«ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ»-Ի ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՄԱԿՈՒՆՑԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Առաջին ալիքով մեկնարկել է Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն հեռուստանովելի ցուցադրությունը: Գլխավոր կերպարներից մեկին՝ Մրգարիտին, մարմնավորում է դերասանուհի Մանե Մխոյանը: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը նրան ճանաչում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումից, որն, ի դեպ, եւս էկրանավորվում է, եւ Մանեն ներառված է այդ նախագծում եւս: «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհու հետ զրուցել է «Պատվի համար» ֆիլմում իր մասնակցության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ նախկինում քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

-Մանե՛, աշխատել եք ավագ եւ կրտսեր սերնդի աստղաբույլերի նեկայացուցիչների հետ: Կարծես թե առաջին անգամ եք ներկայանում նման մասշտաբային նախագծում, դժվար չէ՞ր:
-Սա իմ երկրորդ աշխատանքն էր բազմասերիանոց ֆիլմում, երկուսի դեպքում էլ համագործակցել եմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Առաջին նեգրավվածությունս Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում էր: Այն կրկին նախաձեռնել է Հանրային հեռուստաընկերությունը, ֆիլմը եթեր կգնա ավելի ուշ: Ես խաղացել եմ գլխավոր հերոսի՝ հայատյաց թուրքի թոռնուհու դերը: Աշխարհագրական առումով բավական բարդ են եղել նկարահանումները, որոնք իրականացվել են Արեւմտյան Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում: Հրաչ Քեշիշյանի հետ աշխատել եմ նաեւ թատրոնում: Նրա հետ համագործակցելը շատ հեշտ է եղել. այս ռեժիսորը դերասանին տալիս է այն տարածքը, որտեղ նա կարող է լողալ, ստեղծում է դրա համար բոլոր պայմանները: Իսկ աստղաբույլի հետ հանդես գալը ոչ միայն հաճելի էր, այլեւ շատ պարտավորեցնող: Երիտասարդներից, օրինակ, Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի հետ, կարելի է ասել, առաջին անգամ էի աշխատում, թեպետ Սոսի հետ «Անատոլիական պատմությունում» եւս փոքրիկ համագործակցություն եմ ունեցել. քեռի ու քրոջ աղջիկ էինք խաղում: Ինչ վերաբերում է «Պատվի համար»-ին, այս նախագծի շուրջ շատ գեղեցիկ ընտանիք ձեւավորվեց: Երբ բոլորով հավաքվել էինք՝ դիտելու ֆիլմի առաջին մասը, ամենքս էլ այդ մասին էինք մտածում:
-Որքանո՞վ եք կարեւորում հայկական դասական ստեղծագործությունների էկրանավորումը, դրանց ադապտացումը մեր օրերին:
-Շատ գովելի եմ համարում Հանրային հեռուստաընկերության տարած աշխատանքը: Հաճախ դպրոցում մակերեսային են ներկայացվում մեր մեծերի գործերը, երեխաները միայն սյուժեին են ծանոթանում, իսկ ֆիլմային տարբերակով ամեն բան ավելի օրգանական է դառնում: Անորակ ու երկար ձգձգվող ֆիլմերի փոխարեն այսօր հեռուստադիտողի դատին են հանձնվում 16 մասանոց որակյալ ֆիլմեր:
-Մանե՛, հիմա որեւէ թատրոնում խաղու՞մ եք:
-Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եմ աշխատում պայմանագրային կարգով: Ապրում եմ Երեւանում:
-Ի դեպ, նախկինում աշխատում էիք Ազգային Ժողովում: Ի՞նչ աշխատանք էիք կատարում, որքանո՞վ էիք կապված քաղաքական ոլորտի հետ:
-Մինչեւ վերջերս աշխատում էի Ազգային Ժողովում, բայց հիմա արդեն հանդես եմ գալու Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի: ԱԺ-ում, կարելի է ասել, ադմինիստրատիվ գործ էի անում: Ի սկզբանե ասեմ՝ անկուսակցական եմ, աշխատում էի Լիլիթ Մակունցի հետ: Մեր համագործակցության առաջին իսկ օրերից խնդրել եմ, որ չթողնեմ թատրոնը, կինոն, եւ նա համաձայնել է, խրախուսել է իմ մոտեցումը:
-Երբեւէ կվերադառնա՞ք քաղաքական ոլորտում Ձեր աշխատանքին, թե՞ արդեն ոչ:
-Երբեք չեմ ասում՝ երբեք: Չգիտեմ՝ վաղը ուր կգնամ, ինչ կանեմ, բայց գիտեմ, որ թատրոնն ու կինոն իմ կյանքում առաջին պլանում են: Գուցե մի օր էլի համատեղեմ դերասանական եւ քաղաքական ոլորտների աշխատանքներս: Ժամանակին աշխատում էի ե՛ւ Ազգային Ժողովում, ե՛ւ զուգահեռ նկարահանվում էի «Պատվի համար»-ում, Գյումրիում էլ նկարահանվում էի «Հարսանիք թիկունքում» նախագծում, բայց նույնիսկ այդ դեպքում ամեն բան հասցնում էի: Ինչպես ասում են, միայն ցանկություն է պետք, եւ ամեն ինչի էլ հնարավոր է հասնել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ UNDERGROUND-Ի 3 ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է այսօր հայկական շոու-բիզնեսում մեծ ճանաչում, սեր վայելող երեք աստղերի, որոնք փայլատակում են, այսպես ասած, underground-ում: Նրանք ակումբային կյանքի սիրահարների համար լավագույն երգիչ-երգչուհիներից են: Հետաքրքիր է, որ եթե արտերկրում հայտնի երգիչները հենց ակումբից են դուրս գալիս եւ ճանաչում ստանում, ապա Հայաստանում կարծես հակառակն է. արդեն ճանաչում ձեռք բերած երգիչներին կարելի է տեսնել ընդհատակում:

 

 

 

Սրբուկ
Սրբուկը մինչեւ հայտնի դառնալն էր հանդես էր գալիս երեւանյան ակումբներում եւ այնտեղի այցելուների սիրելի կատարողներից էր: Նա ճանաչված երգերի cover տարբերակները մատուցում է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե նոր երգ ես լսում: Հիմա արդեն Սրբուկը ունի իր սեփական հարուստ երգացանկը: Նա շարունակում է մնալ ամենապահանջված ակումբային երգչուհիներից մեկը: Սրբուկի մասնակցությամբ համերգների տոմսերը սպառվում են շատ կարճ ժամանակում:

 

 

 

Տյոմ
Արտերկրում եւ Հայաստանում մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգիչը սիրով հանդես է գալիս ակումբում: Նա կատարում է արտասահմանյան ամենատարբեր հիթեր: Ի դեպ, Տյոմը նույն ակումբում երգում է իր նշանածի՝ Էմմա Հովհաննիսյանի հետ: Իր ամեն ելույթից երգիչը բավականություն է ստանում եւ ուրախ է, որ հանդիսատեսի հետ կենդանի շփման հնարավորություն ունի:

 

 

 

Ջուս
Ջուսի կերպարն ու երգացանկը կարծես նախատեսված լինեն հենց ակումբային կյանքը սիրողների համար: Նա կրակոտ է, ազատ, սիրում է անմիջական կոնտակտի մեջ մտնել հանդիսատեսի հետ: Այս ամենը օգնում են, որպեսզի երգչուհին ունենա իր կայուն լսարանը: Պատահական չէ, որ Ջուսն ամենատարբեր առիթներով նշում է, որ իր կյանքում ազատ եւ, ինչպես ինքն է ասում, «գժական» ձեւով դրսեւորվելու լավագույն տեղը հենց բեմն է, որն իրեն ոգեշնչում է եւ երկրորդ շնչառություն հաղորդում:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԿԱՊԱՐՈՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզչի հետ կքվել է 1 տարվա պայմանագիր, եւ այն ուժի մեջ կլինի մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
Հիշեցնենք, որ Կապարոսը մարզել է իսպանական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Լա Կորունյայի «Դեպորտիվոն», անդալուզական «Սեւիլյան», վալենսիական «Լեւանտեն»: Հայաստանի ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը «Սեւիլյայի» պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր կայացրած որոշման մասին: «Ես շատ հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից: Այդ առաջարկը իմ մեջ արթացրեց մարզչական աշխատանքին վերադառնալու ցանկությունը: Սա շատ բարդ, բայց վստահ որոշում էր, որը կայացրել եմ իմ մասնագիտության հանդեպ ունեցած սիրուց: Երբ ես առաջարկ ստացա, տեղեկացրի ակումբի ղեկավարությանը, եւ նրանք ոչ միայն չփորձեցին խոչընդոտել, այլ նաեւ աջակցեցին ինձ, ինչի համար ես շնորհակալ եմ «Սեւիլյային»,- ասել է իսպանացի մասնագետը:Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր բոսսը «Սեւիլյայի» ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է:

 

 

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ
Ֆրանսիայի Լիգա-1 ու Լիգա-2 առաջնությունների՝ մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը նշանակված բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգաների պաշտոնական կայքը: Ֆրանսիայում տարածում է գտել կորոնավիրուսը, եւ այա որոշումը կապված է վարակի լայն տարածումը կանխելու հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էր նաեւ Իտալիայի Ա սերիայի առաջնությունը՝ մինչեւ ապրիլի 3-ը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս