաքրքրվում քաղաքականությամբ:
-Ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքականությունը, բայց հիշում եմ Վահան Հովհաննիսյանի՝ ԱԺ ամբիոնից ասածը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»: Ես համարում եմ, որ քաղաքականությունը կեղտոտ աշխարհ է, ու փորձում եմ չմտնել այնտեղ: Գուցե ինչ-որ տարիք գա, սկսեմ հետաքրքրվել դրանով:
-Գրողներից ո՞ւմ հետ կցանկանայիք սրճել: Պատկերացրեք՝ ունեք ժամանակի մեքենայից օգտվելու հնարավորություն եւ կարող եք տեղափոխվել նաեւ անցյալ:
-Չարենցի, Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի…
-Եթե պարզվի, որ կա հավիտենական կյանք, ի՞նչ կանեիք…
-Եթե երկրի վրա լիներ դա, դաժան կլիներ. մարդը ունակ չէ անընդհատ պայքարել ու անվերջանալի խնդիրներ լուծել: Իսկ եթե խոսքը երկնային կյանքի մասին է, կցանկանայի վերեւից նայել աշխարհին:
-Հպարտության առարկա, որը Դուք եք ձեռք բերել. նշե՛ք մեկ հոգեւոր եւ մեկ նյութական արժեք:
-Ես միշտ հպարտանում եմ իմ ընտանիքով: Իսկ ինչ վերաբերում է նյութականին, հպարատանում եմ իմ հավաքածուներով:
-Ռեժիսոր, որի ֆիլմերը տպավորել են:
-Ինձ համար կա լավ կամ վատ ֆիլմ: Երբեք չեմ հիշում ռեժիսորների ու դերասանների անուններ: Այդ հողի վրա ես ու կինս շատ ենք վիճում. Ինքը կարող է հատուկ ֆիլմի անուն առանձնացնել, որպեսզի դիտի, ես՝ ոչ:
-Ձեզ համար ո՞րն է Երեւանի ամենասիրուն անկյունը:
-Սարյանի այգին:
-Ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է. համաձա՞յն եք:
-Եթե մեծամասնություն է, ոչ թե ինչ-որ հատված, ապա այո:
-Մեր հայաստանյան ներկայիս իրականության մեջ կա՞ մի երեւույթ, որը Ձեր սրտով չէ:
-Շատ բաներ կան, որոնք իմ սրտով չեն: Կուզեի, որ ոչ մի բան մեր երկրում արհեստական հիմքերի վրա չկառուցվեր՝ սկսած դատական համակարգից: Եթե մարդիկ հավատում են, որ լավ է լինելու, այդ հավատը պետք է արդարացվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

3 ԱՍՏՂԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՆՉԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երեք հայ աստղերի, որոնք ժամանակի ընթացքում թողեցին Հայաստանում իրենց կարիերան եւ տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն: Մեկը վաղուց է այնտեղ ապրում, մյուսը՝ վերջերս է տեղափոխվել այդ երկիր: Համենայնդեպս, նրանք երեքն էլ սերտ են պահում իրենց կապերը հայրենիքի հետ:

 

Գարիկ Մարտիրոսյան
Հայ հայտնի հումորիստը, որը Հայաստանում հանդես էր գալիս Ուրախների եւ հնարամիտների ակումբի կազմում եւ յուրահատուկ գույն էր մեր հումորային աշխարհում, 2005թ.-ին ռուսական «ՁծՁ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծեց «Քոմեդի քլաբ» հումորային հաղորդաշարը եւ մեծ ճանաչում վայելեց Ռուսաստանում: Նա ամեն առիթով խոսում է եւ հումորներ է անում իր հայ լինելու մասին: Գարիկն այն եզակիներից է, որն այդպես էլ չփոխեց ազգանունը: Հումորիստը շատ անգամ նկարահանվել է նաեւ հայկական հումորային նախագծերում:

 

Սոնա
«Մեր բակը» ֆիլմում մեծ ճանաչում ձեռք բերելուց հետո երգչուհի Սոնայի բամբ ձայնը ճանաչում էր ամեն երկրորդը: Նա սիրված էր, գնահատված, բայց ինչ-որ փուլի նախընտրեց գործունեությունը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում: Թեպետ պետք է ասել, որ Սոնան մշտապես գալիս է Հայաստան, այստեղ մասնակցում է երաժշտական տարբեր նախագծերի, երգում է ակումբներում, հանդես է գալիս համերգներով: Այնպես որ, կարելի է ասել, Սոնան ե՛ւ այստեղ է, ե՛ւ այնտեղ:

 

Թինա Քեյ
Ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյը վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն եւ աշխատում է այնտեղ: Նա մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ իր գործերն այնտեղ հաջող են ընթանում, որդին Ռուսաստանում է դպրոց հաճախում, եւ ինքն ուրախ է այդ առիթով: Թինան եւս պարբերաբար այցելում է Հայաստան:
Մեր երեք աստղերին էլ հայ հանդիսատեսը չի մոռացել եւ մշտապես սպասում է նրանց ելույթներին, գործնական նորություններին, հետաքրքրվում է նրանց անձնական կյանքով:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԿԱՅԱՑԱՎ
Ամստերդամում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 թվականների խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր C դիվիզիոնում:Վիճականահությունը մեր ընտրանուն ուղարկեց այդ դիվիզիոնի 2-րդ խումբ, որտեղ կմրցենք Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Էստոնիայի դեմ: Առաջին խաղը մեր տղաները կանցկացնեն սեպտեմբերի 5-ին՝ դրսում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի «Յուվենտուս» -«Միլան» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Դեռեւս պարզ չէ, թե, երբ կկայանա հանդիպումը: Ըստ իտալական մի շարք լրատվամիջոցների՝ հնարավոր է, որ Իտալիայում ֆուտբոլը դադարեցվի որոշ ժամանակով, իսկ Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները կարող են անցկացվել երկրի սահմաններից դուրս:

 

 

 

ԽՈՒՄԲ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Ավարտված խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝
«Անի» – «Շիրակ-2»` 5:4
«Մասիս» – «Սեւան»` 1:1
«Տորպեդո» – «Լոկոմոտիվ»` 2:3
«Վան» – «Արարատ -2»` 3:0
ԲԿՄԱ-«Արագած»` 6:1:
Այսօր կկայանան «Դիլիջան» – «Ուրարտու – 2», «Ալաշկերտ-2» – «Լեռնային Արցախ» եւ «Վեստ Արմենիա» – «Փյունիկ-2» հանդիպումները:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս