Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը դեռևս 2020 թվականի փետրվարի 15-ին հայտնել էր, որ բանավոր կերպով խնդրել է քաղաքապետ Հայկ Մարությանի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար։ Նրա այս մտադրության մասին խոսվում էր շատ վաղուց, և փոխքաղաքապետն այսպես արձագանքեց իր լուրերին.
«Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում էր գրառման մեջ:
Եվ ահա, նրա այս գրառումից անցել է արդեն երեք ամիս, սակայն Հայկ Սարգսյանը դեռ շարունակում է աշխատել: Ավելին, նա յուրաքանչյուր ամիս շարունակում է պարգևավճար ստանալ: Օրինակ, այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն, Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգևավճար: Իսկ ահա ապրիլին էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել էին՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով: Դրանից առաջ էլ յուրաքանչյուր ամիս Հայկ Սարգսյանը շարունակել էր ամենամսյա պարգևավճարներ ստանալ, իսկ նրա բանավոր խնդրանքը քաղաքապետին թերևս մնացել է անպատասխան:
Armlur.am-ը գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, ի վերջո ինչ եղավ քաղաքապետին ուղղված բանավոր խնդրանքը: Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: