ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵ՛Ք, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հարցեր էր ուղղել  Ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին  իր որդու՝ բանակից ազատման մասով: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ:

 

-Պարո՛ն Աղաջանյան,  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ձեր որդին ամիսներ առաջ անցել է  պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն Ձեր՝ ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո նրան ազատել են պարտադիր ժամկետային զինծառայությունից: Հստակ կասե՞ք , թե  Ձեր որդին երբ է  մեկնել պարտադիր ժամկետային  զինծառայության:

-Հայտնում եմ, որ իմ որդին` Դավիթ Աղաջանյանը, պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվել 19.07.2019թ-ին, սակայն հիվանդության հետ կապված կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 22.10.2019թ-ի եզրակացության համաձայն՝ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր, իսկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ՊԺԿ-ի պարտականությունները ստանձնել եմ 21.02.2020թ-ին, ինչից պարզ է դառնում, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեւակերպումը, թե, իբր, իմ՝ ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո որդիս` Դավիթ Աղաջանյանը, ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից, բացարձակ սուտ է եւ սխալ ձեւակերպում է, այդ ամենը զրպարտություն է, քանի որ որդիս զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր նախքան ինձ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ՊԺԿ նշանակելը:

Իմ որդին` Դավիթ Աղաջանյանը, պարտադիր ժամկետային զինծառայության է մեկնել 19.07.2019թ-ին:

-Որքա՞ն ժամանակ է ծառայել հայոց բանակում 

-Պարտադիր ժամկետային զինծառայության է եղել 19.07.2019թ.-ից մինչեւ 22.10.2019թ-ը, որը կազմում է 3 ամիս:

-Ի՞նչ հիմքով է ազատվել բանակից:

-Համաձայն ՀՀ կառավարության՝ 12.04.2018թ-ի N405-Ն որոշման 71-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերի 94-րդ հոդվածի 3-րդ կետի եւ ՀՀ կառավարության՝ 12.04.2018թ-ի N404-Ն որոշման 26-րդ հոդվածի «Գ» կետի, 54 հոդվածի «Բ» կետի, 20 հոդվածի «Գ» կետի առաջին սյունակի` ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

ՀՀ  ռազմական ոստիկանապետը ներկայացրել էր որդու առողջական վիճակի ողջ մանրամասները, որը հարգելի պատճառներով չենք հրապարակում: (հեղ. Ք.Մ)

-Դուք անձամբ որեւէ մասնակցություն ունեցե՞լ եք նրա՝  պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման հետ:

-Միանշանակ ոչ, իմ կողմից որեւէ մասնակցություն չի եղել, իմ որդին բժշկական հանձնաժողովներին ներկայացել է եւ ՀՀ ԶՈՒ զորակոչվել՝ որպես հասարակ ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե ՀՀ ՊՆ ՌՈ պետի ՕԱԳ տեղակալի որդի:

-Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ձեր որդու՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման գործընթացի օրինականության հարցով ներկայումս զբաղվում է  ՀՀ զինվորական դատախազությունը: 

-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով, հարուցվել է քրեական գործ, եւ իմ որդին՝ Դ. Աղաջանյանը, քրեական գործով ճանաչվել է տուժող, իսկ ինչ վերաբերում է ՀՀ զինվորական դատախազությանը, նշեմ, որ բոլոր քրեական գործերի նկատմամբ իր լիազորությունների շրջանակում խիստ հսկողություն է իրականացնում ՀՀ զինվորական դատախազությունը: Բացի այդ, հայտնում եմ, որ ոչ թե քրեական գործ է հարուցվել իմ որդու` Դ. Աղաջանյանի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման համար, այլ որդուս առողջական խնդիրներով սխալ զորակոչ անելու համար, ինչը հստակ արտացոլվում է հարուցված քր. գործի հոդվածով ( ՀՀ քր. օր-ի 315 հդ-ի առաջին մաս, այն է` պաշտոնական անփութություն. պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին): Հայտնում եմ, որ ավագ որդիս` Հարություն Աղաջանյանը, 2016-2018թթ. ծառայել է Արցախի Հանրապետության տարածքում՝ որպես ժամկետային զինծառայող: Խնդրում եմ բոլոր լրագրողներին խոշորացույցով ուսումնասիրել որդուս` Դավիթ Աղաջանյանի հետազոտություններն ու ախտորոշումները, որպեսզի մեղավորները պատժվեն:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԸ

Armlur.am-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտման, սակայն ավելի ուշ կրկին հետ են տարել դատապարտյալների հիվանդանոց՝ քրեակատարողական հիմնարկ: Մեզ հայտնի դարձավ, որ վաղը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի Արսեն Երեւանսկու պաշտպանների բողոքը վերջինիս խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու մասով: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձինք:

Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Ք. Մ.

 

 

ՎԱՐՈՐԴԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: «Հենց նոր զանգահարեցին ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդի, եւ հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ եւ երկար չեն զբաղեցնի: Որեւէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը եւ սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ եւ չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար, ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկի եւ անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ: Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, եւ ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»,- հայտնել է պատգամավորը:

ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, որ իրականում Նաիրա Զոհրաբյանի վարորդին տարել են ոստիկանության, այլ ոչ թե քննչական բաժին: Ավելին, այնտեղից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառն այն է եղել, որ Նաիրա Զոհրաբյանի վարորդը դիմակ չի գրել եւ դրա համար է հրավիրվել ոստիկանության բաժին:

 

 

ԿԵՂԾ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է համացանցում՝ պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող կեղծ օգտատերերին: Ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի եւ «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է տեսանյութ, որում իբրեւ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երեւանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, եւ իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված: Պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը: Պարզվել է նաեւ, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ եւ միաժամանակ վերջիններիս ուղարկել այդ տեսագրությունը:

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ  դատավոր Դավիթ Բալայանի, երեկ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը հետաձգվել է։ Այն հետաձգվել է պաշտպաններից մեկի բացակայության պատճառով։ Նշենք, որ երեկվա դատական նիստին ներկայացվելու էր գործով վկաներին հարցաքննելու դատավարական կողմերի նախընտրելի հաջորդականությունը։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 10-ին։




Լրահոս