ՊԱՐՏՔԱԽԵՂԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ Հայաստանում զորահանդեսներն անցկացվում են երեք կամ հինգ տարին մեկ անգամ,  անկախության 20-ամյակի զորահանդեսը կարող է դառնալ պատմական` այն առումով, որ  կարող է լինել վերջինը Հայաստանի անկախ Հանրապետության պատմության մեջ: Իսկ դա կարող է տեղի ունենալ ոչ այն պատճառով,  որ մենք, ի վերջո, կդադարենք երկրի ամենակարեւոր տոնը նշել` մեր հարեւաններին «ատամ ցույց տալով», այլ որ  20-ամյակը կարող է լինել մեր անկախության վերջին հոբելյանական տարեթիվը, քանզի եթե այսպես շարունակվի, դժվար թե Հայաստանի Հանրապետությունը «ձգի» մինչեւ 30-ամյակ: Առաջին հայացքից նման կանխատեսումը կարող է ծայրահեղ հոռետեսական համարվել, սակայն իրականում նման տագնապի համար լուրջ պատճառներ կան: Եւ դրանցից գլխավորը Հայաստանի  համար  կարեւորագույն երեք երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ  մեր հարաբերությունների որակն է: Ռուսաստանի մասով ամեն ինչ առավել քան  հստակ է, եւ վերջին զորահանդեսի ժամանակ փողփողացող ռուսական դրոշն  ընդամենը  ֆորպոստի կարգավիճակի  տեսանելի արձանագրումն է:  Այս առումով լավագույն տարբերակը կլինի, եթե առաջիկայում  ռուսները բավարարվեն Հայաստանի զինված ուժերի զորահանդեսներին միայն այդ չափի մասնակցությամբ: Սակայն դատելով ընթացող զարգացումներից` Ռուսաստանն անում է ամեն ինչ` վերջնականապես ոչնչացնելու  համար  Հայաստանի  առնվազն տնտեսական անկախությունը: Ի  հավելումն «Գույք պարտքի դիմաց» ծրագրով արդեն ձեռք բերված  եւ այդպես էլ չաշխատող  բազմաթիվ ռազմավարական նշանակության օբյեկտների` ռուսները որոշել են տիրանալ նաեւ Որոտանի ՀԷԿ-ին: Հատուկ այդ նպատակով առաջիկայում նախատեսվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Պարզվում է` մեր իշխանությունները պատրաստվում են Որոտանի ՀԷԿ-ն էլ  տալ ռուսներին, միայն թե վերջիններս չթանկացնեն Հայաստանին մատակարարվող գազը: Այսպիսով` շարունակվում է Հայաստանի ունեցած չունեցածը «գույք պարտքի դիմաց» Ռուսաստանին նվիրելու գործընթացը, որն, ըստ ամենայնի, կավարտվի միայն այն ժամանակ, երբ գույքը սպառվի: Վիճակը պակաս տխուր չէ նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Բոլորս ենք հիշում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախաշեմին արված  Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի կարծում, որ թուրքերը մեզ կխաբեն, քանզի խաբել մեզ կնշանակի խաբել ԱՄՆ-ին: Բայց պարզվեց, որ ոչ միայն թուրքերը մեզ խաբեցին, այլեւ ամերիկացիները: Եւ նախօրեին Էրդողանի հասցեին Օբամայի շռայլած գովեստի խոսքերն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակելու մեղմիկ հորդորը հենց այդ համատեքստում էին: Ինչ վերաբերում է Հայաստանի ավանդական բարեկամը համարվող Ֆրանսիային, ապա Սարկոզիի գալիք այցելությունն ու տարածաշրջանի երեք երկրներում հանգրվանելու տեւողությունն առավել քան ակնառու կերպով ցույց է տալիս, թե որ երկիրը որքանով է կարեւոր  Ֆրանսիայի համար:




Լրահոս