Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի ու առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքով՝ փոփոխությունները միտված են հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը, իսկ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:
Զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաեւ կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը: Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչեւ 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է:
Փոփոխությունների շրջանակում գնահատվել են նաեւ այն 8 կարողությունները, որոնք կարող են նկարագրել քաղաքացու տեսլականը դպրոցի ավարտին: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» առարկաները:
Մշակվել է վերը նշված փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը: Նշվել է, որ փոփոխությունները քննարկվել են նաեւ հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք իրենց հերթին եւս հանդես են եկել առաջարկություններով:
Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021 թվականին, եւ 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:
Վարչապետը կարեւորել է հանրակրթության որակի բարձրացման ուղղությամբ հետեւողական բարեփոխումները եւ ընդգծել դպրոցներում դասավանդվող օտար լեզուների ընդլայնմանը, աշակերտների կարողությունների զարգացմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: «Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական պատկերացումներին»,- նշել է վարչապետը՝ կարեւորելով նաեւ հանրակրթության ոլորտում փոփոխությունների իրականացումը մինչ այժմ կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին համահունչ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաեւ նախագծերի հետ կապված տանել հանրային իրազեկման լայն աշխատանք:
Երեկ այս թեմայով նաեւ ասուլիս է տեղի ունեցել, որին մասնակցել է Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «Ի վերջո, մայիսի 12-ին բազմաթիվ փորձերից հետո ես կարողացա հանդիպել այսօրվա փոխնախարար տիկին ժաննա Անդրեասյանի հետ եւ դարձյալ դնել այդ հարցն իրենց առջեւ՝ ձեւավորեք ենթահանձախումբ, որպեսզի մենք աշխատենք, այլապես միակողմ աշխատանքն աբսուրդ է: Որովհետեւ մենք չենք ստեղծվել ինքնուրույն գործելու համար, մենք ստեղծվել ենք պետական զուգահեռ հանձնախմբի հետ աշխատելու համար:
Մայիսի 12-ին տեղի ունեցավ այդ հանդիպումը, ինչը տիկին փոխնախարարը հետո ներկայացրեց իբրեւ համագործակցության օրինակ, մինչդեռ դա նույնիսկ քննարկում չէր, այլ պարզ զրույց եւ շատ սիրալիր զրույց: Դրանից հետո մինչեւ այսօր մենք դարձյալ սպասում ենք այդ ենթահանձնախմբի ձեւավորմանը», – նշեց նա:
Ն.Պ.