Ցավոք սրտի, հասարակության մի զգալի մասը նախնական կալանքն ընկալում են, որպես պատիժ կամ նախնական կալանքից ազատելը, որպես կալանքից ազատում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի բարեփոխումների փաթեթի նախագծի ընդունմանը։
«Այս տեսակետը, կարծում եմ, գալիս է սովետական տարիներից դեռ։ Քաղաքացուն մեղավոր կարող է համարել միայն դատավորը։ Իրականում շատ է խոսվում, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Ծառուկյանը, ազատության մեջ գտնվելով, կարող են ազդել գործի ընթացքի վրա, դա իրավական տիրույթում է, եւ չեմ կարծում, որ ամբողջ ժողովուրդը պետք է քննարկի, թե ինչքանով է դա հնարավոր, թե ինչքանով հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ դատարանի ինստիտուտի ընկալում ճիշտ չէ, դատարանը պարտավոր չէ ինչ-որ մեկին դուր գալ կամ չգալ։ Դատարանի պարտքը կոնկրետ օրենքներով առաջնորդվելն է»,-նշեց նա։
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ ժողովուրդն իրավունք ունի դատարանից միայն մի բան պահանջելու՝ հնարավորինս բաց եւ արագ դատական գործընթացների սկիզբ։
«Միայն ու միայն դատարանը պետք է որոշի՝ մարդը մեղավոր է, թե ոչ։ Մենք ուզում ենք ունենալ մի երկիր որտեղ քննիչներն աշխատեն պրոֆեսիոնալ, ճնշումը չպետք է դառնա հիմնական միջոց։ Ընդհանրապես պրոֆեսիոնալիզմի պակաս մեր երկրի ցանկացած ոլորտում կա, պահանջներ ենք ներկայացնում մարդկանց, ովքեր լավ մասնագիտացված չեն»,-նկատեց նա։
Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում ընդգծում է, թե չի մտածում, որ Սահմանադրական դատարանի միակ խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ է, խնդիրն ընդհանուր համակարգի մեջ է։
«Եթե մեր դատական համակարգն այսուհետ փոխվելու է, եւ ունենալու ենք որոշումներ հաճախ մեզ համար տհաճ, ուրեմն, այս ամեն ինչը կլինի արդարացված»,-հավելեց Ռուբեն Բաբայանը։
Լիդա Եղիազարյան