ՆՈՐ ԿՐՔԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստը խոստանում է թեժ լինել: Երեկ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվեց այդ օրը կայանալիք նիստի օրակարգը, եւ պարզ դարձավ, որ այն ստորագրված է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի կողմից: Եվ արդյունքում պարզ դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ երկարատեւ արձակուրդ է մեկնել, սակայն փաստացի այդ մասին հայտարարված չէր:

 

Ամեն դեպքում, միայն դրանից հետո Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը հաստատեց քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու լուրը: Եվ չնայած երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանի քաղաքապետի՝ արձակուրդ մեկնելու հանգամանքը կարող է կապ ունենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում այս օրերին Հայկ Մարությանը գտնվում է Չեխիայում՝ աներոջ մոտ: Այսինքն՝ մինչ իր քաղաքական թիմը, որն էլ հենց իրեն առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, այժմ լծված է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործին, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքապետը զբաղված է այլ՝ թերեւս անձնական հարցերով, ընդ որում՝ Հայաստանից դուրս: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այս շաբաթ կվերադառնա արձակուրդից եւ ինքն էլ անձամբ կվարի ավագանու նիստը:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչու է քաղաքապետն այժմ արձակուրդ մեկնել, որտեղ է եւ երբ կվերադառնա: Եվ ուշագրավ էր, որ Կարապետյանը եւս գտնվում էր արձակուրդում: Մեր հարցին՝ ինչով է պայմանավորված Մարությանի՝ արձակուրդ մեկնելը, նա նշեց. «Այն պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն Կարապետյանը հրաժարվեց պատասխանել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը:  Եվ չնայած պաշտոնական մեկնաբանություններին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, ու անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում անհասկանալի վիճակ է, վարչության պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են, իսկ ովքեր էլ նշանակվում են, որոշ ժամանակ անց կրկին ազատման դիմում են գրում: Եվ սա նաեւ ուշագրավ է այնքանով, որ ազատման դիմումներ են գրում նաեւ քաղաքապետի կողմից եւ իր շրջապատից բերված մարդիկ: Գաղտնիք չէ, որ քաղաքապետ դառնալուց հետո Մարությանն իր շրջապատի մարդկանց տարբեր պաշտոնների է նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, թե պաշտոնին նշանակված վարչության պետերն ինչ կապ ունեն քաղաքապետի հետ, սակայն, ըստ էության, դա չի խանգարում, որ նրանք եւս հետագայում լքեն իրենց պաշտոնները եւ հեռանան քաղաքապետարանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում վաղուց է անառողջ մթնոլորտ տիրում, եւ դա ակնհայտ է դառնում նաեւ Երեւանի ավագանու նիստերի ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա լինում, այսպես ասած, իմիջիայլոց են վերաբերվում, շուտ դուրս են գալիս նիստից: Մենք գրել էինք նաեւ, որ քաղաքապետարանի կադրային քաղաքականության հարցում մեծ դերակատարում ունի հենց Մարությանի կինը՝ Իվան, եւ շատ հաճախ նա է որոշումներ կայացնում: Եվ այս հանգամանքը եւս առաջացրել է իմքայլական ավագանիների դժգոհությունը, եւ նրանք ոչ մեկ անգամ բարձրաձայնել են այդ մասին: Օրինակ՝ քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանի, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի եւ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում կրկին դեր է խաղացել Մարությանի կինը: Վերջինս մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ եւ ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին:

Նկատենք, որ այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի 10 վարչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները, եւ ավելին՝ կան վարչություններ, որոնք այս ընթացքում նույնիսկ երկու ղեկավար են փոխել: Իսկ, ահա, մյուս ղեկավարներն էլ այս կամ այն կերպ կապ ունեն հենց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Սակայն իրավիճակը չի սահմանափակվում միայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմով, եւ ներքին հակասություններ ու խնդիրներ են առկա նաեւ վարչական շրջանների աշխատակազմերում, եւ հենց դրանով են պայմանավորված վերջին շրջանում վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքային անառողջ մթնոլորտ ստեղծելու համար մեղադրում են նաեւ աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին, որը, ըստ տեղեկությունների, կապ ունի վերջին կարդային փոփոխությունների հետ, եւ նույնիսկ նշում են, թե սրում է աշխատակիցների միջեւ հարաբերությունները, որն էլ հաճախ դառնում է ազատման պատճառ:

Ու թեեւ նաեւ ընդդիմադիր ավագանու անդամներն են բարձրաձայնում քաղաքապետարանում առկա անառողջ մթնոլորտի մասին, այնուամենայնիվ, քաղաքապետը մեկնել է արձակուրդ, եւ այն էլ՝ աներոջ մոտ՝ Չեխիա: Բացի քաղաքապետարանում տիրող անառողջ մթնոլորտից, այս օրերին բուռն կերպով քննարկվում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի՝ 2019 թվականի բյուջեի եւ ծրագրի կատարման հաշվետվությունները, որոնք թերակատարվել են: Եվ մարտի 19-ին կայանալիք նիստի օրակարգում են հենց այս երկու հաշվետվությունները, եւ այն բուռն քննարկում է խոստանում: Թվերն արդեն խոսուն են, եւ, օրինակ, 71.8 տոկոսով թերակատարվել է ոռոգման ցանցի կառուցումը: 2019 թվականին Երեւանի ավագանին նախատեսել էր 1 միլիարդից ավելի գումար ծախսել մանկապարտեզների բարեկարգման վրա, նախատեսված գումարից քաղաքապետարանը ծախսել է 10 տոկոսը, եւ ստացվում է, որ կա 90 տոկոսի թերակատարում: Զբոսաշրջության մասով պետք է ծախսվեր 138 միլիոն դրամ, տարբեր զբոսաշրջային գրավչության ծրագրեր իրականացնել, սակայն քաղաքապետարանը ծախսել է նախատեսված գումարի ընդամենը 15 տոկոսը, ինչը նշանակում է, որ կա 85 տոկոսի թերակատարում: Ծրագրերի եւ բյուջեի կատարողականներին ավելի մանրամասն անդրադարձ կլինի հենց ավագանու նիստում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՋԵՐՄՈՒԿՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է  ջերմուկցիների հետ դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ: Բնակիչներից մեկը վարչապետին ներկայացրել է, որ հանքի շահագործումը չի կարող վտանգներ չներկայացնել: «Պարո՛ն Փաշինյան, սա է Ամուլսարը, ո՞նց կարող է գործի ու բնակիչներին վտանգ չտա: Պարո՛ն Փաշինյան, Ձեր տունը հեռու է, դրա համար այդպես եք ասում»,- ասել է քաղաքացին: «Եթե դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, ուրեմն ինչի՞ եք ընդհանրապես ինձ հետ խոսում»,- պատասխանել է վարչապետը: Ներկաներից մեկն էլ նշել է, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով եւս վտանգավոր է. «Վիրուսով վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչեւ հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուս»-ը որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»:

 

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Թուրքիայի արեւելյան Կարս նահանգի Սարիղամիշ շրջանում երեկ՝ տեղի ժամանակով 02:47-ին (Երեւանի ժամանակով 03:47-ին), 4  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:

 

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով տրամադրել կորոնավիրուսից պաշտպանող առնվազն 200 դիմակ, իրազեկել, թե ինչ պաշտպանիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել վիրուսով վարակման վտանգը նվազեցնելու համար: 11 օր անց ՀՀ ԱՆ-ից փաստաբանների պալատը ստացել է պատասխան միայն բժշկական դիմակներ տրամադրելու անհնարինության վերաբերյալ, սակայն չի պատասխանել այն հարցին, թե ինչ պաշտպանիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել վիրուսով վարակման վտանգը նվազեցնելու համար: Նշվածի հաշվառմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը 11.03.2020թ. դիմել է ՀՀ վարչապետին կորոնավիրուսի հետ կապված քաղաքացիների մեծ հոսք ունեցող կազմակերպություններում կամ մարմիններում իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար:

 

 

 

 

ՎՐԱՑԱԿԱՆ ԿԱՆԱՉԻՈՎ

Հայաստան ներկրված կանաչին՝ մաղադանոսը, կոտեմը եւ սամիթը, գրավել է հայկական շուկան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի «Մեյնմանդար» կոչվող գյուղատնտեսական մեծ շուկայում վերջին օրերին մեծ քանակությամբ դրսից ներկրված էժան գնով կանաչի է վաճառվում, ինչի հետեւանքով տեղական արտադրության կանաչին զգալի էժանացել է: Տեղեկացնենք, որ «Մեյնմանդար»-ը համարվում է մեծածախ շուկա, որտեղ, օրինակ, տեղական կոտեմի մեկ կապը մի քանի օր է` վաճառվում է 50-70 դրամով, մինչդեռ օրեր առաջ հայկական կոտեմն արժեցել է 180-200 դրամ: Բայց քանի որ օրեր առաջ տեղական շուկան ողողվել է վրացական կոտեմով, այդ պատճառով տեղական կոտեմի գինը դարձել է 50-70 դրամ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան ներմուծվել է 42 հազար 650 կգ սամիթ, մաղադանոս, կոտեմ: Ներկրված կանաչին շուկայում բավականին էժան գնով է վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին: Գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով կանաչի, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից: Դե արի ու այսքանից հետո գյուղատնտեսությամբ զբաղվիր:

 

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն արդեն 2 նիստ է անցկացրել: Ինչպես հայտնի է, այս ընթացքում ձեւավորվել են 4 աշխատանքային խմբեր, որոնք, ընդհանուր հանձնաժողովից զատ, նաեւ առանձին քննարկումներ են ունենում: Եվ, ըստ էության, արդեն  պարզ է, որ սպասվող փոփոխությունները բավականին ընդգրկուն են լինելու: Օրինակ, մեր տեղեկություններով՝ փակ հանդիպումների ժամանակ քննարկվող հարցերը եւս լայն են լինում՝ հանրաքվեների անցկացման հնարավորությունները մեծացնելը, խորհրդարանական կայուն մեծամասնությանը վերաբերող օրենքի կետը փոփոխելը եւ քվեարկողների տարիքային շեմն իջեցնելու հարցը։ Սակայն թե քննարկումներն ինչի կհանգեցնեն, դեռ հայտնի չէ: Հավելենք, որ փետրվարին ձեւավորված հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է: Վարչապետի որոշման համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է պատրաստ լինի ապրիլին, իսկ բուն նախագիծը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Սակայն, մեր տեղեկություններով, առաջիկայում ժամկետները կարող են վերանայվել, քանի որ հանձնաժողովի անդամները մտավախություն ունեն, թե այդ կարճ ժամանակահատվածում չեն կարողանա պատշաճ նախագիծ ներկայացնել:

 

 

 




Լրահոս