Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել և առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Ավելին, խմբակցությունը նաեւ առանձին հաշվարկ է ներկայացրել: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործում են 197 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ աշխատում են թվով 3170 ուսուցիչներ: Նշված հաստատություններում դրույքների ընդհանուր թիվը կազմում է 3070.9, իսկ յուրաքանչյուր դպրոցին բաժին ընկնող դրույքների թիվը` 15.7:
Մեկ ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 0.96 դրույք, իսկ միջին ամսական դրույքաչափը` 108655.3 ՀՀ դրամ: Առաջարկվող արտոնության տրամադրման դեպքում սահմանամեձ շրջանների ուսուցիչների եկամտային հարկի գումարի տարեկան չափը կկազմի 396791770.8 ՀՀ դրամ/108655.3×0.96x3170x10%x12ամիս/, իսկ պակաս հավաքագրվող եկամտային հարկի չափը` 2021 թվականի համար կկազմի 476150124.9 ՀՀ դրամ, 2022 թվականին` 436470947.8 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին եւ հետագա տարիներին` 396791770.8 ՀՀ դրամ :