Հայաստանի համար ռիսկային երկրների թիվը 5-ից հասել է 8-ի. ինչպես է աշխատում պատասխանատու գերատեսչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին հանձնաժողովը գերհագեցած է աշխատում՝ պայմանավորված կորոնավիրուսի՝ տարբեր երկրներում տարածվածության հետ: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովում տարբեր քննարկումներ են իրականացվում՝ այն հարցի հետ կապված, որ այնպիսի քայլեր ձեռնարկվեն՝ այն Հայաստան չհասնի: Քննարկվում է սահմաններում ավելի ուժեղացված ռեժիմ սահմանելու, անհրաժեշտության դեպքում էլի սահմաններ փակելու, թռիչքներ չիրականացնելու, պաշտոնական բոլոր հանդիպումները կասեցնելու հարցը:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եւս, կարծես թե, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, անձամբ էր մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ իրավիճակին, պայմաններին, քաղաքացիներին ստուգող սարքերին ծանոթանալու:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում արդյոք աշխատում են արտակարգ ռեժիմով, քանի որ Եվրոպայում կորոնավիրուսը տարածված է, իսկ այնտեղից ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն տեղափոխում է Հայաստան: Նշենք, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Աննա Հարությունյանը գտնվում էր օդանավակայանում:

-Տիկի՛ն Հարությունյան,ինչո՞ւ եք գնացել «Զվարթնոց» օդանավակայան, ինչ-որ արտակարգ իրավիճա՞կ է՝ կորոնավիրուսի հետ կապված:

-Չէ, քանի որ մեզ հետաքրքրող երկրները արդեն դարձել են 8-ը եւ ոչ թե 5, ու պետք է կազմակերպել այնպես, որպեսզի բոլորից հասցեական քարտեր վերցնենք, օդանավակայան եմ գնացել՝ հասկանալու համար, թե այդ աշխատանքները ինչպես կազմակերպենք, որ հանկարծ կուտակումներ չառաջանան, մարդիկ երկար չսպասեն, ընդամենը այդքանը:

-Իսկ այս պահին մարդկային ռեսուրսի, ջերմաչափման, քարտերի լրացման եւ այլնի հետ կապված խնդիր կա՞ այդ աշխատանքները պատշաճ իրականացնելու համար:

-Չէ, չունենք խնդիր, քանի որ մենք անընդհատ սանիտարահսկիչ անցակետերի մեր աշխատողներին մենք ավելացնում ենք, մենք ավելացրել ենք նաեւ մեր տարածքային կենտրոններից համաճարակաբաններ՝ Երեւան քաղաքից, Հարավային տարածքից,ու եթե պետք լինի, մենք էլի կավելացնենք: Մենք տեսնում  ենք՝ եթե կա խնդիր, եթե կա աշխատողի պակաս,մենք ավելացնում ենք:

-Նախօրեին Իտալիայից 50 քաղաքացիներ եկան Հայաստան, որոնց, կարելի է ասել բացե թողեցիք, որեւէ մեկուսացում իրենց հետ կապված չհայտարարվեց: Տեղեկություններ կան, որ իրենք վտանգ են ներկայացնում հանրության համար: Ինչո՞ւ որոշում չկայացվեց իրենց եւս մեկուսացնել հանրությունից:

-Բոլորին հորդորվել է Առողջապահության նախարարության կողմից, խնդրվում է, որ տնային մեկուսացում իրականացվի 14 օրվա ընթացքում, բայց կարանտին, որպես այդպիսին, չի հայտարարվել, որովհետեւ չնայած այդ մարդիկ վերադարձել են անապահով վայրից մեզ համար, այսինքն՝ այն երկրից, որտեղ հիվանդության աճ կա, բայց որեւէ մեկը դեռեւս իրենցմեջ հիվանդ չի:

Ինչ վերաբերում է այստեղ արված միջոցառումներին, ապա ամբողջ ընթացակարգը պահպանվել է, ինչպես բոլոր ուղեւորների նկատմամբ, այնպես էլ այդ չվերթի: Բոլոր չվերթները ինչպես իրականացվել է, այդպես էլ այս դեպքում ենք իրականացրել՝ ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, մեկուսացում հնարավորության սահմաններում, որպեսզի այլ ուղեւորների հետ շփում չլինի, ուղեբեռների առանձին ստացում, որովհետեւ իրենք չեն գնացել ընդհանուր մասով եւ ստացել իրենցուղեբեռները:

-Նշեցիք, որ նախարարությունը հորդորում է՝ 14 օրվա ընթացքում Իտալիայից եկած 50 քաղաքացիները շփումներ չունենան, մեկուսացված լինեն, բայց ինչպե՞ս մենք պետք է վստահ լինենք, որ այդ քաղաքացիները այդ մեկուսացում ասվածը կպահեն:

-Մենք հասցեական քարտերը հանձնել ենք պոլիկլինիկաներին, այստեղ մեր իրավասությունը ավարտվում է, այսինքն՝ պոլիկլինիկաները իրենք են հսկողություն սահմանում տվյալ անձանց նկատմամբ. եթե լինում են ջերմողներ, նշաններ ունեցող անձինք, ապա պոլիկլինիկաներն են հոսպիտալացնում:

-Մի քանի օր առաջ Հայաստանից Միլան է մեկնել օդանավ, որտեղ կորոնավիրուսը տարածված է:Արդյոք Առողջապահական տեսչությունը պատրա՞ստ է այդ քաղաքացիների վերադարձի դեպքում մեկուսացում ապահովել, ինչպե՞ս եք այդ հարցի լուծումը պատկերացնում:

-Մենք Միլանից, Հռոմից ունեցել ենք օդանավ, որը վերադարձել է այնտեղից, մենք ամեն ինչ արել ենք, ինչ նախատեսված է իրականացնել այդ ամենի դեպքում, հիմա եթե Միլանից հետ գան մեր քաղաքացիները, ապա մենք պատրաստ ենքնույն աշխատանքները իրականացնել, այստեղ առանաձնացնել որեւէ մեկին, մոտեցում փոխել, այդպիսի ընթցակարգ չունենք:

Մեր մոտեցումը փոխվում է այն ժամանակ, երբ որմենքունենում ենք արդեն հիվանդ.եթե մենք օդանավում ունեցանք հիվանդ, ապա այդ ժամանակ մեր մոտեցումը մնացած կոնտակտավորների նկատմամբ փոխվում է այնպես, ինչպես Թեհրանի օդանավի ուղեւորների նկատմամբ փոխեցինք, երբ որմեր առաջին եւ միակ հիվանդը հայտնաբերվեց ՀՀ-ում:

-Այսինքն՝ այս ժամանակահատվածում Ձեր տեսչությունը արտակարգ ռեժիմովու ավելի ուժեղաված ձեւո՞վ է աշխատում:

-Մենք հունվարի 24-ից ավելի արտակարգ ռեժիմով ենք աշխատում, ավելի ու ավելի գերծանրաբեռնված, որովհետեւ եթե նախկինում մեզ համար միայն Չինաստանն էր, որը անապահով երկիր էր համարվում, ապա մենք այսօր ունենք 8 երկիր:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվողիր քաղաքացիների՝ Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

Հ.Գ. Երեկ՝ օրվա ավարտին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս