ՉԻՆԱՐԻՈՒՄ ԶՐՈՅԻՑ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացմանը, ինչպես նաեւ հանրային դպրոցների անվտանգության բարձրացման եւ բարեկարգման աշխատանքների իրականացմանը պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2020 թվականի ինն ամսում հատկացնել 277,618.7 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով): Այս որոշումը ընդունվել է երեկ՝ կառավարության նիստում:

2020 թվականի հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետեւանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302,618.7 հազար դրամ, որից 25,000.0 հազար դրամը ՀՀ կառավարության 23.07.2020թ. թիվ 1237-Ն որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է: Նախատեսված 277,618.7 հազար դրամ գումարից 274,737.8 հազար դրամն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին, իսկ 2,880.9 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության իրականացմանը:

Եվ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ է 277,618.7 հազար դրամ, որից 110,581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի դպրոցների հիմնանորոգմանը եւ ապաստարանների նորոգմանը, իսկ 82,680.0 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման եւ Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման եւ տարածքի բարեկարգմանը:

ՀՀ կառավարության որոշման նախագծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից:

Սահմանամերձ համայնքների շենք-շինությունների վերականգնման համար գնումների մրցույթը թույլատրվել է կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով։ Երկու շաբաթ առաջ կառավարությունը այս նպատակով եւս 25 միլիոն դրամ էր հատկացրել Տավուշի մարզպետարանին։

Բացի այդ, կառավարության նախորդ նիստին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.03724 հա հողամասը հետ կվերցնեն «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով «Թումո» շարժական կենտրոն կառուցելու համար, ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: ««Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Տարածքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շահագրգիռ կողմերը տվել են դրական եզրակացություն, ինչպես նաեւ Տավուշի մարզում, մասնավորապես՝ սահմանային Բերդում «Թումո» կենտրոն ունենալու կարեւորությունը՝ առաջարկվում է 0.03724 հա հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին»,- նշեց նախարարը։

Ն.Պ.

 

 

 

ԻՆՔՆԱԹԻՌ ԿՄԵԿՆԻ ԲԵՅՐՈՒԹ՝ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը: Նա մասնավորապես ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Այնուհետեւ Փաշինյանը ընդգծել է, թե Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: «Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական եւ մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը:

 

Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական եւ մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը եւ հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արեւելքում հայկական ներկայության կարեւորագույն կենտրոն», – նշել է վարչապետը:

Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ իրենք այս դժվարին պահին չեն կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի եւ Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության եւ համայնքային կառույցների հետ: Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում եւ առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում (www.himnadram.org հասցեով)», – հավելել է վարչապետը:

«Ասեմ նաեւ՝ այսօր քննարկեցինք եւ որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու եւ մեզ ներկայացնելու: Պարո՛ն Ավինյան, այս ընթացքում մենք արդեն որոշակի նախապատրաստվել ենք՝ ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ: Արդեն իսկ որոշվա՞ծ է ամեն ինչ»:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Այո, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, եւ այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, եւ կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ ամբողջական կունենանք եւ՛ այն օգնության չափաքանակն ու տեսակը, եւ՛ ժամկետները: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը: Մի քանի տարբերակներ այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, եւ շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»:

Ն.Պ.

 

 

1-2 ԱՄԻՍ ԿԱՇԽԱՏԻ

2020թ. հուլիսի 27-ին առոդջապահության նախարար  Արսեն Թորոսյանն  իր հրամանով կասեցրել  է «Աչաջրի առողջության  կենտրոն» ՊՈԱԿ-ին Առողջապահության նախարարության կողմից 2003թ. նոյեմբերի 5-ին տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի հիվանդանոցային՝ մանկաբարձական գործունեությունը։  Հրամանում նշված է, որ Աչաջրի առողջության  կենտրոնի ուսումնասիրությունից պարզվել է, որ մանկաբարձական  բաժանմունքը չունի մանկաբարձական վիրահատարան եւ  միջամտությունների սենյակ, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջներին։ Հրամանի մեջ նշված է, որ այն կարող է բողոքարկվել  ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաեւ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան։ Աչաջրի առողջության կենտրոնի  տնօրեն Կորյուն Վարդապետյանն ասաց, որ  առողջության կենտրոնը չունի վիրահատարան եւ անզգայացնող բժիշկ, իրենք  աշխատում էին դրանք ունենալու ուղղությամբ, սակայն կորոնավիրուսի համաճարակը խանգարեց։ Նա ասաց, որ վիրահատարան ունենալու համար մի քանի աչաջրեցիներ հանգանակություն են սկսել։ Նախկինում Կ. Վարդապետյանը հայտարարել  է, որ Աչաջրի ծննդատան փակվելու դեպքում ինքը կտեղափոխվի հանրապետության այլ կլինիկա։ Նա հայտնեց, որ ինքը առայժմ  հղիների խնդրանքով 1-2 ամիս կմնա Աչաջրի առողջության կենտրոնում՝ այդտեղ գրանցված շուրջ 100 հղիներին բժշկական ծառայություն տրամադրելու համար։

 

ՀԱՎԵԼԱԳՐԵԼ  Է ԴԻԶՎԱՌԵԼԻՔ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Սամվել Թադեւոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ  զորամասերից մեկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի պետի տեղակալ, 2019թ. մայիսի վերջին՝ նույն ուսումնական կենտոնի  ՎՔՆ պահեստում դիզվառելիքի պակասորդ հայտնաբերվելուց հետո, չարաշահելով պաշտոնեական դիրքը, պակասող դիզվառելիքը լրացնելու անձնական այլ դրդումներով 2019թ. մայիսի 29-31-ը ներառյալ Դիլիջանի ուսումնական կենտրոնում ՀՀ  ՊՆ զորամասերից մեկի տանկային վաշտի կողմից  մեքենավարման եւ հրաձգության անցկացված պարապմունքների վերաբերյալ 2019թ. մայիսի 29-ին  կազմված  պաշտոնական  փաստաթուղթ հանդիսացող թիվ  53 ուղեգրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ կրակային եւ մեքենավարման պարապմունքների ընթացքում  362 հազար 261 ՀՀ դրամին համարժեք 1009 լիտր դիզվառելիք ծախսելու փոխարեն ուղեգրում հավելագրել է 116 հազար ՀՀ դրամին համարժեք եւս 324  լիտր  դիզվառելիք, որի միջոցով լրացրել է ՎՔՆ պահեստում առկա դիզվառելիքի պակասորդը։ Ս. Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով եւ 376 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս