«ՏԱՐԻՔԻՑ ՄԵԾ ԵՄ ԵՐԵՎՈՒՄ». ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Ոսկե դպրոց» եւ «Դեպի ճամբար» նախագծերից, օրերս նշել է ծննդյան 23-ամյակը: ArmLur.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է, թե արտակարգ դրության պայմանները ինչպես եւ ում հետ է նշել տարեդարձը:

 

«Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ տարեդարձս նշել եմ տանը: Կեսգիշերին տորթով եւ մոմերով  ընտանիքիս անդամների հետ միասին եմ տոնել, իսկ հաջորդ օրը՝ արդեն ընկերներիս հետ: Տանը հավաքավել էինք փոքր կոլեկտիվով, բայց շատ լավ եւ ուրախ ժամանակ անցկացրեցինք, բացի այդ, կեսգիշերին ընտանիքիս անդամները տորթ էին պատրաստել, մոմերը փչեցի եւ ուրախ նշեցինք»,-նշում է նա:

Լիանա Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ յուրաքանչյուր նվեր իր համար թանկ է եւ կարեւոր. «Բոլոր նվերները ցանկալի նվերներ էին, դե հարազատ մարդիկ միշտ գիտեն, թե քեզ ինչ է պետք, ինչ ես դու նախընտրում, եւ միշտ ճիշտ նվերներ են մատուցում: Նվերների մեծամասնությունը եղել է զարդերի տեսքով, ինչի համար շատ ուրախ եմ եւ մեծ հաճույքով կկրեմ դրանք: Ինչ վերաբերում է գումարի տեսքով նվերներին, իհարկե  հաճելի է ստանալ, բայց ինձ թվում է՝ նման նվերներ ավելի շատ տալիս են ընտանիքիդ անդամները, ինչպես այս տարի ինձ տվեցին եղբայրս եւ մայրս, որպեսզի գնեմ այն ամենը, ինչը ցանկանում եմ»:

Խոսելով փոփոխությունների մասին՝  դերասանուհին ընդգծում է, որ իր կյանքում այս տարի նկատելի  փոփոխությունները կլինեն՝ միայն ու միայն լավը:

«Նոր նախագծերի մտքեր ունեմ, կփորձեմ շատ աշխատել եւ նոր էներգետիկայով իմ աշխատանքը ներկայացնել իմ հեռուստադիտողին, իմ հետեւորդներին: Ես առհասարակ չեմ նեղվում եւ դեպրեսիվ չեմ տանում այն հանգամանքը, որ մեծանում եմ, քանի որ ամեն տարիք ունի իր հետաքրքրությունը, եւ ամեն տարիքում դու ինչ-որ կյանք ես ապրում, նոր էմոցիաներ ես ապրում, ինչը շատ հետաքրքիր է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ մի օր մեծանալու ենք: Մի քանի տարի առաջ ինձ բոլորն ասում էին, որ ես իմ տարիքից բավականին մեծ եմ երեւում, այս տարի, ի զարմանս ինձ,  հետեւորդներս զարմացել էին , որ նոր 23 տարեկան եմ դառնում, եւ մտածում էին, թե ես հիմա նոր 20 տարեկան պետք է լինեմ:  Եվ ես էլ հիմա իմ մեջ նկատում եմ, որ հիմա ավելի իմ տարիքի մեջ եմ, քան առաջ էի»,-ասում է նա:

Հարցին, թե ինչպես է հաղթահարում համաճարակը եւ ինչով է զբաղվում այս ամիսներին, մեր զրուցակիցը նշում է. «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝  հետեւում եմ բոլոր անվտանգության կանոններին: Հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս տապին բողոքում եւ դժգոհում են, թե դիմակ կրելը հարմարավետ չէ, բայց հանուն մեր բոլորի առողջության համար պետք է կրենք՝ ավելի շատ մտածելով դիմացինի առողջության մասին, քան սեփական առողջության: Կարծում եմ՝ որքան շատ պահպանենք անվտանգության կանոնները, այնքան ավելի շուտ կնահանջի համավարակը, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքի ռիթմին»:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա  նորություններին, դերասանուհին հավելում է, որ  պատրաստվում է բացել յութուբյան ալիք. «Իմ վիդեոբլոգերները շարունակվելու են, եւ հիմա արդեն մտածում եմ Յութուբում ալիք ունենալու մասին, որպեսզի վիդեոները տեղադրեմ նաեւ այնտեղ, այդկերպ ավելի խորացնեմ, քանի որ այդ գործընթացն ինձ շատ է դուր  գալիս, արձագանքներն էլ բավականին ոգեւորող եւ հաճելի են: Իսկ աշխատանքային նորություններ դեռ չունեմ, նոր նախագծերում հանդես գալու առաջարկներ դեռ չկան, բայց հուսով եմ, որ շուտով կլինեն»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՐԳԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԱՄԵՆԱԹԵԺ  ՇՐՋԱՆՈՒՄ». ՍՈՆԵ ՍԻՎԵՐ

Օրեր առաջ երգչուհի Սոնե Սիլվերը Dj Արնի Ռոքի հետ միասին երկրպագուների դատի է ներկայացրել նոր տեսահոլովակ։ Երգը  կոչվում է «Էլ չեմ սիրում»։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  երգչուհին պատմել է, թե ինչպես են կարանտինային շրջանում  Արնի Ռոքի հետ միասին առցանց տարբերակով ստեղծել  նոր երգը։

«Իրականում երգը ստեղծվել է կարանտինային ամենաթեժ ժամանակաշրջանում։ Երգն առաջարկել է Արնի Ռոքը, եւ առաջին իսկ անգամից սիրահարվել եմ երգին, եւ ինձ հոգեհարազատ է դարձել թե՛ ոճային առումով, թե՛ առհասարակ։ Սիրով ընդունեցի առաջարկը, եւ արդեն երկար տարիներ է, ինչ իրար հետ աշխատում ենք։ Կարծում  եմ՝ հերթական ստացված աշխատանքներից  մեկն է՝ չնայած նրան, որ ոճային առումով նորություն էր Հայաստանում։ Կարելի է ասել, որ այս ժանրի  մեջ  սա առաջինն է Հայաստանում»,-նշել է նա։

Երգչուհու խոսքով՝ թեեւ երեք օր է, ինչ տեղի է ունեցել երգի պրեմիերան, բայց արդեն շատ դրական արձագանքներ է լսել երգի մասին. «Բոլորի արձագանքը ոճային փոփոխության դրական լինելու մասին էր, եւ ես շատ ուրախ եմ, որ դրական արձագանքներ եմ լսում՝ չնայած նրան, որ տեսահոլովակն ամբողջությամբ մինիմալիստական ոճի մեջ է, պարզ ու հասարակ, ինձ շատ հոգեհարազատ վիճակ, ու շատ ուրախ եմ, որ հանրության կողմից ընդունվեց եւ սիրվեց։ Սա առաջին դեպքն էր, որ քննադատությունները շատ քիչ են»։

Երգի աշխատանքները կատարվել են առցանց տարբերակով, կատարվել է շատ դժվարին աշխատանք, բայցեւ երգչուհին ընդգծում է, որ, անկախ հանգամանքներից,  չպետք է հանձնվել եւ պետք է շարունակել ստեղծագործել։

«Կարծում եմ՝ չպետք է հանձնվել եւ կյանքի յուրաքանչյուր շրջանում պետք է հավատքով լցված լինել, քանի որ յուրաքանչյուր  բան ունի իր սկիզբն ու վերջը, եւ այս ամենը նույնպես կվերջանա, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, եւ կարծում եմ՝ այս շրջանում ամենախոցված ոլորտը հենց մեր ոլորտն է, եւ շատ ուրախ եմ, որ մեր գործընկերներն էլ են ուժ տալիս, որ չհուսահատվենք եւ շարունակենք ստեղծագործել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Նիկ Եգիպյանին,  եւ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ միասին աշխատել են տեսահոլովակի ստեղծման համար»,-եզրափակում է  Սոնե Սիլվերը։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ

Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերներն առաջին մարզումն է անցկացրել իր նոր ակումբի՝ Լոնդոնի «Չելսիի» կազմում: Գերմանիայի հավաքականի  24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կնքել էր հինգ տարվա պայմանագիր։

Լոնդոնյան ակումբը Վերների համար վճարել էր նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն Իտալիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ շնորհավորել է Թուրինի «Յուվենտուսին» եւ ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: «Շնորհավորում եմ «Յուվենտուսին» Իտալիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:  Կրիշտիանու Ռոնալդուն մեզ բոլորիս ապացուցում է, որ հաջողությունը միշտ նրանն է, ով սիրում է իր աշխատանքը»,-ասել է Պելեն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 36-րդ տուրում հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ եւ 9-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն:

 

ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Հայաստանի պատանեկան Մ19 տարեկանների հավաքականը երեկ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոա» ակումբի հետ։

 

ՎԵՐՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԸ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն այս տարի կարող է իր վերջին մենամարտը անցկացնել: «Նուրմագոմեդովին UFC-ում մնացել է անցկացնելու 2 մենամարտ: Կասկած չկա, որ նրա առաջիկա մրցակիցը լինելու է Ջասթին Գեթժին, սակայն մենք չգիտենք, թե նրանից հետո ում հետ կմենամարտի Խաբիբը: Հնարավոր է՝ Նուրմագոմեդովի մրցակիցը լինի Քոնոր Մաքգրեգորը, կարող է լինել նաեւ Սեն-Պյերը: Մենք հրաժեշտի մենամարտ կկազմակերպենք նրա համար»,-ասել է  Ուայթը:

Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի եւ Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:

 

 




Լրահոս