Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորաես, նշել է. «Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում եւ եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերեւույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:
Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետեւ այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլեւ փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաեւ Հեյդար Ալիեւի նախագահության շրջանում:
Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից եւ դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում եւ չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն եւ համապարփակ լուծումներ:
Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձեւը, որի համաձայն՝ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռեւս հեռու է ձեւավորված լինելուց իմ նշած պատճառներով:
Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որեւէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով: