Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, իսկ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնում է արդեն 11 զոհի մասին:
ArmLur.am-ը զրուցել է «Երկրապահ» կամավորական միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե մշտապես կապի մեջ են գտնվում եւ անհրաժեշտության դեպքում միանշանակ օգնության կգնան, սակայն միաժամանակ նկատեց, որ հիմա նման անհրաժեշտություն չկա:
-Պարո՛ն Եղիազարյան, հետեւո՞ւմ եք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ինչի՞ հետեւանք եք համարում ադրբեջանական կողմի ագրեսիան:
-Այս փուլում ադրբեջանական կողմը կրկին ագրեսիայի դիմեց, քանի որ տարիներ շարունակ չլուծված հանգույցը պետք է կամաց-կամաց լուծում ստանա: Մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների, եւ Արցախի խնդիրը պետք է միայն ու միայն հաղթանակով ավարտենք: Մենք ուրիշ ճանապարհ չունենք: Ցավալի է, որ արդեն երկու զոհ ունենք, հրաշալի անձնավորություններ: Սակայն մենք պետք է ոչ թե ողբանք դրա համար, այլ վրեժով լցվենք: Ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ պետք էր մեկին հինգ, մեկին յոթ, մեկին տասը պատասխանել, ոչնչացնել, որպեսզի նրանք հասկանային, քանի որ իրենք մենակ այդ լեզուն են հասկանում: Պետք է հասկանալ՝ մենք գործ ունենք քնած մարդու գլուխը կտրող մարդկանց հետ: Այդ մարդիկ են դրանք, կիսավայրենիներ եւ քոչվորներ, իսկ նրանց պետք է ոչնչացնել, երբ նրանք ձեռք են բարձրացնում մեր զինվորների վրա: Ես այդ կարծիքին եմ, իսկ այդ դեպքերը լինելու են, մինչեւ խնդիրը չլուծվի, դրանք շարունակական են լինելու: Արցախյան խնդիրը դարձել է խոց, անընդհատ մեծանում է եւ մի օր պայթելու է: Եթե մի օր այդ խոցը որոշի պայթել, մենք ոչինչ չենք կարող անել, պարզապես պետք է պատրաստ լինենք, որ այդ խոցը մեզ չվտանգի, այլ կարողանանք տեր կանգնենք մեր հողերին:
-Այս օրերին կրկին խոսվում է միջազգային հանրության եւ հատկապես ՀԱՊԿ-ի անհամարժեք արձագանքի մասին: Արդյոք պե՞տք է սպասել արձագանքի, թե՞ պետք է հույսներս մեզ վրա դնենք:
-Գիտեք՝ դեպքերը տեղի են ունենում Տավուշում, ոչ թե Արցախում: ՀԱՊԿ-ը պետք է պարտադիր իր կարծիքն արտահայտի, դատապարտի եւ կոչ անի, որպեսզի դադարեցնեն կրակը: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ի վերջո, եւ դեպքերը տեղի են ունեցել Տավուշում: Եթե դեպքերը տեղի ունենային Արցախում, կարող էին նրանք չխառնվել, բայց Հայաստանն ի վերջո այդ կառույցի անդամ է: Ես կարդացել եմ, որ արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ասել է ՝ վերջ տվեք: Բայց մենք պետք է դրան չսպասենք, մենք պետք է ազգովի ելնենք ոտքի, ով ինչ ունի, վերցնի եւ պատրաստ լինի ամեն ինչի: Այդպես պետք է անենք. թե ինչ կասի Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը կամ Եվրամիությունը, երկրոդական է, մենք պետք է ազգովի պատրաստ լինենք: Պետք է ամեն ինչ ավարտենք միայն ու միայն հաղթանակով:
-Պարո՛ն Եղիազարյան, հիմա կառույցը տեսնում է անհրաժեշտություն օգնելու ՊՆ-ին: Քննարկումներ եղե՞լ են:
-Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի զարգացումների: Մենք ինչպե՞ս կթողենք՝ ադրբեջանցիները մտնեն մեր երկիր: Մենք ոտքի վրա ենք, պատրաստ ենք ամեն ինչի: Բայց առայժմ խնդիրներ չկան, մենք բոլորի հետ կապ ենք պաշտպանում, տղաներին զանգահարել ենք, բոլորը ոտքի վրա են: Բայց դեռ ոչինչ չի ասվել, ոչնչի կարիք չկա, քանի որ մեր զորքերը, մեր զինվորները սահմանները պաշտպանում են դեռ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՌԴ արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանում նոր լարված գործողությունները, առավել եւս պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում՝ ՌԴ-ին, եւ նրանք ամեն ինչ կանեն իրավիճակի հանդարտեցման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանը լարված է. պարբերաբար ադրբեջանական կողմից սադրանքներ են տեղի ունենում: Այս օրվա սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար վերսկսում էր հրետանակոծությունը, որոնք բոլորը թիրախավորվել են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով եւ լռեցվել: Երեկ էլ ադրբեջանական ԶՈւ-ն նաեւ 82 եւ 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չեն եղել, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։
Լուկյանովը մեզ հետ զրույցում բնական համարեց, որ չլուծված հակամարտության գոտիներում կարող են ժամանակ առ ժամանակ լարվածություն լինել: «Այդպիսի գոտիներում իրավիճակի լարում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ քայլեր պետք է կատարի ՀԱՊԿ-ը եւ մյուս կառույցները, ապա դա պարզ է: Նրանք պետք է անեն այն, ինչ անում էին մինչեւ այժմ, փորձեն եւ ձգտեն՝ որքան հնարավոր է շուտ հարթեն իրավիճակը, որովհետեւ լարվածություն կարող է լինել, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, եւ այդ պատճառով բոլորը մաքսիմալ ուժեր կներդնեն՝ իրավիճակի հանդարտեցման համար: Առաջին հերթին այստեղ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, որի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմն ամենավատ սցենարը կարող է լինել: Ես կարծում եմ՝ դիվանագիտական ջանքեր կներդրվեն թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային, ինչպես նախկինում էր, եւ կարծում եմ՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա», – նկատեց նա:
Նշենք, որ երեկ ի սկզբանե հայտարարվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի միջեւ տեղի ունեցած միջադեպերի մասով ՀԱՊԿ-ը պետք է արտահերթ նիստ հրավիրեր, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց: Ֆյոդոր Լուկյանովը նկատեց, որ այդ կառույցում իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով անդամ երկրների հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: «Ես կարծում եմ՝ դժվար է գտնել բոլորի համար ընդունելի հրապարակային կարծիք: Հայտնի է, որ այդ կառույցում ուշադիր են Ադրբեջանի դիրքորոշման շուրջ, չնայած կառույցի անդամ է հանդիսանում Հայաստանը: Այդ պատճառով ամեն ինչ այնքան էլ հեշտը չէ: Բելառուսի դիրքորոշումը միշտ եղել է ընկերական Ադրբեջանի հանդեպ, եւ հիմա ՀԱՊԿ-ը գլխավորում է հենց Բելառուսի ներկայացուցիչը: Այնպես որ, հստակ է՝ հեշտ չի լինի միասնական տեսակետ ձեւավորել, սակայն, կարծում եմ, հայտարարություն կանեն»:
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակառակորդի կողմից կրակոց է արձակվել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գործող ձեռնոցի արտադրամասի ուղղությամբ: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը: «Գործարանի ուղղությամբ չորս կրակոց է արձակվել: Փառք Աստծո, ո՛չ նյութական եւ ո՛չ էլ մարդկային վնաս չենք կրել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարեց արտադրամասի տնօրենը:
Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատողներին էլ, անվտանգությունից ելնելով, ուղարկել են տուն:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԲԱՐԵԿԱՄԸ
Երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Վերջինս Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքից է՝ ծնված 1992 թվականին. նա ամուսնացած է, երեխա ունի: Մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է՝ 1989 թվականին ծնված: Նա ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը հայտնեց, որ հակառակորդի գնդակից զոհված կապիտան Սոս Էլբակյանն իր հարազատն է՝ նշելով, որ այլեւս ոչ մի հարցի չի կարող պատասխանել: ArmLur.am-ը զրուցել է նաեւ Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի ղեկավար Էդուարդ Օհանյանի հետ: Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանն արդեն մեկ տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Լուսակունք գյուղում: «Ամուսնացած է, ունի երկու երեխա, մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք: Գարուշը հիանալի մարդ էր, բարձր արժեքների տեր անձնավորություն»,-նշեց մեր զրուցակիցը:
ԱԱԾ-Ն ՄՏԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ քննչական գործողություններ է իրականացրել Սնանկության դատարանում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ ունեն դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ: